Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտուշ Հակոբյան. «Դուխդ չգցես, այ հեր» (Տեսանյութ)

Մայիս 12,2015 14:22

Վերաքննիչ քրեական դատարանը ոստիկանների պակաս այսօր չէր զգում:

Հավաքվել էին դատական նիստերի դահլիճում գտնվող խոսափողերը, անվտանգության միջոցառումները նախապես էին արվել:

Պատճառը «Բանդայի գործով» դատական ակտի հրապարակումն էր. ոստիկաններն առաջին ատյանում այս նույն գործով դատավճռի հրապարակման ժամանակ խնդիրներ ունեցան, էլ չենք խոսում՝ ամբաստանյալների ինքնավնասման մի քանի դեպքերի մասին:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի դատավճիռը, մերժեց Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի եւ Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքները:

Հրապարակման պահին ներկա չէին ոչ Հովիկ Արսենյանը, որն իրականացնում էր Արտուշ Հակոբյանի պաշտպանությունը, ոչ մեղադրող Սասուն Խաչատրյանը, ոչ էլ այն տուժողները, ովքեր այս գործով ավազակային հարձակման պատճառով առանձնապես խոշոր չափի գումարներ եւ ոսկեղեն են կորցրել:

Արտուշ Հակոբյանը դատական ակտը լսելուց հետո դիմեց հորը՝ Սուրեն Հակոբյանին. «Այ հեր, դուխդ հանկարծ չգցես»:

Ի դեպ, վերաքննիչ բողոքում Արտուշ Հակոբյանի պաշտպանն անդրադառնալով հոր վրա ազդելուն՝ գրել էր. «Զարմանալ կարելի է, որ առաջին ատյանի դատարանը դատավճռում քննարկման առարկա է դարձրել իբր մեղադրողի այն միջնորդությունը, թե Արտուշ Հակոբյանը հայտարարություն արեց, որ անհայտ անձինք փորձել են դրդել հորը, որ վերջինս կաշառք տա ոստիկանության աշխատակիցներին, եւ այն օգտագործեն իբրեւ կեղծ ապացույց: Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարանը խեղաթյուրել է ներկայացվածը, այնքանով, որքանով որ դեռեւս նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, հայտնելով առկա իրական վտանգի մասին: Միաժամանակ ներկայացրել էր այն բջջային հեռախոսահամարը, որից ներկայացվել է անհայտ անձը եւ փորձել դրդել Ա. Հակոբյանի ծնողին՝ գնալ նման քայլի: Սակայն զարգացում չի եղել»:

Ա. Հակոբյանը եւ մյուսները մեղադրվել էին ավազակային հարձակումներ կատարելու, կայուն կազմակերպված խումբ ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու համար:

Այս գործով տուժողներն էին՝ Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը, Էդուարդ Բեզոյանը, Ատոմ Ղազազյանը: Առաջին ատյանում նրանք խոսեցին իրենց անհամար հարստությունները կորցնելու մասին, իսկ իրեղեն ապացույցների մեջ միայն դիմակներ էին, որով կատարվել էին իբրեւ հարձակումները, կես շիշ օծանելիք՝ Նապոլեոն Ազիզյանի բնակարանից առգրավված, եւ ուրիշ ոչինչ:

PrevPhoto
NextPhoto

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031