Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ակտիվիստների «բերանը փակելու» նոր միջո՞ց են գտել

Մայիս 14,2015 17:40

ՀՀ վարչական դատարանը բավարարեց քաղաքացիական ակտիվիստի կողմից ընդդեմ ոստիկանության ներկայացված հերթական հայցը: Այս անգամ բավարարվել է քաղաքագետ, քաղաքացիական ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության։ Այն վերաբերում էր 2013-ի օգոստոսի 24-ին Տեր-֊Գրիգորյանին` ի թիվս այլ ակտիվիստների, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից բերման ենթարկելուն և ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին:

Նշենք, որ 2013-ի օգոստոսի 24-ին Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ ներքաղաքային տրանսպորտի թանկացման բողոքի ակցիային: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները Տեր-Գրիգորյանին ձերբակալել և տարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ուստի Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանության` պահանջելով ճանաչել իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը և ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները:

Aravot.am-ը Բաբկեն Տեր-Գրիգորյանից հետաքրքրվեց` հայցի բավարարումը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում իրոք կա արդարադատությո՞ւն, թե՞ սա պարզապես իշխանությունների կողմից ընտրված նոր մարտավարություն է: Նա պատասխանեց. «Մեր պարագայում ապացույցներն այնքան ակնհայտ էին, որ նույնիսկ ամենակոռումպացված դատարանը չէր կարող այդ ապացույցների պարագայում հայցը չբավարարել»:

Խնդրեցինք մի քանի «ակնհայտ» ապացույց ներկայացնել: Բաբկեն Տեր-Գրիգորյանը որպես օրինակ` բերեց այն, որ ոստիկաններն իրենց բերման են ենթարկել 182-րդ հոդվածով` ոստիկանի պահանջը չկատարելու համար: Մեր զրուցակիցը մանրամասնեց. «Առաջին հերթին ոստիկանը պետք է օրինական պահանջ ներկայացնի և եթե դրան չհետևեն, նոր կարող են այդ հոդվածով բերման ենթարկել: Բայց մենք վիդեոկադրեր ունենք, որ նման բան չի եղել: Ազատ հավաքի ու խոսքի իրավունքների խոչընդոտումը ամեն դեպքում օրինական պահանջ լինել չի կարող: Ակնհայտ էր, որ ոստիկանները ոչ իրավաչափ են գործել»:

Նշենք, որ նույն կադրերը դատարան են ներկայացնում նաև այլ քաղաքացիական ակտիվիստներ, սակայն նրանց հայցերը չեն բավարարվում, իսկ Բաբկենի արդեն երկրորդ հայցն է բավարարվում: Նա այս մասին ասաց. «Մեր դատական համակարգն այդքան միտումնավոր կազմակերպվածություն չունի, նրանց ինտելեկտը չէի գնահատի այդպես: Բայց հաստատ մի բան կա, որ որոշել են մի խումբ մարդկանց չբավարարել, մյուսներին բավարարել»:

Մեր այն դիտակմանը` գուցե իրենց բերանը փակելու նոր միջո՞ց են գտել, Բաբկեն Տեր-Գրիգորյանն արձագանքեց. «Մեր բերանը կարողանում են փակել հենց այն պահին, երբ ոչ իրավաչափ կերպով մեզ բերման են ենթարկում, մեր հավաքն ու խոսքը կոնկրետ այդ պահին, որ կարևոր է, կարողանում են կասեցնել: Ոստիկանությանը նույնիսկ չի էլ հետաքրքրում հետո եղած հետևանքները: Դա իրենց գործից դուրս է: Իրենց գործն այդ պահին մեր ակցիաներին խոչընդոտելն է: Դատարանը հետո ինչ որոշում էլ կայացնի, մեկ է, իրենք իրենց արդյունքին հասած եմ»:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ իրենք արդեն ունեն դատական որոշումներ, և ոստիկանությունը չի կարող նույն կերպ ոչ իրավաչափ վարվել իրենց հետ: Միևնույն ժամանակ նշեց, որ նոր աշխատաոճ են որդեգրել. քրեական հոդվածով են բերման ենթարկում, ինչը ավելի է դժվարացնում գործը: Սակայն Բաբկեն Տեր-Գրիգորյանը վստահեցրեց, որ ինչ էլ անեն, միևնույն է իրենց պայքարը շարունակվում է, և «ակտիվ քաղաքացին մնում է ակտիվ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031