Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ապրեինք նորմալ պետությունում, արցախահայության վերադարձը հայրենիք կլիներ մեր քաղաքական օրացույցի օրակարգը». Տիգրան Խզմալյանը՝ 2023թ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանի վճռի մասին

Նոյեմբեր 17,2026 21:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երեք տարի առաջ՝ նոյեմբերի 17-ին, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը մի կարևորագույն վճիռ կայացրեց, ըստ որի՝ արցախահայությունը միջազգային իրավունքով իրավունք ունի և պետք է հնարավորություն ունենա ազատ և անվտանգ վերադառնալու իր հայրենիք՝ իր տները, իր տաճարները, իր գերեզմանները, իր սեփականությունը վերադարձնելու։ Եվ եթե մենք ապրեինք նորմալ ժամանակներում, նորմալ պետությունում, մեր քաղաքական օրակարգում և օրացույցում դա կլիներ կարևորագույն քաղաքական իրադարձություն»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Aravot.am-ին ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ այդ առիթով Հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանի և Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ միասին գրասենյակի ներկայացուցչին համատեղ շնորհակալական նամակը հանձնելուց առաջ։

«Բայց տեսնում ենք, որ քչերն են գիտակցում այս իրադարձության կարևորությունը։ Մեր նամակի բովանդակությունն այն է, որ մենք ուզում ենք նախ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի արդարադատության դատարանին։ Բացի դա, մենք սրանով ուզում ենք ևս մեկ անգամ մեր հասարակության և միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրել, որ արցախահայությունը ունի իր հայրենիք վերադառնալու՝ միջազգային օրենքով հաստատված իրավունք։ Եվ մենք ի հեճուկս Հայաստանի իշխանությունների կրավորական, պարտվողական և հակաիրավական դիրքորոշման պնդելու ենք ազգի և մարդու իրավունքը»,- ասաց Տիգրան Խզմալյանը։

Հարցին, թե այդ փաստաթղթի պատմական նշանակությունն ու կարևորությունը արդյո՞ք, առաջին հերթին, իշխանությունը չպետք է հասկանա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա առաջին հերթին պետք է հասկանա ժողովուրդը և արցախահայությունը։ Ես հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Եվրամիությունը Հայաստանին աջակցելու որոշում ընդունելով՝ հատուկ նշեց, որ դիմում է Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե Հայաստանի կառավարությանը, Հայաստանի իշխանություններին։

Որովհետև ոչ միայն սահմանադրական իմաստով ժողովուրդն է իշխանության կրողը, այլ նաև այն, որ հատուկ է նշվել հայ ժողովրդի եվրոպական ձգտումները։ Սա ոչ միայն եվրոպական ձգտում է, սա ձգտում է՝ հաստատել օրինականությունը նախ և առաջ Հայաստանում և միջազգային հարաբերություններում։ Հիմա այդ արդարադատությունը ոտնահարված է։ Բայց դա երբեք չի կարող տևել հավերժ։ Մենք երևի կոչված ենք հիշեցնելու դա նախ ու առաջ մեր ժողովրդին, արցախահայությանը։ Նաև իշխանություններին, իհարկե»։

Արթուր Օսիպյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ այսօր Հայաստանը և Ադրբեջանը խոսում են փոխադարձաբար միջազգային հայցերից հրաժարվելու մասին, որքանո՞վ իրատեսական է արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ասաց. «Դա իրականում վտանգ է Հայաստանի համար։ Եվ անկախ նրանից, թե միակողմանի զիջումների ինչպիսի քաղաքականություն է որդեգրել Հայաստանի իշխանությունը, հասարակության տարբեր շերտերը, քաղաքական ուժերը պետք է պայքարեն, որովհետև սա է անվտանգության միակ լեգիտիմ երաշխիքը»։

Արսեն Սարգսյանն էլ հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի, Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներում սանձազերծած կարճատև պատերազմի ընթացքում թշնամին օկուպացրել է ՀՀ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մոտ 300 քկմ սուվերեն տարածք և մինչեւ հիմա դուրս չի եկել։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել