Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձեց մեկուսացնել Սամվել Կարապետյանին, բայց ընդդիմադիր ուժերը համախմբվեցին։ Նրանք միասնական ճակատով հանդես գալու ոչ հրապարակային երդում են տվել». Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 17,2026 22:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Շատ վճռորոշ մի փուլ ենք թևակոխում, և Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ հետո էլ չի լինելու իշխանության»,- ասաց ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով ընդդիմադիր քաղաքական դաշտի միավորման մասին։

«Սա ասում եմ վստահ, որովհետև մի գիծ, մի ռուբիկոն ենք անցնում, որտեղ կամ պիտի ազգային ուժերը կառավարեն երկիրը, կամ այս խուժանները փորձեն երկիրը գլորել և տանել անդունդը։ Եվ ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում։ Միասնական ընդդիմադիր ճակատը բավականին լուրջ հարթակ է ստեղծում հետագա ավելի արդյունավետ աշխատանք կատարելու ուղղությամբ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդվզում է մեր ազգային արժեքների, եկեղեցու դեմ։ Ամենուր բռնություններ են, և այդ բռնության ցցուն օրինակը նաև Սամվել Կարապետյանն է, որը կրկին կալանավորվեց այն օրը, երբ պետք է տեղի ունենար ընդդիմության ուժերի հանդիպումը։ Դա երկար ժամանակ քննարկվել և օրը որոշվել էր։ Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկուսացնել Սամվել Կարապետյանին, սակայն ընդդիմադիր ուժերը համախմբվեցին։ Եվ նրանք միասնական ճակատով հանդես գալու ոչ հրապարակային երդում են տվել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

«Ես չեմ պատկերացնում որևէ ուժ, որը չի գիտակցում պահի լրջությունը։ Այս ընթացքը կասեցնելու, բեկելու, ալիևյան սահմանադրությունը չեղարկելու և ի վերջո այս իշխանություններին վռնդելու այլընտրանքը չկա։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, շատ ու շատ հասարակական, քաղաքական գործիչներ, Սրբազան հայրեր, գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, զինվորականներ գտնվում են տարբեր խափանման միջոցներում։ Նրանք գտնվում են ԱԱԾ մեկուսարանում և պահվում են հատկապես ընդդիմադիր գործիչների համար իշխանությունների կողմից ստեղծված խայտառակ, անմարդկային, անտանելի այնպիսի պայմաններում, որտեղից կամ այդ մարդուն պետք է տանել գերեզմանատուն, կամ լավագույն դեպքում, եթե փրկվելու շանս կա, հիվանդանոց։

Ընդդիմադիր ճակատը ձևավորված է, նորանոր ուժեր, քաղաքական գործիչներ միանում են շարժմանը։ Մենք կիրակի օրը հնարավորություն ունեցանք մեր հայրենակիցների տրամադրությունը շոշափելու նպատակով շփվելու քաղաքացիների հետ։ Ես հավաստիացնում եմ՝ հարյուրավորների հետ ենք հանդիպել, և այդ հարյուրավորների մեջ ընդամենը մի մարդ եղավ, որը երկակի տպավորության մեջ էր։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պարզ հասկանում է, որ սա Ալիևի կողմից թելադրված օրակարգ է, Նիկոլ Փաշինյանն էլ սպասարկում է թշնամի պետության շահերը։

«Ես»-ի գործոն այլևս չկա։ Կա «Մենք»-ի գաղափարը։ Սահմանը գծված է, որի մի կողմում Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը, ՔՊ-ն են, մյուս կողմում՝ պատվախնդիր հայ ժողովուրդը։ Պետք է վերջ տրվի ընդդիմադիր գզվռտոցներին, մեկը մյուսին բան ապացուցելուն։ Այլևս որևէ մեկը, եթե փորձի սեպ խրել, կոնսոլիդացիայի համար խնդիրներ ստեղծել, նա ուղղակի կսպասարկի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30