Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության իր նպատակային գործունեությունն ուզում է սկսել ընդդիմության փոփոխությունից. «Հայոց աշխարհ»

Հունիս 02,2015 12:49

Դժվար չէ նկատել, որ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները որոշակիորեն մաքսիմալիստական են. «Այսօր Հայաստանում ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի կուսակցություն, որը մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում, այլ հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով՝ ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դա նորմալ է. ցանկացած քաղաքական կուսակցության նպատակը իշխանության գալն է: Սակայն այստեղ, կարծես թե, կան որոշակի նրբերանգներ, մանավանդ որ առաջին անգամը չէ, որ որեւէ քաղաքական ուժ, թեկուզ՝ նորաստեղծ, խոսում է իշխանափոխության մասին:

«Արել ենք դառը, չափազանց կարեւոր մի եզրակացություն՝ անկախ խոստումների քանակից եւ հաճախականությունից, Հայաստանում իշխանափոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Այսօրվա համաժողովն այդպիսի գործընթացի մեկնարկն է ազդարարում»,- նշեց Փաշինյանը:

Կարելի է ենթադրել, որ նորաստեղծ կուսակցությունն իշխանափոխության իր նպատակային գործունեությունն ուզում է սկսել ընդդիմության փոփոխությունից: Համենայն դեպս «Քաղպայմանագրի» առաջիկա մեծ թիրախը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են լինելու: Սակայն ոչ միայն:

Ըստ Ն. Փաշինյանի, առաջիկայում, պարզ բան է, նախ՝ ձեւավորվելու են կուսակցության տարածքային ու սկզբնական կենտրոնները, այն նկատառմամբ, որ բոլոր ընտրատեղամասերում իրենք ունենան վստահված անձանց թիմ: Բայց շատ ավելի հետաքրքիր է այն շեշտադրումը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է առաջադրել համայնքի ղեկավարների, ավագանու անդամների թեկնածուներ:

Սա արդեն որոշակի տարբերություն է Հայաստանի այլ ընդդիմադիր ուժերի իներտ մոտեցումից, քանզի նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ավելի ճիշտ, շատ պասիվ են մասնակցության հարցում: Գոնե հռչակած ծրագրային մոտեցմամբ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձելու է նոր մոտեցում որդեգրել, ինչն արդեն ողջունելի է:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930