Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է ապրել, երբ «երեսով են տալիս» աշխատանքդ, հավատքդ, նույնիսկ՝ աղջիկ լինելդ»

Հունիս 02,2015 13:45

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ա նշանակում տարիներով հանգիստ չքնել կամ հարազատ հոր մահը ցանկանալ: Չեք պատկերացնի: Այո, մեղք եմ գործել, որ մահ եմ ցանկացել, բայց երբ ծնողդ կյանքդ դժոխք է դարձնում, ու դու փոքր երեխա ես, ամեն օր տեսնում ես, թե ոնց է հայրդ մորդ ծեծում, այլանդակություններ անում, հայհոյանքներ տալիս աջ ու ձախ, սեփական երեխեքին, ուզում ես վերանա էդ մարդը քո կյանքից»,- 23-ամյա գեղեցկադեմ, շեկլիկ, ջինջ կապույտ աչքերով Անուշիկն է (անունը փոխված է) պատմում: Նա ասում է՝ հիմա ինքը փոխվել է, հոր մահը չի ցանկանում, բայց հայրը չի փոխվել կամ էլ՝ քիչ է փոխվել, բայց էլի իր, քրոջ ու մոր նկատմամբ բռնություններ է գործադրում ու երբեմն ավելի դաժան է լինում, երբ հարբած է լինում:

Փոքր ժամանակ, երբ մայրն աշխատանքի էր լինում, Անուշիկը մորն օգնելու համար տնային թեթեւ գործեր էր անում: Մի անգամ էլ՝ 14 տարեկանում, այս աղջնակն ինչ-որ ապուր էր պատրաստել, ինքն իրենով հպարտ էր, կարծում էր՝ այն շատ համեղ էր ստացվել, ու հենց հայրը տուն է եկել, ոգեւորված հյուրասիրել է նրան. հայրը հենց առաջին գդալից ապուրով ափսեն նետել է դստեր վրա. «Մի քիչ աղի էր ստացվել, ու հենց դրա համար վերցրեց շպրտեց վրաս: Մորս բան չասեցի, խեղճն առանց էդ էլ ամեն օր տանջվում էր հորս ձեռը: Ամեն ստից բանի համար մորս կարող ա խփեր, առանց պատճառի էլ կարա խփի: Բայց որ խմած ա լինում, իսկ ինքը չասեմ՝ ամեն օր, բայց շատ հաճախ ա խմած լինում, ես ու քույրս աշխատում ենք աչքից հեռու լինենք, որովհետեւ եթե անգամ, ասենք՝ հայացքս իրան դուր չգա, կգա, կկպնի, կսկսի քաշքշել, հայհոյել: Էլ չեմ ասում, որ մերս հանկարծ ասի՝ էլի խմե՞լ ես, վերջ, մեր տանը պատերազմը սկսվում է»: Անուշիկը պատմում է, որ հայրը չարդուկած վերնաշապիկի համար մորն այնպես է ծեծել, որ մայրը մեջքի ցավերից 2 օր չէր կարողանում քայլել. «Ճիշտ ա, երեւի մի 5 տարի առաջ ա եղել էդ դեպքը, բայց չեմ կարում մոռանամ: Էդ «սարոչկայի» համար նենց ծեծեց մորս, մազերից բռնած քարշ տալով տարավ սենյակ, որ չգնացի տեսնեմ՝ ոտքերով խփում ա, մեջ ընկա, հորս բրթեցի մի կողմ, բայց ինչքան ուժ ուներ՝ ինձ էլ խփեց: Քույրս էդ ժամանակ 14 տարեկան էր, դե, կարելի է ասել, արդեն հասուն, բայց էդ տարիքում վախից՝ նստած տեղը միզել էր տակը: Էնքան եմ ասել՝ այ մամ, արի թողենք գնանք, սա ի՞նչ կյանք է, մերս էլ միշտ պատասխանում էր՝ այ բալա, ո՞ւր գնանք, տեղ չունենք գնալու: Իրոք, տեղ չունեինք գնալու»:

23-ամյա աղջկա վստահեցմամբ՝ ոստիկանություն մտքներովն էլ չի անցել դիմել, կարծում են՝ ամոթ է, ու առանձնապես օգուտ էլ չի լինի: Անուշիկն ասում է՝ վերջերս հոր կողմից բռնությունները նվազել են, որ հարբում է, մի քիչ գոռգոռում է, հայհոյում, բայց նախկին հաճախականությամբ ծեծուջարդի չի վերածվում. «Ոնց որ էլ հավես չունենա առաջվա պես օրումեջ կռիվ ու ծեծ սարքի, հիմա խմած ժամանակ քունը շուտ տանում ա, բայց մեկ ա, էլի լինում են ծեծեր»:

Դպրոցն ավարտելուց հետո Անուշիկը վարսավիրություն է սովորել, բայց շատ կարճ ժամանակ է աշխատել որպես վարսավիր, հետո սկսել է սրճարանում մատուցող աշխատել: Սկզբում շատ դժվար էր, երբեմն խառնում էր հաշիվը՝ մի հաճախորդին մեկ այլ հաճախորդի հաշիվն էր ներկայացնում այդ գործում դեռ անփորձ աղջիկը. մի անգամ էլ սուրճով բաժակն անզգուշությամբ շուռ է եկել հաճախորդի վրա: Այսպիսի բաները սրճարանի տնօրենին զայրացնում էին, մեղադրում էր, թե՝ «Էս աղջկեքը միշտ սենց դանդալոշ են լինում, տղա «աֆիցանտներն» ավելի ճարպիկ են»: Անուշիկի պատմելով՝ մի քիչ ձեռքը բացվելուց հետո մեկ ուրիշ սրճարանում սկսեց աշխատել, արդեն 4-5 սրճարան է փոխել, ներկայիս աշխատավայրից գոհ է, միայն թե երբեմն լինում են այնպիսի հաճախորդներ, որ Անուշիկի խոսքերով ասած՝ իրեն «ուրիշ աչքով են» նայում: Անուշիկի կարծիքով՝ որքան էլ մեր հասարակությունում որոշ կարծրատիպեր կոտրվում են, այնուամենայնիվ, կա մի զանգված, որի համար «տան աղջիկը» չպիտի մատուցող աշխատի. այդպիսի վերաբերմունք Անուշիկն իր մաշկի վրա է զգացել:

«Աշխատանքս շատ ուշ ժամի է վերջանում, պատահել է, որ գործից գիշերվա ժամը 12-ին եմ տուն եկել: Մեր հարեւանները մորս ասում են՝ բա ո՞նց ես թողնում, որ աղջիկը տենց ուշ ժամի տուն գա, էդ ի՞նչ գործ ա որ: Հարեւաններից մեկն էլ մի օր ինձ ասեց՝ աղջիկ ջան, նորմալ աղջկա գործ չկա՞, որ «աֆիցանտ» ես աշխատում, էդ աղջկա գործ չի, որ դու անում ես: Ինչ ասես՝ խոսում են մարդիկ: Ճիշտ ա, նեղվում եմ էդ տեսակ խոսակցություններից, բայց ճարս ի՞նչ, լավ ա, որ գործ եմ գտել»,- պատմում է Անուշիկը:

Նրա մայրը հավաքարար է աշխատում, քույրն էլ ուսանող է, իսկ հայրը չի աշխատում ու մոր աշխատավարձը, ճիշտ է, ոչ ամբողջությամբ, բայց ձեռքից վերցնում է: Հայրը մի քանի անգամ էլ Անուշից է խլել աշխատավարձը, սպառնացել է՝ «Ջոգել եմ՝ մորդ սովորացրածն ա, հեսա տուն գա, տես գլուխը ոնց եմ ջարդելու», ու Անուշիկը ստիպված իր վաստակած գումարի մի մասը հորն է տվել: «Փողը վերցնում, գնում խմում է: Մայրս ասում ա՝ հերդ մեղք ա, հիվանդ մարդ ա: Մայրս միշտ արդարացնում ա հորս, ասում է՝ հերդ տղա էր ուզում ունենալ, չկարողացա, դրա համար ինձ չի ներում: Քրոջս ծնվելուց հետո մորս վիրահատել են, էլ չէր կարող հղիանալ: Էդ եղավ պատճառը, որ սկսեց խմել ու ծեծել մեզ»:
Մոտ մի տարի առաջ, երբ Անուշիկի հայրը կրկին հարբած տուն էր եկել ու մոր վրա նորից բռնացել, գիշերվա ուշ ժամին, երբ արդեն բոլորը հանդարտվել էին ու քնել, Անուշիկը տանից փախել է, գնացել է գործընկերուհու վարձով բնակարան, բայց ընդամենը մի շաբաթով: «Խեղճ մերս էնքան խնդրեց՝ հետ գնացի, հարեւաններն ասում էին՝ նամուսով աղջիկը ո՞նց կարա սեփական տունը թողնի, գնա ուրիշի հետ ապրի: Մի ուրիշ հարեւան էլ ասել էր՝ կարո՞ղ ա մարդ-մուրդ ա ճարել աղջիկդ, որ տուն չի գալիս: Էդ խոսակցություններից մերս էր ավելի շատ տանջվում, դրա համար էլ հետ եկա»,- սրտնեղած պատմում է աղջիկը: Անուշիկի կյանքում ինչ-որ բան փոխվեց, եւ այլ կերպ է վերաբերվում հոր ու օտար մարդկանց կողմից տարատեսակ ճնշումներին, երբ, իր խոսքերով ասած՝ բացահայտեց Եհովա աստծուն: Արդեն 3 տարի է, ինչ Անուշիկն այլեւս հայ Առաքելական եկեղեցի չի այցելում, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ է: Նա ասում է՝ Եհովայի վկաների հետ իրեն լավ է զգում, ավելի հանգիստ, ավելի հավատքով: Բայց այս կազմակերպությանը հարելն էր նոր առիթ էր, որ հայրը սկսի լուտանքներ թափել աղջկա գլխին: «Մեր գործի տեղն էլ մարդիկ կան, որ լավ չեն վերաբերվում, ասում են՝ «Եհովայի վկաները» սատանայի վկաներ են: Մի գործընկեր ունեմ, իր աշխատանքային օրերը փոխել է, որ ինձ հետ նույն օրը չաշխատի: Մենք նաեւ տնետուն ենք գնում՝ քարոզելու, ոչ բոլորն են բարեհամբույր ու քաղաքավարի: Պատահում է, շատ վիրավորական բաներ են ասում: Ու չգիտեմ ինչու, շատ է լինում, որ ասում են՝ ջահել աղջիկ ես, ի՞նչ ես ընգել դռները թերթիկներ բաժանում, քեզ նորմալ, հայ աղջկա պես պահի: Նմաններին միշտ պատասխանում եմ՝ ես ինձ մարդու պես եմ պահում»,- պատմում է Անուշիկը:

Վերջերս էլ մի երիտասարդ էր հայտնվել աղջկա կյանքում, գործից տուն էր ուղեկցում, ասում էր՝ սիրում է Անուշիկին, ծաղիկներ էր նվիրում. «Ասում էր՝ լուրջ նպատակներ ունի, ես նենց երջանիկ էի զգում ինձ: Էհ, հենց իմացավ «Եհովայի վկա եմ», պահանջ դրեց՝ կամ ինքը, կամ իմ հավատքը: Չգիտեմ՝ որտեղից էլ իմացել էր, որ հայրս հաճախ ա խմում, ակնարկեց էդ մասին: Ես իրան բացատրեցի, որ իմ հավատքի քույրերն ու եղբայրներն իմ ընտանիքն են, նրանք միշտ իմ կողքին են, օգնում են ինձ: Չընդունեց այդ տղան ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Միշտ ասում էր, որ իր ծնողները չեն թողնի Եհովայի վկա աղջիկ ուզի: Հետո սկսեց ուշ-ուշ հանդիպել ինձ, հետո կորավ երկար ժամանակ, զանգում էի՝ չէր պատասխանում: Մի օր էլ ասեց՝ մի զանգի, ես էլ չեմ զանգում, ու էդպես վերջնական կորավ էդ տղան: Սկզբում շատ էի նեղվում, շատ էի լաց լինում, հիմա՝ էնքան էլ չէ: Դժվար է ապրել, երբ «երեսով են տալիս» աշխատանքդ, հավատքդ, նույնիսկ՝ աղջիկ լինելդ, բայց գիտեք, ես հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, հայրս էլ կփոխվի, մարդիկ կփոխվեն: Ամենից շատ հիմա աղոթում եմ, որ հայրս մորս ու քրոջս էլ չտանջի: Մտածում եմ՝ իմ աղոթքներն են, որ հերս առաջվա պես ամեն օր չի ծեծում մորս, մի քիչ հանգստացել ա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930