Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվեց Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը

Հունիս 09,2015 16:28

ՀՀ ԱԺ-ում այսօր ևս արծարծվեց Իշխան Զաքարյանի անհետացման հարցը: Երբ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ՎՊ-ի եզրակացությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հղում կատարելով  օրենսդրությանը, նշեց, որ ՎՊ նախագահին կարող է փոխարինել տեղակալը` նրա բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում: Եթե ՎՊ նախագահի պաշտոնը թափուր է, ապա նրա պարտականությունը կատարում է խորհրդի` տարիքով անդամը:

Լևոն Զուրաբյանը հարց տվեց` ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին` պաշտոնական պարտականությունները չկատարելու անհնարինության հանգամանքը պարզվա՞ծ է, թե` ոչ: Լևոն Զուրաբյանը փաստեց, որ ոչ այս մասին, ոչ էլ  Իշխան Զաքարյանի` պաշտոնի թափուր լինելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Ուստի եթե այս հանգամանքներից որևէ մեկը հաստատված չէ, պարոն Զուրաբյանը հարց է բարձրացնում` ինչո՞ւ է  խախտվում օրենքի պահանջը և Իշխան Զաքարյանն այստեղ ներկա չէ:

Դիմելով ԱԺ ղեկավարությանը` պարոն Զուրաբյանն ասաց. «Գուցե միջոցնե՞ր եք ձեռնարկել Իշխան Զաքարյանին բերել ԱԺ, բայց չի ստացվել: Հանրությանը տեղեկացրեք, որ հասկանանք Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը»:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ցանկալի կլիներ, որ երբեմն-երբեմն Դուք էլ աշխատեիք հանդիպել Իշխան Զաքարյանին: Իսկ այս պարագայում խոսքը ոչ թե Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին է, այլ նրա տեսակետի մասին` բյուջեի հաշվետվության վերաբերյալ: Այնպես որ, Ձեր հարցը ճիշտ կլիներ այդ պարագայում»:

Շարունակելով` Գալուստ Սահակյանը նշեց, թե եթե այդքան ուզում են Իշխան Զաքարյանին հարցեր հղել, մի որևէ առիթով ինքը կհրավիրի նրան:

Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ Իշխան Զաքարյանը Երևանում է, իր աշխատավայրում: Երեկ էլ եկել էր իր մոտ խորհրդակցության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930