Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում  2006 թվականից ի վեր մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվում

Հունիս 11,2015 15:39

Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը պետական պատվերի շրջանակում շարունակվում է։ Հիշեցնենք, որ հիվանդը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանի անցակետում և անմիջապես տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։   Նկատի ունենալով, որ վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով՝ հիվանդի բուժումը կազմակերպվում է ցանցապատ պատուհաններով հիվանդասենյակում: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Տեղեկացնենք, որ մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը։ Շատ երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: 2000 թվականից սկսած թեև աշխարհում  մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականից սկսել են արձանագրվել Եռօրյա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը:  Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունում արձանագրվել են միայն Աֆրիկա մայրցամաքից բերովի եզակի դեպքեր:

Մալարիան միաբջիջ հարուցիչներով պայմանավորված Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Տարբերում են մալարիայի 4 տեսակ՝ եռօրյա, քառօրյա, արևադարձային, օվալե մալարիա: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Առավել ծանր է ընթանում Արևադարձային մալարիան, որն ուշ ախտորոշման և անհամապատասխան բուժման դեպքում կարող է բերել մահվան:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մալարիայի բերովի 2 դեպք, որոնցից վերջինը՝ հունիսի 10-ին Տանզանիայից ժամանած Ֆինլանդիայի քաղաքացու մոտ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930