Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ դարձյալ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզվում է

Հունիս 15,2015 22:26 Share

Այս ամենն արդեն եղել է. դեժավյու ապրեցի, երբ այսօր ընթերցեցի ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, թե Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն են ունեցել նաև ՀՀ քաղաքացիներ Շահում Դավթյանը և Մայիս Խաչատրյանը. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ»:

Իսկ հիմա սա համեմատեք արդեն ոստիկանության 2014 թվականի հունվարի 24-ի այն հաղորդագրության հետ, որը վերաբերում էր նրան, թե Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին. «Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին»: Եվ հաղորդագրությունն ավարտվում էր այսպես, թե ձեռնարկվում են միջոցառումներ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետո տարածվեց հաղորդագրություն, որ «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին»:

Հիմա էլ նա մի նոր ծեծի մասնակից դարձավ, ու Մայիս Խաչատրյանին վերստին սկսեցին որոնել:

Ուշադրություն դարձրեք, որ Յուրա Մանուչարյանն էլ է մասնակից եւ 2014 թվականի միջադեպին, եւ հիմա էլ նրան մեղադրանք է առաջադրվել Մ.Զաքարյանին խմբի կողմից միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար:

Ի դեպ, Մայիս Խաչատրյանի վերաբերյալ միայն մի դրվագ հիշատակեցինք, մինչդեռ նրա «մարտական փառքի» հետագիծը շատ ավելի հեռվից է գալիս՝ մասնավորապես, հենց նա էր Սուրիկ Խաչատրյանի եղբայրների այն երկու որդիներից մեկը, որոնք 2004-ին իրենց ուսով դիպչելու համար դանակի բազմաթիվ  հարվածներով սպանեցին 30-ամյա Հովհաննես Բադալյանին: Եվ Մայիս Խաչատրյանը, որը դանակի 12 հարված էր հասցրել, ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման՝ մինչեւ վերջ չկրեց էլ պատժաչափը:

Ազատության մեջ հայտնվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ մեքենան հարբած վարելու պատճառով Մայիս Խաչատրյանն այս անգամ էլ պատճառ դարձավ, որ 24 տարեկան երիտասարդը հայտնվի հիվանդանոցում:

Ու երեւի դեռ երկար այդպես կշարունակեն Խաչատրյանները՝ մինչեւ ձեռք չեն բարձրացնի Հայաստանի բարձրագույն իշխանության որեւէ ներկայացուցչի կամ նրա ազգականի վրա:

 
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930