Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իջեւանում Ներսիսյան տոհմից՝ 5 մեղադրյալ

Հունիս 17,2015 16:20

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: Խուզարկություն կատարելու համար եղել է դատարանի որոշում:

Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  («Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»):

Սույն քրեական գործով 6 մեղադրվողներն են Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը, վերջինիս որդին, Հ. Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի 3 որդիները եւ 2015թ. մարտ 15-ին Իջեւանի ավագանու ընտրություններում թեկնածու հանդիսացած, սակայն ավագանի չընտրված Էդգար Ամիրյանը:

Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»):

Իրավապահներից տեղեկացանք, որ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրվող 5 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանքը, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հետաքրիր է, ինչու հարգարժան լրագրողը չի ասում, որ քննիչը Հ.Ներսիսյանի 3-րդ հարկում գտնվող բնակարան է մտել պատշգամբից, օգտագործելով քաղաքապետարանի ավտոմեքենան: Գործի համար ինչ աստիճանի նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ պետք է գտնեին, որպեսզի արդարացվեր նման կերպ բնակարան ներխուժելը, եթե քննիչի գործողություններին իրականում խոչնդոտել են, ինչու որևէ մեկին չեն ձերբակալել, ի վերջո ինչ էին որոնում, որ այդպես էլ չգտան /ըստ Ձեր նախորդ հոդվածի/, ինչու դատարանը բավարար չհամարեց քննիչի կողմից ներկայացված կալանքի հիմնավորումները /Տավուշի առաջին ատյանի դատարանի դատավորները պարզերես արեցին անդունդ գլորվող ՀՀ իրավահամակարգին/, վերջին անգամ ընթերցողը երբ է պատշգամբով բնակարան ներխուժելու միջոցով խուզարկություն կատարելու մասին լսել կամ տեսել, համոզված եմ, երբևէ: Երևի թե հարկ է նշել, որ այսկերպ մեր բոլորիս իրավունքներն են ոտնահարել, որը սակայն լրագրողը քննադատելու փոխարեն, իրավիճակն այլ տեսանկյունից է ներկայացնում…: Եթե Հ.Ներսիսյանն ինչ-որ օրինախախտում է կատարել, պետք է որ պատասխան տա օրենքով սահմանված կարգով, սակայն նրա հավանական մեղքն ապացուցող փաստերն էլ պետք է որ ձեռք բերվեն նույնպես օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե պատշգամբով կամ հարազատներին, այդ թվում նաև մեկ ընտանիքից երեք հոգու ձերբակալելով: Համոզվեք, որ սա հային վայել արարք չէ. իսկ միգուցե նրանք հայեր չեն?:

  2. Aram says:

    Այ Ոսկան ախպեր, էս խի մի հատ չես գրում, որ քաղաքապետ Ղալմանց Վարդանը Մանթաշյան Աննային ուրիշից քցած 3 սենյականոց բնակարանա տվել, հետո ինչոր հետևից են ընկել, գործեր-մործեր սարքել, նա էլ ստիպված բնակարանը հետ ա տվել ու էսքանից հետո ուրիշներին օրենքով ապրելա սվրցնում: Էս խի չես գրում, որ էն Վազգեն Մարգարյանը գլխավոր բժիշկ նշանակվելու հմար Մանթաշյան Աննայովա Ղուլարյան Արմենին 50 հազար դոլար տվել, դրա հմար էլ էս կիլդիմը սարքմ են ու քեզ էլ օգտագործում:

  3. Zaven says:

    Վերոգրյալ հոդվածի երկու արձագանքների հեղինակներին ասեմ, որ ոչ ոք իրավունք չունի լրագրողին հարկադրել, ինչ որ բան գրել կամ արգելել որևէ փաստ հրապարակայնացնել: Իմ այս պնդումը ամրագրված է ՀՀ օրենքով: Իսկ դուք փորձում եք մտնել լրագրողի գործունեության ոլորտները և նրան թելադրել ինչ գրի, ձեռքի հետ էլ դուք եք գրում/ձեր իրվունքն է/, բայց լրագրողին ոչ մի դեպքում իրավունք չունեք մեղադրել/էս խի չես գրում/, իր կամքն է, կուզենա կգրի, կուզենա` ոչ: Սա ի գիտություն, հարգելի բարեկամներ:

  4. Garegin says:

    Հարգարժան Զավեն, շնորհակալ եմ արձագանքի համար, սակայն ասեմ, որ ես երբևէ ցանկություն և մտադրություն չեմ ունեցել ու չունեմ լրագրողին ինչ-որ բան պարտադրելու: Մեկ հավելում ևս, ոչ թե ձեռքի հետ, այլ պարզապես իմ կարծիքն եմ գրում, ինչի համար շնորհակալ եմ ”Առավոտի” խմբագրությանը, իսկ փաստերը կամ դեպքերը ներկայացնող հետաքննող-լրագրողից անկողմնակալ և անաչառ մոտեցում եմ ակնկալում, համոզվեք, որ դա էլ պակաս իրավունք չէ:

  5. Suren says:

    Բանից պարզվում է Մանթաշյան Աննան Տավուշի մարզի բոլոր խոշոր չափի յուրացումները պարզվել-ավարտել է,մնացել է նախկին տնօրենի յուրացումները պարզի,այն էլ տունը խուզարկելու ճանապարհով:Եվ ի՞նչ ,,խոշոր յուրացում էր,, որ պահվում էր տանը,որն այդպես էլ չգտնվեց: Իմ կարծիքով իրավապահները ծիծաղելի վիճակում հայտնվելուց առաջ պետք է մի քիչ մտածեն, հետո գործեն:Շրջապատում խելացի մարդիկ շատ կան,ովքեր հասկանում եմ,թե ինչ է կատարվում:Բայց իզուր տեղը քայքայվում են անմեղ մարդկանց նյարդերը: Լավ Տավուշի իրավապահ համակարգում մի խելքը գլխին մարդ չկա՞!!!!!!!!!

  6. Zaven says:

    Արգո Գարեգին, էս խի մի հատ չես գրումը, կարծում եմ իր մեջ եթե ակնկալիք էլ է պարունակում, ապա նաև հրամայական հնչերանգ ունի: Բայց այս ամբողջը մի կողմ, կարող եք Ոսկանից զատ նշել մեր մարզի մի այլ նման համարձակություն ունեցող լրագրողի: Ինչպես գիտենք համեմատությունը աշխարհաճանաչման հիմնական միջոցներից է, և ի մասնավորի երևույթների չափելիության հայտանիշ: Կարծում եմ իմ անկողմնակալությունը կհաստատեն շատերը..և ոչ միայն ինձ անձնապես ճանաչողները:

  7. Garegin says:

    Պարոն Զավեն, Ո.Սարգսյանի հոդվածին վերաբերվող մեկնաբանություններից Ձեր որ մասի վրա եք ցավ զգում, որ մնամ կերպ եք արձագանքում?:

  8. Ես պե?տք է արդարանամ, երբ իմ գրածում միայն փաստեր են , ոչ մի գնահատական կամ դատողություն չկա: Հ. Ներսիսյանի եւ մյուսների օրինախախտ լինելը կամ չլինելը կապացուցի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Ես պե?տք է մանրամասնեի ու գրեի, որ Հրաչյա Ներսիսյանը հետախուզման մեջ է գտնվել եւ դատարան, իր հանդեպ կալանքի միջնորդության քննարկմանը ներկայացել է, եւ նման բաները պատահական չեն լինում: Ես պե?տք է գրեի, որ Հ. Ներսիսյանին զրպարտանքի հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ասել է, թե իր տան խուզարկությայն փորձի ժամանակ 1 միլիոն դոլար է անհետացել; Եթե նման վերնագրով հոդված գրեի, ավելի շատ ընթերցող կլիներ, բայց ես մի քանի տարի առաջ Հ. Ներսիսյանի աշխատասենյակում նրա հետ մի բաժակ սուրճ եմ խմել, զրուցել եւ նա ինձ վրա դրական տպավորություն է թողել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930