Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզ. ևս մեկ քայլ դեպի քաղաքային զբոսաշրջության զարգացում

Հունիս 17,2015 16:53

Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Երևանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը: Երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները:

Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով էլ ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության և այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքեր: Այստեղ նշված է նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի և տուրիզմի բաժնի հեռախոսահամարները: «Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները:

«Քարտեզը տպագրվել է քսան հազար օրինակով: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում և անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, սպասարկման կենտրոններում, այդ թվում՝ հյուրանոցներում և սպասարկման տարբեր օբյեկտներում: Ուսումնասիրելով դաշտը՝ մեր գլխավոր նպատակն էր ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց, որի  օգնությամբ Երևան այցելող զբոսաշրջիկները կկարողանան հեշտորեն կողմնորոշվել քաղաքում: Բացի այդ, քարտեզը որոշակի առումով նաև ինքնատիպ մասնագիտական աջակցություն է զբոսաշրջային ընկերություններին»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:

Երևանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու և քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, առանձին առաջարկվում է նաև այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում և Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, քարտեզում առկա է նաև մշակութային որոշ հաստատությունների աշխատանքային ժամերի և մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն:

Մարիա Բարաղամյանը նաև տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝ հետագայում նախատեսվում է քարտեզում ընդգրկել նաև մյուս վարչական շրջանները:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տուրիզմի բաժնի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշվել է, որ աշխատանքներ են տարվում միանգամից մի քանի ուղղություններով: Հատկապես վերջին շրջանում շեշտադրված ուշադրություն է դարձվում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում առանձնացվել է փառատոների անցկացումը, այդ թվում «Երևանյան ամառ 2015» ծրագրով օրեր առաջ «Համով–հոտով Երևան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը, որն իր հերթին լայն արձագանք էր գտել և հետաքրքրություն առաջացրել զբոսաշրջիկների շրջանում:

«Դեռևս 2014-ին «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում անցկացված «Երևան 2025» համաժողովի ընթացքում ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման տեսլականը, որի մեջ առանձնանում էր Երևանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակը: Սա իհարկե, շատ ծավալուն աշխատանք է, սակայն քայլեր այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են: Արդեն մեկուկես տարի շարունակվում են աշխատանքները քաղաքի տարածքային բրենդի մշակման ուղղությամբ»,-ընդգծել է  տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Խոսելով մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների վիճակագրությունից՝ նշվել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ, որի 34 տոկոսը ԱՊՀ, ավելի քան 18 տոկոսը՝ եվրոպական երկրներից: Մարիա Բարաղամյանը շեշտել է, որ մեր երկիր այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն իրենց հանգստի նվազագույնը 2-3 օրն անցկացնում են Երևանում:

Հետաքրքրական է, որ ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց և մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն են դիտարկել և հյուրանոցների ամրագրման տեսանկյունից առաջատար դիրքերում է գտնվել Երևանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930