Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ ներկայացումներ՝ իսկական թրիլլերների փոխարեն. «Ազգ»

Հունիս 19,2015 12:51

Հայաստանի` այսպես կոչված քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո չնայած կիսամեռ է թվում, բայց ավելի շուտ այն սառույցի տակ քլթքլթացող ջուր է հիշեցնում: Համենայնդեպս` ուշադիր դիտողներն արդեն Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ շուրջ կոմպրոմատային բնույթի բացահայտումների, առաջիկայում կազմվելիք կոալիցիայի, օգոստոսի վերջին առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ աշնանը սկսվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ գործընթացների հիմքում հայտնաբերել են ապագա նախագահական-իշխանական հավակնությունների բախման հետքը:

Բայց վերջին օրերին մի քանի նոր միտումներ կան, որոնք ցույց են տալիս, թե որքան հարաբերական է անգամ այդ` թվացյալ ուրվագծումը: Եթե նկատի առնենք մամուլի անհանգիստ շարժումները Հայաստանում միգուցե քաղաքական հավակնություններ ունեցող ռուսաստանցի մեծահարուստներ Սամվել Կարապետյանի եւ Արա Աբրահամյանի անունների շուրջ խորանանք ստեղծվող կամ ստեղծվելիք քաղաքական բովանդակությամբ նոր միավորումների ղեկավարների շարժառիթներում, ապա նոր բան բացահայտած չենք լինի` ասելով, որ Հայաստանում քաղաքական կյանք որպես այդպիսին գոյություն չունի. քաղաքական կյանքի իմիտացիան արհեստականորեն է ստեղծվում որեւէ համապետական ընտրությունից մեկ կամ մեկուկես տարի առաջ, ռելսերին դրվում այդ հենքի վրա եւ ավարտվում նոր կառավարության ձեւավորումից հետո: Հատկապես նոր ստեղծվող միավորների պարագայում:

Այսինքն` դրվում է նպատակակետ` վերցնել Բաստիլը ( իշխանությունը), դրա համար ստեղծվում են տարբեր ինքնապաշտպանական եւ հարձակողական ջոկատներ, Բաստիլը գրավելուց հետո սկսում են բաշխել պաշտոնները, ու վերջ: Այդ պահից քաղաքական անվանվող պայքարն արդեն չկա, սկսվում է «բաժանելու եւ ուտելու գործընթաց», ինչպես ժողովուրդն է ասում: Մոռացվում են բոցավառ ճառերը` ժողովրդի ապագայի մասին, գունաթափվում են հանուն ժողովրդի պայքարող հեղափոխական վառ կերպարները, դա էլ հասկանալի է, չէ որ նրանց գերակշիռ մասը, անկախ նրանից` իշխանական, թե՞ ընդդիմադիր տիտղոսն են կրում, քաղաքական կյանքի, այն է` ԱԺ դռնից ներս են անցնում միայն վերին թույլտվությամբ: Գլոբալ խնդիր, ասենք` կառուցելու Հայաստանի ապագայի պատկերը, ստեղծելու Հայաստանի կառավարման որակը փոխող բարձր ինտելեկտուալ, երիտասարդ մարդկանց հերթափոխ, կամ կենտրոնանալու հայերիս համար մեկ -երկու նպատակակետ առանձնացնելու եւ այդ ուղղությամբ համակարգված աշխատելու վրա, այդ միավորները երբեք մինչեւ հիմա չեն դրել: Ու դրա համար միշտ ստացել ենք օրհաց կառավարություններ, օրհաց իշխանության որակ: Ով մոռանում է այս բոլորի ցիկլիկ լինելը, առաջարկում ենք վերհիշել մոտակա քսան տարվա անցյալը կամ նայել թեկուզ նոր ստեղծվող միավորներին: Եւ այս վերջին` մամուլ արտահոսած լուրերը, թե Հայաստանի նախագահը հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ կուսակցությունների հետ` ենթադրաբար քաղաքական հեռանկարներ, դրանց հետ նաեւ սահմանադրական փոփոխությունների հարց քննարկելով, տեղավորվում է վերն ասվածի տրամաբանության մեջ: Արդյո՞ք հենց այս կուսակցությունների հետ պետք է անցնի իր հետագա ճանապարհը իշխող հանրապետականը (կարեւոր չէ` նրանցից ով կլինի ընդդիմադիր, ով` իշխանական, նրանք միասին կներկայացնեն համակարգը): Թե՞, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած նորակառույցները եւս կարեւոր դեր են ստանձնելու ապագա քաղաքական դաշտը կերտելու գործում:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930