Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի կլոր շենքը պետք է վերանորոգվի»

Հուլիս 09,2015 17:56

«Ճարտարապետները դեմ են «Զվարթնոց» օդանավակայանի՝ Կոնցեսիոների ներկայացրած նախագծին»- հուլիսի 9-ին Հանրային խորհրդի կազմակերպած հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Հանրային խորհուրդը 4 ոլորտային ենթահանձնաժողովների մասնակցությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղեւորային համալիրը վերափոխելու՝ Կոնցեսիոների ներկայացրած առաջարկի վերաբերյալ:

Սաշուր Քալաշյանը համարում է, որ ընկերությունը սին պատկերացում ունի, թե գոյություն ունեցող կառույցն այնքան վտանգավոր է, որ նրա ամրացումն անհնար է: Նա հավելեց, որ մեկ տարի առաջ Ճարտարապետների միությունը դիմել է մշակույթի նախարարությանը, որպեսզի կառույցը մտցվի պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում. «Անցել է մեկ տարի, եւ մշակույթի նախարարությունից որեւէ արձագանք չկա: Դրա համար մենք առաջարկում ենք, որպեսզի Կոնցեսիոների այս տարբերակը եւս մերժվի: Երկրորդը՝ Կոնցեսիոներին առաջարկենք հաջորդ տարբերակների մեջ, ըստ երեւույթին, եթե բարդություններ լինեն այդ հարցում՝ տեխնիկական բարդություններ, ներգրավել հեղինակներին, համագործակցել հեղինակների հետ, որպեսզի հարցը լուծվի: Եվ հերթական անգամ կոչ անել մշակույթի նախարարությանը, որպեսզի նա Ճարտարապետների միության ուղերձը ամփոփի եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տա»:

Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հավելեց, որ Զվարթնոցի կլոր շենքը պետք է վերանորոգվի եւ պետք է համապատասխանի չափորոշիչների: Ըստ նրա՝ դրա համար հնարավորություն կա. «Կոնցեսիոները մշտապես պնդում է, որ դա շատ մեծ ծախսերի հետ է կապված եւ անհնարին է, որովհետեւ նրանք դիմում են մեծ հռչակ ունեցող ինժեներների, որոնք ասում են, որ դա գրեթե անհնարին է կամ շատ թանկ կնստի: Մենք ունենք մի քանի առաջարկ եւ համարում ենք՝ շատ մատչելի գներով կարելի է ամրացնել շենքը եւ այսօրվա նորմերին համապատասխանացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031