Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հուլիս 10,2015 13:53

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունվեցերորդ

ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հայաստանի երրորդ հանրապետությունում վերստին  հեղափոխական իրադրություն է, ավելի ճիշտ՝ նախահեղափոխական, որովհետեւ Րաֆֆին առայժմ կոնկրետ որեւէ բան չի առաջարկում, եւ չնայած հանրապետությունով մեկ հետընտրական շրջայցեր է կատարում ու ժողովրդին հանդիսավորապես խոստանում է, որ մինչեւ  վերջնական հաղթանակ է պայքարելու, եւ չնայած մանավանդ մարզերի ժողովուրդը  Րաֆֆիին անմնացորդ է հավատում, մայրաքաղաքում կասկածողներ կան, եւ կասկածողները դժգոհում ու բողոքում են թե՝ Րաֆֆին պայքարի լուրջ ծրագիր չունի, եւ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում արդեն հանդիսավորապես հայտարարել ու խոստացել է, որ եթե հարկ լինի, իր կյանքը կտա հանուն ժողովրդի հաղթանակի, այդուհանդերձ, դեռ կասկածողներ կան, եւ ժողովրդի հաղթանակ ասելով՝ Րաֆֆին, իհարկե, իր նախագահ դառնալը նկատի ունի. այսինքն, Րաֆֆին իր ու ժողովրդի հաղթանակները նույնացնում է՝ ինչպես որ 2008-ին առաջին նախագահն էր իր եւ ժողովրդի հաղթանակները նույնացնում, եւ Րաֆֆիի պես առաջինն էլ էն ժամանակ էր խոստանում, որ հանուն ժողովրդի հաղթանակի իր կյանքը կտա, եւ չնայած առաջինը Չարենցի բառերով էր խոստանում՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», հասկացողը հասկանում էր, որ զոհ ասելով՝ առաջինն ինքը իրեն նկատի ուներ, այլ ոչ թե Չարենցին, եւ մինչ էսպես ասում, խոսում, հիշում ու հիշեցնում եմ, Րաֆֆին արդեն հայտարարել է, որ հացադուլ է սկսում, ընդ որում՝ անժամկետ. այսինքն, էս պահից սկսած, Րաֆֆիի կյանքին ռեալ վտանգ է սպառնում, եւ չնայած նույն տեղում ինքը մի անգամ արդեն հացադուլի նստել է,  էս անգամվանն անհամեմատ լուրջ է, որովհետեւ էս անգամ ինքը հայտարարել է, որ մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ինքը հացադուլը չի դադարեցնի, եւ Րաֆֆիի էս հայտարարությունն իր մեջ անձնազոհության չափազանց լուրջ հետեւանքներ է պարունակում, որովհետեւ երեւի միայն Րաֆֆին է հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է վերցնել եւ խղճահարությունից հրաժարական տալ. այսուհանդերձ, Րաֆֆին արդեն հայտարարել է, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը երդմնակալության կգնա, եւ Սահակյան Գալուստն էլ արդեն իրեն հատուկ ցինիզմով հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին դիակներով չես վախեցնի, որովհետեւ պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանը դիակներ շատ է տեսել, եւ, ըստ ամենայնի, իր էս հայտարարությամբ Գալուստը Րաֆֆիից անուղղակի կերպով վրեժ է լուծում, որովհետեւ ընդամենը երեք օր առաջ՝ մարտի 8-ի առթիվ կազմակերպված հանրահավաքին Րաֆֆին իրեն ոչ հատուկ ցինիզմով շնորհավորել է Գալուստ Գրիգորիչի մարտի 8-ը, բայց Րաֆֆիի էդ շնորհավորանքն էլ էր փաստորեն անուղղակի պատասխան, որովհետեւ դրանից երկու օր առաջ էլ Գրիգորիչն էր ասուլիս տվել ու հայտարարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մանկամիտ է, եւ Րաֆֆիի ու Գալուստի  էս փոխհրաձգություններին կայքերից եմ տեղեկացել, չնայած, արդեն մի քանի ժամ է, կայքերի գրածներին այլեւս չեմ հավատում. այսինքն, Գալուստի ու Րաֆֆիի էս շարունակական փոխհրաձգություններին էլ առանձնապես չեմ հավատում, եւ հիմա արդեն մտածում եմ, որ, հնարավոր է, Գալուստ Սահակյանի էդ ասածը լրագրողները բստրած լինեն, եւ չնայած ինքն իր անունից գրվածն ու տարածվածը դեռեւս որեւէ տեղ չի հերքել, հիմա արդեն մտածում եմ, որ իրականում Րաֆֆիի հասցեին վիրավորական ոչ մի բան էլ չի ասել, եւ սա արդեն իմ սեփական փորձից եմ ասում, որովհետեւ էսօր կայքերում իմ անունից լիքը սուտ բաներ են գրել, եւ էդ ստերից մեկի վերնագիրն է` «Ռեպորտաժ Ազատության հրապարակից», մյուսինը՝ «Մտավորականներն այցելում են Րաֆֆի Հովհաննիսյանին», եւ երբ առաջին իսկ օրն այցելեցի հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, մտքովս անգամ չէր անցնում, որ էդ այցելությունս հաջորդ իսկ առավոտ սփռվելու է կայքերով մեկ, եւ չնայած այցելությանս  պահին Ազատության հրապարակում լիքը լրագրողուհիներ կային, եւ չնայած հետները լիքը հանաքներ արեցի, մտքովս չէր էլ անցնում, որ ասածներս ընդամենը մի քանի ժամ անց սփռվելու են կայքերով մեկ, եւ առավել եւս մտքովս չէր անցնում, որ ոչ միայն ասածներս, այլեւ չասածներս էլ են կայքերով մեկ սփռվելու, եւ չնայած իմ անունից որոշ ճիշտ բաներ էլ են գրել, այդուհանդերձ, հեչ հաճելի չի, երբ քո անունից չեղած ու սուտ բաներ են բստրում, մանավանդ էնպիսի բաներ, որոնց հետ ինքդ էլ համաձայն չես, եւ, ըստ էդ ստերից մեկի, իբր ասել եմ թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առանձնապես լուրջ չեմ վերաբերվում, բայց հենց իմացա, որ հացադուլի է նստել, սիրտս շատ ցավեց ու անմիջապես սլացա Ազատության հրապարակ, եւ չնայած Րաֆֆիի հացադուլի մասին տեղեկանալով՝ իսկապես սլացել էի Ազատության հրապարակ, եւ չնայած Րաֆֆիի հացադուլի առիթով իսկապես սիրտս ցավել է, բայց էդ մասին որեւէ մեկին չեմ ասել, եւ հատկապես չեմ ասել թե՝ Րաֆֆիին առանձնապես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ  հնարավոր չէ լուրջ չվերաբերվել մեկին, որն ընտրողների առնվազն երեսունյոթ տոկոս ձայներն է վաստակել, եւ, դրանից էլ բացի, հնարավոր չէ լուրջ չվերաբերվել մեկին, որի մի խոսքից էսօրվա մեր կյանքի ողջ ընթացքը կարող է կտրուկ փոխվել, եւ, էդ ամենից էլ բացի, ես չեմ կարող լուրջ չվերաբերվել մեկին, ով մշտապես լուրջ է վերաբերվել ինձ, եւ, ի տարբերություն իր բարեւին արժանացած ուրիշների, ես ոչ միայն մշտապես իր բարեւին եմ արժանացել,  այլեւ ծննդյանս օրերի առթիվ մի քանի անգամ էլ իր գրավոր շնորհավորանքին եմ արժանացել՝ չափազանց ջերմ բարեմաղթանքներով եւ իր իսկ ստորագրությամբ՝ իր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  շքեղ բլանկի վրա:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել