Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Նաստասյա Կինսկի. «Մեզ բոլորիս սեր ու խաղաղություն է պետք»

Հուլիս 15,2015 17:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արվեստը տիեզերական բան է, և ես երջանիկ եմ, որ դրա մեջ եմ»,- ասում է գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին:

Նա, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է:

Դերասանուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ դեռևս 12 տարեկանից է սկսել ֆիլմերում նկարահանվել: «Այդ ժամանակ ինձ համար հաջողությունների, վերելքների մի մեծ փուլ սկսվեց: Իհարկե, վայրէջքներ էլ եմ ունեցել, ինչպես բոլորը, և դա բնական է: Ես դրանք ընդունում եմ որպես կյանքի ճանապարհի մի մաս»,- ասաց Կինսկին:

Նա հիմա մարզիկների մասին վավերագրական ֆիլմաշար է պատրաստում: Կարծում է, որ վերելքների ու վայրէջքների, հաղթանակների ու պարտությունների ընկալման առումով մարզիկները կարող են լավ օրինակ ծառայել մյուսներին: «Նրանցից շատ բան կարելի է սովորել, օրինակ՝ ինչպես են նրանք պայքարում ու ինչքան երկար ճանապարհ են անցնում իրենց երազանքին հասնելու համար: Հաջողությունը շատ լավ բան է, բայց պետք է սովորել նաև պարտվել, հետո կրկին ոտքի կանգնել և շարունակել: Հաղթանակն էլ պիտի իմանաս՝ ինչ է, պարտությունն էլ: Գիտե՞ք՝ մեզ բոլորիս առաջին հերթին սեր ու խաղաղություն, միասին լինել է պետք: Պիտի կարողանանք լինել նրանց հետ, ում սիրում ենք, աշխատենք, երազենք ու չհանձնվենք»,- ընդգծեց նա:

Դերասանուհին իր՝ հատկապես այս տարի Հայաստանում գտնվելն առանձնահատուկ բան է համարում. «Ուրախ եմ, որ այս ժամանակահատվածը ձեզ հետ եմ կիսում: Գիտեմ, որ դուք այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն եք նշում: Շատ հետաքրքիր էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-­ի շնորհիվ տարբեր երկրների մշակույթի նախարարների հետ Հայաստանում հանդիպելը… Շատ բան ունեմ ասելու իմ առաջին այցի մասին, բայց չգիտեմ՝ ինչպես ասել: Այստեղ այնքա՜ն շատ տեսնելու և սովորելու բան կա: Ինձ երբեմն թվում է՝ այստեղի մարդկանց ճանաչում եմ ու նրանց մասին լիքը բան գիտեմ»:

Ի դեպ, երեկ երեկոյան Ն. Կինսկին «փախել» է հյուրանոցից և միայնակ զբոսնել Երևանի փողոցներում: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ էր մենակ, նա պատասխանեց, որ սիրում է միայնակ զբոսնել անծանոթ քաղաքներում. «Երևանը շատ հյուրընկալ է ու բաց, ազատություն և ուրախություն կա այստեղ: Ես, իհարկե, ընկերներիս հետ էլ եմ սիրում զբոսնել, բայց նաև մենակ մնալ եմ սիրում»:

Nastasya-Kinski-2

Դառնալով «Ոսկե ծիրան» փառատոնին՝ դերասանուհին ասաց, որ դրանում «միջազգային գեղեցկություն» է տեսնում. «Հաճելի է տեսնելը, թե ինչպես է այն միացնում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց: Ի դեպ, ինձ դուր է գալիս նաև այն, որ «Ոսկե ծիրան» փառատոնը ծիրանն է օգտագործում որպես խորհրդանիշ: Ընկերներս մի մեծ զամբյուղ ծիրան են ինձ նվիրել, ինձ նույնիսկ ծիրանով դիմավորեցին: Ու դա շատ հետաքրքիր էր»,- ասաց դերասանուհին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Որքան մարդկայնութիւն եւ ճշմարտութիւն կայ այս բազմատաղանդ կնոջ հոգիին մէջ
    պաստառէն իջնելով ցոյց կու տայ թէ ունի շատ հարստութիւն իր ներաշխարհին մէջ։
    Անկեղծութիւն-համեստութիւն-պարզութիւն գրաւիչ կը դարձնեն իր ներկայութիւնը մեր մէջ։
    Բարով գան նման անձեր վստահաբար իրենց օգտակար դերը կ՜ունենան մեր ալ
    գեղեցկուհիներուն մօտ։