Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական դիրքում դանակահարելու համար սահմանամերձ Բերքաբերից ավագ սերժանտն ազատազրկվեց

Հուլիս 28,2015 18:55

Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, 1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող,2014թ. օգոստոսի 29-ից որպես մարտական դիրքի ավագ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, նույն դիրքում որպես դիտորդ նշանակված Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին:

Մ. Սիրեկանյանի առողջությանը պատճառվել է սրտամկանի վնասումով միջկողային ծակած-կտրած, թափանցող վերքի ձեւով կյանքին սպառնացող ծանր վնաս: Ծառայակիցներն անմիջապես միջամտել են, Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բժշկական վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ընթացքում Ա. Դիլբարյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, հայտնել, որ այդ օրը գումարտակի պաշտպանական շրջանում մարտական դիրքերի ստուգողներ պետք է գային, ինչի կապակցությամբ ինքը կարգադրել է մաքրել հենակետի տարածքը: Տեսնելով, որ գետնատնակի դիտորդ, կրտսեր սերժանտ Մ. Սիրեկանյանը առանց բաճկոնի եւ սաղավարտի է , կարգադրել է դրանք հագնել: Սակայն վերջինս չի ենթարկվել հրամանին, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի:

Ծագած վիճաբանության ընթացքում Մ. Սիրեկանյանը բռունցքով հարվածել է Ա. Դիլբարյանի դեմքին, վերջինիս քիթն արյունահոսել է: Լվացվելուց հետո Դիլբարյանը մտածել է վրեժխնդիր լինելու մասին: Նա գետնատնակի մոտ տեսնելով իրեն ընդառաջ գնացող Սիրեկանյանին՝ գրպանից հանել է դանակը եւ հարվածել վերջինիս կրծքավանդակին: Դիլբարյանը դատարանում հայտնել է, որ դանակահարումից հետո ինքն օգնության համար ջուր է բերել, երբ Սիրեկանյանը ուշագնաց է եղել, ինքը ցանկացել է ինքնաձիգով ինքնասպան լինել, սակայն ծառայակիցները խոչընդոտել են:

Դատարանը ապացուցված է համարել, որ Ա. Դիլբարյանը դանակահարելով ցանկացել է ոչ թե մահ, այլ մարմնական վնասվածք պատճառել, ինչն ապացուցվում է արարքի կատարման պատճառով, հարվածի քանակով եւ դանակահարումից հետո Ա. Դիլբարյանի դրսեւորած վարքագծով: Դատարանը վերաորակավորել է Ա. Դիլբարյանի կատարած արարքը , նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031