Լրահոս
Օրվա լրահոսը

Շոգին քիչ օգտագործել ձու, կաթ, ձմերուկ, խուսափել  խաշլամաներից ու շաուրմաներից

Օգոստոս 08,2015 13:26

«Հաճախակի սնունդ՝ քիչ չափաբաժնով». ամառվա շոգին չթունավորվելու համար սնվելու այսպիսի ռեժիմ է խորհուրդ տալիս գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մասնագետը նշեց, թե այս շրջանում ոչ ճիշտ սննդակարգից առաջանում են բազմաթիվ թունավորումներ, որոնք արտահայտվում են լուծի, փսխման և բարձր ջերմության տեսքով: Ուստի թունավորումներից խուսափելու համար նախ պետք է մտածել, թե ինչ ենք գնում, ինչ ենք պատրաստում և ինչպես մատուցում. «Հատկապես պետք է ուշադիր լինել երեխաների և հղիների հանդեպ, քանի որ վերջիններս ավելի խոցելի են: Երեխաներին պաստերալիզված կաթը չի կարելի: Յոգուրտները, որոնք վաճառվում են բաց սառնարաններում, չի կարելի գնել»: Դրսում վաճառվող սննդամթերքից մասնագետը խորհուրդ տվեց ընդհանրապես չօգտվել. «Պետք է խուսափել նաև երշիկեղենից, քանի որ այն այս սեզոնին բավական վտանգավոր է»: Ըստ մասնագետի՝ ձուն ևս խնդրահարույց է. այն օգտագործելուց առաջ անպայման պետք է լվալ հետո պահել սառնարանում: Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, լավ եփած հավի և տավարի միս: Ձմերուկի մասին ասաց. «Հղիներին և երեխաներին խորհուրդ է տրվում հաճախակ չօգտվել, իսկ օգտվելուց առաջ էլ լավ լվանալ և կտրել կեղևից երեք սանտիմետր վերև»:

Գազավորված ու քաղցր խմիչքներ ևս խորհուրդ չի տրվում օգտագործել, առաջարկվում է քիչ սուրճ օգտագործել, շատ կանաչ թեյ ու թան: Հանքային ջրերը, ոչ մեծ քանակությամբ, թույլատրելի են, հատկապես  շատ քրտնող անձանց համար: Հարցին՝ ո՞ր սննդամթերքներն են շոգին հակացուցված, մասնագետը պատասխանեց. «Կաթով, բանանով և հատապտուղով պատրաստված ոչ մի կոկտեյլ խորհուրդ չի տրվում հատկապես շոգին, առանց այդ էլ այդ համադրությունը ցանկալի չէ, դա կարող է առաջացնել թունավորումներ: Շոգին ձուն ոչ բոլորն են մարսում: Թերխաշ ձուն ընդհանրապես ցանկալի չէ օգտագործել: Խաշլամաները, բուլյոնները ևս հակացուցված են, շաուրմայի մասին խոսք չկա, դրսում պատրաստված ոչ մի ուտեստ խորհուրդ չի տրվում օգտագործել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31