Շոգ եղանակի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա, ինչպես նաև ջերմային ալիքների հետևանքով գրանցվող մահերի հետ կապված վտանգները հաճախ թերագնահատվում են, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների համաձայն շոգը բավականին լուրջ հետևանքներ կարող է առաջացնել առողջապահական տեսանկյունից։
Օրինակ՝ ԱՀԿ-ի՝ 2000–2019 թթ տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան միջինը մոտ 489 հազար մարդ է մահանում շոգի հետ կապված պատճառներով։ Ընդ որում՝ մահերի 45 %-ը բաժին է ընկնում Ասիային, 36 %-ը՝ Եվրոպային։
2000–2016 թթ ընթացքում ծայրահեղ շոգի ազդեցությանը ենթարկվող մարդկանց թիվն աշխարհում ավելացել է մոտ 125 միլիոնով։ Տապի հետ կապված մահացությունը զգալիորեն աճել է հատկապես տարեցների շրջանում։
Ծայրահեղ շոգը կարող է կյանքին վտանգ սպառնալ․ այն վտանգավոր է ոչ միայն ջերմային հյուծման և ջերմային հարվածի պատճառով։
Կարդացեք նաև
ԱՀԿ-ն նշում է, որ բարձր ջերմաստիճանը կարող է՝
- սրել սրտանոթային հիվանդությունները,
- մեծացնել կաթվածի վտանգը,
- առաջացնել երիկամների սուր վնասում,
- վատթարացնել շաքարային դիաբետի, ասթմայի և հոգեկան առողջության խնդիրների ընթացքը,
- մեծացնել օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը,
- բարձրացնել դժբախտ պատահարների հավանականությունը։
Քաղաքներում շոգն ավելի վտանգավոր է, քանի որ քաղաքային տարածքներում գործում է, այսպես կոչված, «քաղաքային ջերմային կղզու» ազդեցությունը, որը ձևավորվում է ասֆալտի, բետոնի, քարե շինությունների կուտակած ջերմության միջոցով։
Տապի բացասական ազդեցության նկատմամբ հատկապես խոցելի են՝
- 65 և ավելի տարիք ունեցող մարդիկ,
- փոքր երեխաները,
- հղիները,
- սրտանոթային, շնչառական, երիկամային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող անձինք,
- բաց երկնքի տակ աշխատողները։
Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս է տապն ազդում օրգանիզմի վրա,
Առաջանում է քրտնարտադրություն
Եվ դա շատ բնական է, քանի որ քրտնարտադրությունն օրգանիզմի բնական հովացման համակարգն է։ Երբ մաշկի մակերեսից քրտինքը գոլորշիանում է, օդը կլանում է խոնավությունը՝ հեռացնելով նաև մարմնի ավելորդ ջերմությունն ու հովացնելով այն։ Այս գործընթացն առավել արդյունավետ է չոր կլիմայական պայմաններում, որտեղ օդի խոնավությունը ցածր է։ Եթե օրգանիզմը չի կարողանում բավականին արագ սառչել, կարող է առաջանալ ուժեղ հոգնածություն և անգամ կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։
Ջերմային հյուծում
Այս վիճակը զարգանում է ծայրահեղ շոգի պայմաններում, երբ օրգանիզմն այլևս չի կարողանում բավարար չափով հովանալ և քրտինքի միջոցով կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր։
Այս վիճակի ախտանշաններն են՝
- գունատ և խոնավ մաշկ,
- մարմնի ջերմության բարձրացում՝ հաճախ 38°C-ից բարձր,
- հոգնածություն և թուլություն,
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- գլխացավ։
Այս դեպքում պետք է տեղափոխվել զով, ստվերոտ վայր, պառկել և խմել էլեկտրոլիտներով հարստացված հեղուկ։ Տնային պայմաններում այն կարելի է պատրաստել 1 լիտր մաքուր ջրին ավելացնելով կես թեյի գդալ աղ և 1 թեյի գդալ շաքար։ Եթե հնարավորություն չկա այդպիսի լուծույթ պատրաստելու, կարելի է փոքր կումերով ջուր խմել։ Անուշադրության մատնելու դեպքում ջերմային հյուծումը կարող է վերածվել ջերմային հարվածի, որը հրատապ բժշկական օգնություն պահանջող վիճակ է։
Ջերմային հարված
Սա տապի ամենավտանգավոր հետևանքն է։
Այս վիճակում օրգանիզմն այլևս չի կարողանում վերահսկել սեփական ջերմաստիճանը, որը կարող է գերազանցել 40°C-ը։ Մաշկը դառնում է տաք և չոր։ Կարող են առաջանալ՝
- շփոթվածություն,
- գրգռվածություն,
- արագ սրտխփոց,
- սրտխառնոց,
- գլխացավ։
Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ շտապ բուժօգնություն կանչել։ Առանց բուժման ջերմային հարվածը կարող է հանգեցնել ցնցումների, կոմայի և մահվան։
Մինչ բուժօգնության ժամանումը պետք է մարդուն տեղափոխել զով վայր, եթե կարողանում է՝ տալ փոքր կումերով հեղուկ, սառույց կամ սառը փաթեթներ դնել թևատակերին և ազդրերի միջև։
Ջրազրկում
Շոգ եղանակին օրգանիզմը քրտինքի միջոցով կորցնում է ոչ միայն հեղուկ, այլև կարևոր հանքանյութեր՝ նատրիում և կալիում։
Այս վիճակի ախտանիշները ներառում են՝
- ուժեղ ծարավի զգացում,
- սովորականից քիչ միզարտադրություն,
- բերանի և լեզվի չորություն,
- գլխապտույտ,
- թուլություն,
- շփոթվածություն։
Ջրազրկման դեպքում ևս անհրաժեշտ է տեղափոխվել զով վայր և խմել աղ ու շաքար պարունակող վերականգնող լուծույթ։ Ծանր դեպքերում անհրաժեշտ կլինի շտապ բժշկական օգնություն կանչել։ Օրգանիզմի ջրային բալանսը վերականգնելու համար գուցե պահանջվեն ներերակային ներարկումներ։
Ջերմային ցան
Հաճախ հանդիպում է շոգ և խոնավ եղանակին, երբ առատ քրտնարտադրության հետևանքով քրտնագեղձերը խցանվում են։
Մաշկի վրա առաջանում են փոքր կարմիր բշտիկներ, առավել հաճախ հետևյալ հատվածներում՝
- թևատակերի,
- աճուկների,
- պարանոցի շրջանում,
- արմունկների ծալքերում,
- կրծքերի տակ։
Նորածինների և փոքր երեխաների մոտ ցանը հաճախ հայտնվում է կզակի տակ կամ աճուկային հատվածում։
Կանխարգելման և բուժման համար խորհուրդ է տրվում շոգ եղանակին կրել թեթև, ազատ և բամբակյա հագուստ, ինչպես նաև հնարավորինս պահպանել մաշկի սառնությունն ու չորությունը։
Արևայրուք
Եթե մաշկը երկար ժամանակ ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթներին, այն կարող է այրվել։
Ախտանիշներն են՝
- կարմրություն,
- ցավ,
- քոր,
- տաք մաշկ։
Ծանր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ, ջերմություն, գլխացավ և սրտխառնոց։ Երկարաժամկետ հեռանկարում արևայրուքը մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը։
Արևայրուքի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղափոխվել փակ տարածք, շատ ջուր խմել և չբացել բշտիկները։ Ցավը մեղմելու համար կարող են օգնել սառը, խոնավ թրջոցները և ալոե, պանտենոլ պարունակող միջոցները։ Արևայրուքից խուսափելու համար խորհուրդ է տրվում չմոռանալ լայն սպեկտրի արևապաշտպան միջոց օգտագործել՝ առնվազն SPF 30 պաշտպանությամբ։
Ուշագնացություն
Տապը կարող է հանգեցնել ջրազրկման, ինչի հետևանքով ուղեղի սնուցումը խաթարվում է, ինչի հետևանքով կարող է առաջանալ գլխապտույտ և ուշագնացություն։ Սա հատկապես հաճախ է հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք նոր են տեղափոխվել տաք կլիմա ունեցող վայր, երկար ժամանակ կանգնած են մնում կամ կտրուկ վեր են կենում։
Եթե զգում եք, որ կարող եք ուշաթափվել, պառկեք և ոտքերը բարձրացրեք գլխից վեր։ Հնարավորինս շուտ տեղափոխվեք զով վայր և հեղուկ օգտագործեք։
Ջերմային այտուց
Տապի ազդեցությամբ կարող են այտուցվել մատները, ոտնաթաթերը կամ կոճերը, իսկ մաշկը՝ ձգված թվալ։ Սովորաբար դա վտանգավոր չէ և անցնում է մարմնի հովանալուց և ոտքերը բարձր դիրքում պահելուց հետո։ Եթե այտուցը ցավոտ է, պարբերաբար կրկնվում է կամ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Սրտի աշխատանքի արագացում
Շոգի ժամանակ սիրտն ավելի արագ է բաբախում, որպեսզի ավելի շատ արյուն մղի դեպի մաշկ, որպեսզի մարմինն ազատվի ավելորդ ջերմությունից։
Դրա հետևանքով մյուս օրգանները կարող են ավելի քիչ արյուն ստանալ, ինչն առաջացնում է հոգնածություն, թուլություն և աշխատունակության նվազում, հատկապես ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։
Արյան ճնշման իջեցում
Տապի պայմաններում քրտնարտադրությունը մեծանում է, և օրգանիզմը կորցնում է հեղուկ ու էլեկտրոլիտներ։ Միաժամանակ լայնանում են արյունատար անոթները։ Այս երկու գործոնները կարող են հանգեցնել արյան ճնշման անկման, որի հետևանքով առաջանում են գլխապտույտ կամ նույնիսկ ուշագնացություն։ Վիճակն ավելի վտանգավոր է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Շփոթվածություն
Շոգ եղանակին դժվարանում է կենտրոնանալու և մտավոր բարդ աշխատանքներ կատարելու հնարավորությունը։ Սովորաբար զով վայրում հանգիստն և հեղուկների ընդունումը բավարար են մարդու վիճակը բարելավելու համար։ Սակայն եթե շոգից վատացած մարդը չի կողմնորոշվում, թե որտեղ է կամ ինչ է անում, դա կարող է լինել ջերմային հարվածի նշան, որը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն։
Ինչպե՞ս պաշտպանվել շոգից
Խիստ շոգերի ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս.
- Խմել շատ ջուր, նույնիսկ եթե ծարավ չեք զգում։
- Խուսափել կոֆեինից և ալկոհոլից, որոնք նպաստում են ջրազրկմանը։
- Սնվել ավելի հաճախ, բայց փոքր չափաբաժիններով։
- Կրել թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։
- Հնարավորինս մնալ փակ, զով տարածքներում և խուսափել բացօթյա ծանր աշխատանքից։
- Երբեք երեխային կամ ընտանի կենդանուն մենակ չթողնել մեքենայի մեջ, նույնիսկ եթե դրսում շատ շոգ չէ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ ԱՀԿ, MedicineNet


















































