Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի անարդարությունը. The Washington Post

Օգոստոս 17,2015 11:58

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթի խմբագիրն անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործին: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն անցյալ շաբաթ Լեյլա Յունուսին դատապարտել էր  8.5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման:

Հեղինակն առանձնացրել է այն փաստը, որ ամուսիններն առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ կարծիք է հայտնել, որ սա մահվան դատավճիռ է: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն անցած մեկ ու կես տարվա ընթացքում վրեժ է լուծում լրագրողներից, իրավաբաններից եւ իրավապաշտպաններից՝ շինծու մեղադրանքներով բանտարկել է 100 մարդու: Մեկ առ մեկ նա այժմ դեն է նետում բանալիները եւ հույս ունի նրանց ընդմիշտ լռեցնել»:

«The Washington Post»-ի խմբագիրը նշել է, որ Յունուս ամուսինները գիտնականների եւ ակտիվիստների խիզախ խմբի անդամներ էին, որոնք իրենց օրինակով փորձում էին ցույց տալ, որ խորհրդային համակարգի  դաժանությունը եւ մռայլ մտածելակերպն ավարտվել է: «Լեյլա Յունուսը փորձում էր հաղթահարել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պառակտումը, իսկ Արիֆ Յունուսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենահամառ եւ հոգատար տարեգիրներից էր: Նրանց ամբողջ անկեղծության համար Յունուս զույգին որակեցին որպես խաբեբաներ եւ Հայաստանի օտարերկրյա գործակալներ, եւ անխիղճ միապետի քմահաճույքով նրանք փտում են բանտում»:

Հեղինակը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն խոսքերին, թե «այս դատավճիռը ցույց տվեց, որ դատարանների անկախությունը եւ օրենքի գերակայությունը լիովին պաշտպանվել է» եւ այսպես մեկնաբանել. «Ցավոք սրտի պարոն Ալիեւը չի դիմանում որեւէ քննադատության: Նման անհեթեթությունն արտասանվում է առանց շփոթության որեւէ ակնարկի»:

Թերթը բոլոր նրանց, որոնք հարգում են Լեյլա եւ Արիֆ Յունուսների ազատության ջահը՝ կոչ է արել, թե նրանք պետք է աշխատեն, որպեսզի ապացուցեն, որ պարոն Ալիեւը սխալ է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31