Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը նույն մարդիկ…

Սեպտեմբեր 04,2015 10:07

Երբ այս տարվա հունվար-փետրվարին ԲՀԿ-ականները «ոչ իշխանական եռյակի» շրջանակներում «իշխանափոխություն էին պարտադրում», նրանք ազնվության մարմնացում էին, խոշոր մտածողներ, ամեն մեկը համարյա թե մի Սպինոզա: Հենց որ նրանք դադարեցին ԲՀԿ-ական լինելուց, համալրեցին «անկախ պատգամավորների» շարքը եւ հանդիպեցին ՀՀ նախագահի հետ, պարզվեց, որ այնքան էլ խոշոր մտածողներ չեն եւ հակառակը` կարող են դառնալ ծաղրի առարկա: Ինչպես կասեր մեր դասականը` «Ի՞նչ է փառքը – այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն»:

Մարդկանց կամ քաղաքական ուժերի նկատմամբ չափազանցված գովասանքները, չափից դուրս հիացական գնահատականները, երբ նրանք համապատասխանում են քո սպասելիքներին, եւ նույնքան չափազանցված նսեմացումը, երբ նրանք այդ սպասելիքները չեն արդարացնում, համատարած երեւույթ են: Երկու ծայրահեղություններն էլ իմաստալից չեն. եթե այդ պատգամավորները ժամանակին լավ բաներ են արել, նրանց, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնել: Եթե կարծում եք, որ հիմա սխալ բաներ են անում, նրանց պետք է… ներել` մարդը սխալական է: Բայց երբ մենք րոպեն մեկ փոխում ենք մեր տեսակետը` տալով հոգեբանա-բարոյական գնահատականներ, դա խոսում է հենց մե՛ր բնավորության անկայունության մասին:

Երկու ամիս առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը այդ կուսակցության եւ նրա համակիրների աչքի լույսն էր` աննկուն հեղափոխական, «ռեժիմի» դեմ պայքարի առաջամարտիկ եւ այլն: Ու հանկարծ մեկ օրում դարձավ, լենինյան լեզվով ասած, «ռենեգատ Կաուտսկի» կամ «Հուդա Տրոցկի»: (Ի դեպ, եթե դու որեւէ մեկին անվանում ես Հուդա, դու հոգուդ խորքում կարծում ես, թե ինքդ Քրիստոսն ես, ինչը, հավանաբար, չի համապատասխանում իրականությանը):

Լյուդմիլա Սարգսյանի արձագանքն էլ նույն տրամաբանության մեջ է: «Գիտեմ ՀԱԿ-ի աշխատաոճը, եւ, բնականաբար, ինձ համար անսպասելի չէր, առավել եւս այն ֆեյսբուքյան զոմբիների խմբի կողմից, որոնք մշտապես դրվում են գործողության մեջ»,- tert.am-ին տված հարցազրույցում նշել է պատգամավորը: Երբ ձեզ գովում էին, զոմբիներ չէին, հիմա զոմբինե՞ր դարձան: Սովորական կուսակցական քարոզչություն է՝ հոգեկան խանգարումների հետ կապ չունեցող: «Զոմբի» բառը բացարձակապես տեղին չէ: Դարձյալ՝ եթե ճիշտ բաներ են ասում, շնորհակալ լինենք կուսակցականներին, եթե սխալվում են՝ ներենք: Պարբերաբար նույն մարդկանց իդեալականացնելը եւ ցեխ շպրտելը հասարակական միջավայրում հանգեցնում է խորը անվստահության:
Իսկ ընդհանրապես կյանքը չափից դուրս կարճ է՝ ցեխ շպրտելու վրա ժամանակ ծախսելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տ.Ա. says:

    Էլի դասեր եք տալիս մարդկանց-իհարկե կյանքը դրա համար կարճ չէ:

  2. Մարդ says:

    Քաղաքականության մեջ հենծ այնպես ներել չկա. Մանկապարտեզ ա , ինչ ա. Մանավանդ որ մարդիք մաստը փոխում են. Ներումը պետք է վաստակել.

  3. Արսեն says:

    Քաղաքացիները (ընտրողները) պատգամավորին ներել-չներերելու հարց չունեն։ Ընդհամենը՝ ընտրում կամ չեն ընտրում՝ հաջորդ ընտրությունների ժամանակ։ Առանց հայհոյելու… ժպտալով՝ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ… Պատգամավորին հայհոյում են, հիմնականում՝ մրցակից պատգամավորների իմիջմեյքերական խմբերը։ Բայց այստեղ էլ՝ կանոններ կան, անիմաստ հայհոյանքը (առանց փաստերի և հիմնավորումների) մեծացնում է հայհոյվողի ընտրվելու շանսերը…
    Ուզում եք հայհոյանքի կոնցենտրացիան և որակը կարգավորել? Պատգամավորին «ներելու» («ըմբռնումով մոտենալու» ..)))..) կոչերը՝ հիմարություն են։ Ընտրողին ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ապահովվեք՝ հայհոյանքը վիրավորանքից կդառնա՝ ձայն բերելու միջոցներից մեկը, և ըստ այդմ կքաղաքակրթվի…

    Իսկ կոնկրետ դեպքում՝ «դավաճան» է թե ոչ՝ Լյուդմիլա Սարգսյանը ..))).. Պատգամավորը կարող է դավաճանել միայն պետության շահերին, իր ընտրողների շահերին, իր քաղաքական ծրագրին… Որ է պետություն?..))).. Ընտրողներն են «ընտրել» Լյուդմիլա Սարգսյանին? ..))).. Քաղաքական ծրագրով է «ընտրվել» Լյուդմիլա Սարգսյանը?..)))…
    Լյուդմիլա Սարգսյանը, եթե ինչ որ մեկին դավաճանել է՝ ապա միայն ՀԱԿ-ին (նախկինում ՀՀՇ ..))).. )։ Քցողին՝ քցելը՝ սուրբ գործ է..)))..

  4. Հրանտ Պապիկյան says:

    Իմ համար՝ ողջ Հայաստանյան ընդիմություն կոչվածը ծաղրուծանակի առարկա է, քանի որ իրենք իրենց բուն էությունը ի ցույց դնելով՝ ամրապնդում են ներկա իշխանությունների դիրքերը: Որքան էլ դժգոհ լինենք այս կամ այն հարցից, մեկ է հո հիմար չենք, որ էս ծաղրածուներին ընտրենք, մտածում են խելամիտ մարդիկ և գնում ընտրում չարյաց փոքրագույնը՝ թողնել ամեն ինչ, ոնց կար… թեկուզ և սրտի կսկիծով, բայց ընտրում են հինը…
    Ոչ մի ընտրակեղծիքի կարիք էլ չկա, ուղղակի մարդիկ այլընտրանք չեն տեսնում: Մեր ԱՅՍ ՈՐԱԿԻ ընդիմությանը ընտրում են միայն մարգինալները, որոնք հավաքվելով մի 10, 20, դե լավ՝ թող լինի 100 հազար մարդ, կարծում են, թե ահա արդեն ողջ տիեզերքը իրենց կողմից է: Բայց փառք աստծո՝ մարգինալները մեր երկրում փոքրամասնություն են: Ճիշտ է ագրեսիվ, ղժղժացող… բայց փոքրամասնություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930