Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ՄԱԶԾ-ը Երևանին կտրամադրի տեխնիկական աջակցություն` «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր» նախապատրաստելու համար

Սեպտեմբեր 07,2015 14:20

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ-Հայաստան) և Երևանի քաղաքապետարանը ձեռք են բերել համաձայնություն` «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ՝ քաղաքի «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» մշակելու և հաստատելու համար:

Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպական նախաձեռնությանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` կամավոր պարտավորություն ստանձնելով իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2015թ. տարեսկզբին ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին քաղաքապետարանի 16 վարչությունների պետեր, այդ թվում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը, ֆինանսական վարչությունը, բնապահպանության վարչությունը, կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչությունները:

Աշխատանքային խմբի հիմնախնդիրն է հավաքել և համակարգել նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման համար (ներառյալ համապատասխան քաղաքային ենթակառուցվածքների և դրանց էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները):

6 ամսվա ընթացքում աշխատանքային խմբին հաջողվել է հավաքագրել մեծածավալ տեղեկատվություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ: Այնուամենայնիվ, հավաքագրված տվյալների համակարգումն ու մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումը պահանջում են զգալի ջանքեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և քաղաքային տնտեսության այլ ոլորտների համապատասխան փորձագետների ներգրավմամբ:

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության պահանջներին համապատասխան «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով դիմել է իր վաղեմի գործընկերոջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի հետ քաղաքապետարանն իրականացրել է էներգախնայողությանն ուղղված մի շարք լայնածավալ նախագծեր շենքերի և բնակելի տների, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգում:

2015 թ. սեպտեմբերի 1-ին ՄԱԶԾ-Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանին «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման հարցում: Ակնկալվում է, որ ծրագրի մշակման համագործակցությունը կհսկվի 2015 սեպտեմբերի վերջին, իսկ արդեն 2016 թվականի սկզբին ծրագրի առաջին տարբերակը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը և Քաղաքային խորհրդի հաստատմանը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930