Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հեշտ չէր». Քարիմ վան Օվարմեյրե

Սեպտեմբեր 07,2015 15:35 Share

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն այսօր հյուրընկալել էր Բելգիայի կազմում գտնվող Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի անդամ Քարիմ վան Օվարմեյրեին, որի շնորհիվ Ֆլանդրիայի խորհրդարանն այս տարվա ապրիլին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Թեև Բելգիան համապետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1998 թվականին, սակայն Ֆլանդրիայի խորհրդարանի ընդունած բանաձևի տեքստը հիմնված է վերջերս Եվրախորհրդարանի ընդունած նույնանման փաստաթղթի վրա:

Քարիմ վան Օվարմեյրեի խոսքով՝ Ֆլանդրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն այնքան էլ հեշտ չէր, և խորհրդարանի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումն առավելագույնն էր, որ հնարավոր էր անել. «Ֆլանդրիայում ապրող թուրքական համայնքը բավականին մեծ է ու կազմակերպված: Էլ չենք խոսում թուրքական լոբբինգի կազմակերպվածության մասին: Այս ամենն անհանգստացնում էր շատ մարդկանց, և նրանք մեզ խորհուրդ էին տալիս զգույշ լինել, քանի որ բանաձևը կարող է խոչընդոտել Թուրքիայի հետ հարաբերություններին: Բայց, բարեբախտաբար, խորհրդարանի մեծամասնությունը կողմ արտահայտվեց բանաձևին և կանգնեց հայերի կողքին»,-­ ասաց Քարիմ վան Օվարմեյրեն:

Նրա փոխանցմամբ՝ Ֆլանդրիայի բնակչության շատ քիչ մասն է տեղյակ՝ ինչ է կատարվել հայերի հետ 100 տարի առաջ: Խորհրդարանականը համոզված է, որ այստեղ մեծ անելիք ունի հենց հայ համայնքը, որը, ըստ Օվարմեյրեի, թուրքականի նման համախմբված ու քաղաքական առումով կազմակերպված չէ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930