Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական քարոզչական նոր ալիք` ընդդեմ Հայաստանի՞

Սեպտեմբեր 10,2015 16:11

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերին արևմուտքն է աջակցել ու նշել. «Վերջերս Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, որն ինչ-որ չափով նման էր 2014 թվականի սկզբին Մայդանում տեղի ունեցած դեպքերին»: Նա որպես հավաստիացում մատնանշել էր այն, որ ցույցերի ժամանակ եվրոպական դրոշներ էին բարձրացվել, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը բռնությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել:

Ռուս պաշտոնյանի այս հայտարարությունները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «բարբաջանքներ էր» համարել:

Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, թե ռուսներն իրենց դերի մեջ են և այդ պաշտոնյան ռուսական քարոզչությանը հարիր եզրակացություն է արել:

Այնուհետև հիշեցրեց ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանությունները ցույցերի օրերին ու մանրամասնեց. «Ջանասիրաբար ուզում էին այդ ցույցերը դարձնել Մայդան և առաջին ռեպորտաժներն էլ այդպես արեցին, մինչև որ հենց իրենք` ցուցարարներն այդ ամենը ծիծաղի չվերածեցին և ցույց չտվեցին, որ առաջին հերթին սոցիալական խնդիրներ են բարձրացված»:

Ashot-Meliqyan_2

Ըստ Աշոտ Մելիքյանի` ռուսական իշխանական ամբողջ վերնախավն ամեն մի բողոքի ցույցի մեջ փորձում է արևմուտքի ձեռքը տեսնել, ինչը նրանց քարոզչության մի մասն է, մինչդեռ պարտավոր էին անաչառ լինել ու հարցնել նաև, թե ինչ են այդ առումով մտածում Հայաստանում:

Մեր այն հարցին`Հայաստանում ՌԴ դեսպանատան լռությո՞ւնն ինչպես մեկնաբանել, Աշոտ Մելիքյանն արձագանքեց. «Նրանց լռությունը նրանով էր պայմանավորված, որ էլեկտրաէներգիայի թանկացման այդ խնդրում ռուսաստանյան ընկերության մեղքը բավականին մեծ է, եթե չասեմ վճռորոշ: Այստեղ նրանք ուղղակի ասելիք չունեին: Եթե նույնիսկ լրագրողների նկատմամբ բռնությունների հարցով ձայն հանեին, մարդկանց մոտ հարց կառաջանար, թե ինչից սկսեց ամեն ինչ»:

Աշոտ Մելիքյանը ևս մեկ անգամ հիշեցրեց. «Ամեն ինչ սկսեց նրանից, որ ռուսական ընկերությունը և նրա դրածոն հայ քաղաքացու հաշվին ուզում էին միլիարդներ դիզել»:

Հարցին` կարո՞ղ ենք ասել, որ ռուսական նոր քարոզչական ալիք է սկսել մայդանյան համեմատությունների առումով, պարոն Մելիքյանը պատասխանեց. «ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունները, մայդանյան համեմատություններն ավելի շատ դրսից են լինում, և ես ՀՀ ներսում որևէ լուրջ մարդուց նման բան չեմ լսել: Դա մեր այդ բողոքի ակցիաների արժեզրկման փորձ է, քանի որ, երբ սոցիալական խնդիրներ լուծելու համար հարց ես դնում, բայց դրսից քաղաքական ֆոն են տալիս, միանգամից այստեղ էլ իշխանությունների ձեռքերում նոր փաստարկ է հայտնվում, ասում են` տեսեք ձեր բողոքն այսպես է մեկնաբանվում: Հայաստանյան ԶԼՄ-ները այս պրոպագանդային պիտի դիմակայեն: Դրանք ի վիճակի են ՀՀ ներսում իրենց լսարանին ապացուցել ու տեղեկացնել, թե ինչում է այս բողոքի իմաստը»:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս թեմաներով միջազգային մամուլից իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելիս հայաստանյան լրատվամիջոցներն իրենց պարտքը պիտի համարեն ամեն ինչ տեղը դնել ու ներկայացնել իրականությունը` համապատասխան մեկնաբանություններով:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930