Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունները բարբաջանքներ են»

Սեպտեմբեր 09,2015 15:13

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի`ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերի վերաբերյալ հայտարարությունը կապված է իրենց` պայքարի նոր թափ առնելու և սեպտեմբերի 11-ի հավաքի հետ:

Նշենք, որ Բաստրիկինը հայտարարել էր, թե ՀՀ-ում անցկացվող հոսանքի թանկացման ցույցերին աջակցել է Արևմուտքը ու շեշտել. «Վերջերս Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, որն ինչ-որ չափով նման էր 2014 թվականի սկզբին Մայդանում տեղի ունեցած դեպքերին»:

Մաքսիմ Սարգսյանը նշեց, թե ռուսները կանխավ նման հայտարարություն են անում, որպեսզի ինչպես անցյալ անգամ, այնպես էլ այս, փորձեն աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ևս ինչ-որ մայդաններ կամ չգիտես ինչեր են կատարվում:

Այնուհետև հիշեցրեց. «Բայց հենց ռուսական լրատվականներն էլ, ֆիզիկապես այստեղ գտնվելով, համոզվեցին, որ իրենց լրիվ այլ բան են ներկայացրել: Ասել էին, թե իբր ակտիվիստները զենքերով են, բայց եկան ու տեսան, թե ինչ տրամադրություններ են, ինչ քաղաքացիներ: Ընդամենը փորձում են իմիտացիա ստեղծել, որ Արևմուտքի հերթական խաղերն են, բայց մեզ մոտ եղել է բացառապես ներքին խնդիր, պահանջ իշխանություններից: Ուստի այդ հայտարարությունները ընդամենը բարբաջանքներ են»:

Նշենք, որ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը նաև շեշտել է. «Բացի այդ՝ բազմության մեջ կային Եվրամիության դրոշներով մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է ցուցարարներին ցույց տային ճանապարհը դեպի «վառ ապագան», որը կունենար Հայաստանը, եթե միանար ԵՄ-ին, այլ ոչ թե ԵՏՄ-ին»:

Այս առիթով Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ այդ դրոշները բերել էր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ինչը տևել է ընդամենը 3-5 րոպե, քանի որ նրա հետ բանակցություններից հետո դրոշները հեռացվել են:

Բաստրիկինը նաև արևմտյան սատարում է համարում այն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում «անհանգստություն» է հայտնել, հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության, այսպես կոչված, «բռնի գործողությունների կիրառման» կապակցությամբ:

Մաքսիմ Սարգսյանն արձագանքեց, թե շատ լավ կլիներ, որ ՌԴ դեսպանատունը ևս դատապարտեր բռնությունը. «Հունիսի 23-ին եղել է բռնություն, որին արձագանքել է ոչ միայն ԱՄՆ դեսպանատունը, այլև միջազգային շատ կառույցներ: Եվ ՌԴ դեսպանատունն իր լռությամբ ցույց է տալիս, որ ինքը կողմ է բռնությանը: Իսկ բռնությունը դատապարտել դեռ չի նշանակում աջակցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930