Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ «օֆշորի գործով. «Առաջին օրվանից են որոշել՝ ոնց ինձ «քցեն»

Սեպտեմբեր 17,2015 17:40

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյան) շարունակվում է քննվել «օֆշորի գործը»:
Շուրջ երեք ժամ տևող դատական նիստի ընթացքում գործով վկա Սասուն Նազարյանը ցուցմունք տվեց դատարանում և նշեց, որ ինքը Փայլակ Հայրապետյանին ճանաչում է դեռ 35 տարի և իր մոտ աշխատել է որպես իրավախորհրդատու: Իսկ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը ժամանակին իր հարևանն է եղել: Այնուհետև նշեց, որ Հայրապետյանը հետագայում ծանոթացել է Սուքիասյանի հետ, հետո գնացել է կառավարություն և խոսել այդ գործարքի թեմայով, հետո հավաքվել են Սևանում խնջույքի, որին ներկա են եղել մագնատներ, նախարարություններից ներկայացուցիչներ: Այդ ժամանակ էլ խոսք է գնացել, որ պետք է 12 միլիոն ներդրում արվի, որ Աշոտ Սուքիասյանը Սիերա Լիոնեից ադամանդ բերեր, որ Հայրապետյանը նոր գործ հիմներ և ստեղծեր շուրջ 3000 աշխատատեղ:
Բայց ըստ Նազարյանի՝ հետո բոլորը հրաժարվել են ներդրում անել, բայց Հայրապետյանն ասել է, թե ինքը կներդնի պահանջվող 12 միլիոն դոլարը: Ուստի իր շենքերը գրավ է դրել, և Աշոտ Սուքիասյանը վարկ է ստացել:

Պարոն Նազարյանը նաև պատմեց. «Աշոտ Սուքիասյանը մի օր վեհափառի տեղակալի՝ Կճոյանի հետ գնում էր արտասահման, Հայրապետյանի հետ մենք գնացինք նրանց ճանապարհելու:Հայրապետյանն ասաց, թե գնում են ժողովի, բայց ես չհավատացի, քանի որ ջինսերով ժողով չեն գնում: Բայց Հայրապետյանը հավատում էր: Փայլակ Հայրապետյանը աստվածավախ մարդ է, աստվածապաշտ է նաև Աշոտ Սուքիասյանը: Նրա տուն մտնելուց տեսնում էիր Կճոյանի նկարը»:

ofshor
Սակայն Աշոտ Սուքիասյանը բանկի մուծումները չի արել, ուստի բանկի աշխատակիցները եկել ասել են, որ հերթով ազատեն Քոչարի 2, Քոչարի 5 շենքերը: Փայլակ Հայրապետյանը ասաց. «Սասուն Նազարյանի հետ գնացինք, հարցրինք՝ ի՞նչ է կատարվում, Աշոտն էլ ասաց, որ ոչ մի բան էլ չեմ մուծելու»:

Պարոն Հայրապետյանը նշեց, որ իր ունեցվածքը Աշոտի Սուքիասյանին չի տվել, այլ ՀՀ կառավարության 23 ներկայացուցիչ կազմակերպությունների ու հայտարարեց. «Առաջին իսկ օրվանից մտածել են, թե ինչպես ինձ «քցեն»: Ո՛նց կարող է չհավատալ, քանի որ խառնված էր հանրապետության երկրորդ դեմքը՝ վարչապետը»:

Այնուհետև վկան պատմեց, որ մեկնել է Աֆրիկա, որպեսզի պարզի արդյոք այնտեղ կան հանքեր, գումար փոխանցվե՞լ է: Այդ ժամանակ Աշոտ Սուքիասյանը բացակայել է Հայաստանից, ըստ Նազարյանի՝ «հավանաբար փախել էր»: Աֆրիկայում Ռուբեն Մկրտչյանը, որը ներկայացել է հանքերի տնօրեն, իրեն ցույց է տվել հանքերը, որոնք համարյա մարած էին և այդպես էլ հստակ չի ասել գումար փոխանցվել է, թե ոչ: Դառնալով 12 միլիոնին, ասաց. «Պետք է այդ 12 միլիոն գումարով ձեռք բերվեր տեխնիկա, որպեսզի ոսկին ու ալմաստը հանվեր Աֆրիկայի հանքերից: Այդպես էլ ոչինչ չառան, միայն մի հին հորատող առան և ուղարկեցին Սիերա Լիոնե»:

Նա նշեց, թե Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին փաստաթղթեր է ցույց տվել, թե հանքերի հիսուն տոկոսը պատկանում էր իրեն:

Պարոն Նազարյանը, ի պատասխան դատավորի հարցի, ո՞վ է մեղավորը, ամփոփեց. «Մեղավոր է Սուքիասյանը, նրա գործող ընկերները»:

Նշենք, որ Սասուն Նազարյանի խոսքից պարզ դարձավ, որ Փայլակ Հայրապետյանը նոտարով հանձնել է շենքերը Սուքիասյանին, որ նա շենքերը դնի գրավ ու գումարը վերցնի և Աֆրիկայի հանքերից ալմաստ ու ոսկի հանի:

Փայլակ Հայրապետյանի պաշտպան Շալիկո Փիրուզյանը Սասուն Նազարյանին հարցրեց, թե ինչու՞ չէր ուշադրություն դարձրել նրան, որ նոտարի կազմած լիազորագրում ավելի մեծ լիազորություններ չտրվեր Աշոտ Սուքիասյանին, այլ Փայլակ Հայրապետյանին: Այդպես էլ այդ հարցի պատասխանը չհնչեց: Փոխարենը պարզվեց, որ Աշոտ Սուքիասյանը Սասուն Նազարյանին իր աչքի վիրահատության համար գումար է տվել:

Նշենք, որ հակասություններ կային վկայի ցուցմունքների և ամբաստանյալի հայտարարությունների միջև: Վկան պնդում էր, թե մինչև Փայլակ Հայրապետյանի հետ հանդիպելը ինքը չի հանդիպել Աշոտ Սուքիասյանին, վերջինս, թե մինչև ծանոթությունը Նազարյանն առաջարկել է համագործակցել Հայրապետյանի հետ: Հակասություններ կային նաև վկայի բանավոր և նախաքննական ցուցմունքներում, ինչի համար նախաքննական ցուցմունքը հրապարակվեց:

Վկայի՝ ցուցմունք տալուց և հարցերից հետո դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին ժամը՝ 12-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930