Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ի բյուջեն մեր երկրում զարգացում չապահովող բյուջե է»

Հոկտեմբեր 02,2015 20:00

Տնտեսագետը համեմատում է այս եւ հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշները

Երեկ, հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2016-ի բյուջեի նախագծին.այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Իսկ կառավարության հաստատած նախագծով, չնայած եկող տարի եւս բյուջեի  եկամուտներն ավելի քիչ են լինելու, քան ծախսերը: Այսինքն` բյուջեով նախատեսված ծախսերն ավելին  են լինելու հավաքած եկամուտներից:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը համադրելով 2015 թվականի բյուջեն 2016-ի հետ, կարծիք հայտնեց, որ  եկող տարվա բյուջեն տնտեսության զարգացման որեւէ հեռանկար ցույց չի տալիս:

Տնտեսագետի խոսքերով՝ «2016 թվականի բյուջեն համեմատելով նախորդ տարվա բյուջեի հետ, կարող ենք ասել՝  զարգացում չապահովող բյուջե է: 2016-ի բյուջեն 2015-ի համեմատ եկամուտների մասով 1-2 միլիարդ դրամով իջեցրել են, 2016 թվականին ակնկալում են քիչ եկամուտներ: Ծախսերի գծով նախորդ տարվա համեմատ աճը կազմում է մոտ 75 միլիարդ դրամ: Այսինքն՝ չնայած, որ եկամուտները քիչ են լինելու, ծախսերն ավելացրել են:

Դեֆիցիտը 2015-ին պիտի կազմի 114 միլիարդ դրամ, բյուջեի ուղերձով եղել է, որ դեֆիցիտը պետք է կազմի 2.3%, բայց հիմա, 2016 թվականի բյուջեի նախագծում գրված է, որ 2015-ի դեֆիցիտը պետք է լինի 3.8%: Այսինքն՝ դեռ 2015- ի բյուջեի նախագծում դեֆիցիտը գրել էին  2.3%, հիմա փոփոխություն են կատարել, քանի որ ավելի մեծ դեֆիցիտ ունեն, քան նախատեսել էին օրենքով»:

Ինչ վերաբերում է 2016-ի բյուջեի դեֆիցիտին, ապա նախագծով այն 3.5 տոկոս է լինելու, եւ ինչպես նկատեց տնտեսագետը, դեֆիցիտն 75 միլիարդ դրամով ավելացրել են նախորդ տարվա համեմատ,  հասցնելով 190 միլիարդ դրամի. «Սա բացասական է երեւույթ է, որովհետեւ եվրոպական չափանիշներով բյուջեի դեֆիցիտը պիտի կազմի 3%»:

Անդրադառնալով  բյուջեի ներքին եւ արտաքին աղբյուրների կառուցվածքին, տնտեսագետն ասաց, որ այստեղ էլ կտրուկ փոփոխություն է նկատվել. «Բյուջեի 190 միլիարդ դրամ պակասորդից 120 միլիարդը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին, ներքին աղբյուրների հաշվին՝ 70 միլիարդով: Այսինքն՝ այս արտաքին աղբյուրները կարող են լինել վարկեր, պարտքեր եւ այլն: Բացի այս, ներքին ռեսուրսները չեն հերիքելու, երբ հրապարակեն բյուջեի կատարողականը, պարզ ցույց կտան, որ դեֆիցիտը բարձր է լինելու»:

Ու չնայած այս տարվա բյուջեի հիմքում 4.1% տնտեսական աճ էր դրված եւ կառավարության անդամները պարբերաբար վստահեցնում էին, որ այդ 4.1%-ն ապահովելու են, սակայն աճի ցուցանիշը փոփոխել են. 2016 թվական բյուջեի ուղերձով այս տարվա տնտեսական աճը 2.5% -է նշված: «Անգամ կանխատեսումը 1.6%-ով իջեցրել են:  Արժույթի միջազգային հիմնադրամն էլ 2.5% աճ կանխատեսել, ու այս թիվը կառավարությունը վերցրել է ու դրել բյուջեի ուղերձում»,- ասաց Խաչատրյանը:

Մեր երկրի ֆինանսական կարեւոր փաստաթղթի՝ 2016 թվականի բյուջե նախագծով ինչ ծախսեր են նախատեսված, որ ոլորտի ծախսերն են ավելացնում, չնայած քիչ եկամուտներին, ու արտաքին պարտքի ավելացմանը, արդյոք կառավարությունը պատրաստվում է բյուջեն տնտեսումներով ծախսել, կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031