Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունն ամփոփվել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով գալահամերգով

Հոկտեմբեր 11,2015 22:39

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներն ամփոփվել են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը կրող գալահամերգով: Տոնական համերգին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և գործընկեր քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր։

Ողջունելով Հանրապետության հրապարակում ներկա հազարավոր համաքաղաքացիներին և տոնական ամփոփիչ միջոցառմանը հրավիրված պաշտոնատար անձանց ու մայրաքաղաքի հյուրերին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի ծննդյան օրը ևս մեկ առիթ է` ներկայացնելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերն ու արձանագրած ձեռքբերումները.

«Մեր հնամենի հոգևոր և մշակութային ահռելի ժառանգություն ունեցող մայրաքաղաքն այսօր ներշնչված է հպարտությամբ, ապրում է ոգևորություն։

Երևանում կրկին տոն է։ Համայն հայության մայրաքաղաքը տոնում է իր ծննդյան 2797-րդ տարեդարձը, և ավանդույթի համաձայն` մեր սիրելի քաղաքի տոնը նշում ենք բարեկամների ու բազմաթիվ հյուրերի հետ։

Հազարամյակների պատմություն ունեցող մեր քաղաքը աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։
Ձեռքբերումներ ունենք քաղաքաշինության, ճանապարհաշինության, բարեկարգման ու մի շարք այլ բնագավառներում և, որ ամենակարևորն է, այսօր բազմաթիվ են մեր բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերի, ապրելու միջավայրի, սոցիալ-կենցաղային կոնկրետ անհրաժեշտությունների բավարարման ու լուծման օրինակները։
Քաղաքային կյանքի գունապնակում օրեցօր ավելանում են նոր գույներ ու երանգներ, որոնցից շատերը մեզանում «առաջին անգամ» խորագիրն են կրում։ Դրանք նոր խոսք են, մտահղացում և մասնագիտական մտքի նոր թռիչք, որոնցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ և ենթակա են ավանդական ու ամենամյա դառնալու։

Ամեն ժամանակաշրջան և ամեն սերունդ իր մթնոլորտն ու միջավայրն է բերում քաղաքին և իր հստակ հետքն է թողնում մեր քաղաքում․ Այսօր հերթը մերն է ու մենք պե՛տք է աշխարհի արագընթաց զարգացումներին ու տեմպին զուգահեռ համաչափ ու համազոր քայլենք։
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն ինքնատիպ կամուրջ է հայրենիքի և աշխարհասփյուռ մեր հայրենակիցների միջև, հրաշալի առիթ՝ է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու մեր համատեղ կայացրած մայրաքաղաքով։ Էրեբունի-Երևանի տոնակատարությունը միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ ևս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը։

Ու այն պետք է լինի Հարմարավետ, Բարեկարգ, Մշակութային, Տոնական, Լուսավոր ու Ժպտացող։
Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյուրս ասենք ՝
Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք։
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»:
«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով գալահամերգն ուղեկցվել է հայ էստրադայի սիրված երգիչների և երգչուհիների կատարումներով:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031