Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արվեստը հայրենիք չունի, բայց հայրենիքը պետք է արվեստ ունենա». (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2015 20:27

«Եթե Սարյանն ստեղծեց հայրենի երկրի էպիկական դիմանկարը, Կոջոյանն այն տոգորեց պատմության և հերոսականության զգացողությամբ, ապա Առաքելյանի գունագեղ երանգապնակը վերարտադրեց բնության մտերմիկ և քնարական գեղեցկությունները: Նա արտասովոր նրբությամբ զգաց ու երգեց հին հայկական գյուղի և գեղջկական կյանքի հմայքը՝ պոեզիա գտնելով հայրենի բնաշխարհի սովորական, աչքի չընկնող անկյուններում»,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, բացվեց նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Ներկայացված են արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունները, էտյուդներն ու էսքիզները: Ընդհանուր առմամբ, ցուցադրված է շուրջ 150 աշխատանք՝ տարբեր հավաքածուներից: Դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:

2015-10-30-15.34 2015-10-30-15.36 2015-10-30-15.39 2015-10-30-15.41 2015-10-30-15.42 2015-10-30-15.44 2015-10-30-15.45 2015-10-30-15.47

Ի դեպ, լույս է ընծայվել նաև մեծածավալ մի ալբոմ, որն ամփոփում է արվեստագետի աշխատանքների հիմնական մասը:

«1916 թվականին, երբ Թիֆլիսում հիմնադրվեց Հայ արվեստագետների միությունը, բացման խոսքը Բաշինջաղյանինն էր: Նա ասաց՝ արվեստը հայրենիք չունի: «Ճիշտ է ասում Բաշինջաղյանը, որ արվեստը հայրենիք չունի, բայց հայրենիքը պետք է արվեստ ունենա»,- քիչ անց իր ելույթում նշեց Սուրենյանցը: Կարծում եմ, որ Սեդրակ Առաքելյանի այս ցուցահանդեսն այն է, ինչի մասին խոսում էր Սուրենյանցը»,- այսօր՝ ցուցահանդեսի բացման ժամանակ, ասաց նկարիչ Փարավոն Միրզոյանը:

Նա կարևորեց ցուցահանդեսի կազմակերպումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավագ սերնդին ևս մեկ անգամ վերհիշելու արվեստագետի գործերը, իսկ երիտասարդների համար, Փ. Միրզոյանի համոզմամբ, Սեդրակ Առաքելյանի արվեստը մի մեծ դպրոց է:

«Ես պատկերացնում եմ՝ ինչ սիրով Սեդրակ Առաքելյանի արվեստի մասին այսօր կխոսեր հայրս՝ Էդուարդ Իսաբեկյանը,- ասաց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:- Ես էլ եմ շատերի նման նրա աշակերտը եղել: Հայ արվեստի մասին խոսելիս երբեք չէր մոռանում Սեդրակ Առաքելյանի անունը, նրա արվեստը, կոլորիտի զգացողությունը, հայրենասիրությունը, հայրենիքի տեսլականը…»:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031