Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնտեղ էլ կան ավազակներ»

Նոյեմբեր 05,2015 12:30

25 տարի անց կրկին հայրենիքում է ամերիկաբնակ երաժիշտ Լեւոն Աբրահամյանը

Արտերկրում ապրող ու ստեղծագործող յուրաքանչյուր հայաստանցի արվեստագետ ունի իր պատճառը: Այլ հարց է, որ ոմանք դրա մասին բարձրաձայնում են, ոմանք՝ ոչ: «Առավոտի» զրուցակիցը՝ ճանաչված դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր եւ մանկավարժ Լեւոն Աբրահամյանը, ով առաջին հայացքից թվում է, թե ոչ մի պատճառ չպետք է ունենար արտերկրում հիմնվելու, բայց արի ու տես, 1990թ. նա տեղափոխվեց ԱՄՆ:
Արվեստագետը 1940-ականների վերջերին ծնողների հետ Եգիպտոսից տեղափոխվել է Երեւան, ուսանել Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետեւ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում որպես դաշնակահար, թավջութակահար, երգեհոնահար եւ դիրիժոր: Ժամանակին անձնական կոնցերտմայստերն էր անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, բեմ է բարձրացել թավջութակահարներ Գերոնտի Թալալյանի, Մեդեա Աբրահամյանի եւ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ, հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար եւ երգեհոնահար, 1970-ականների կեսերից դիրիժորական գործունեություն է սկսել Երեւանի օպերային, կոմեդիայի թատրոններում, ֆիլհարմոնիկ նվագախմբում:

25 տարվա ընդմիջումից հետո Լեւոն Աբրահամյանն առաջին անգամ է այցելել հայրենիք: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 6-ին կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կհնչեն Վերդիի, Բեթհովենի, Խաչատրյանի ստեղծագործությունները, իբրեւ մենակատար էլ հանդես կգա Յու Չժեան (ֆլեյտա, Հարավային Կորեա):

«Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց՝ թվում էր, թե ստեղծագործական զբաղվածության առումով պետք է որ պակաս չունենար, մանավանդ, ամենայն հավանականությամբ, վայելում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին կաթողիկոսի սերն ու հարգանքը, էլ չխոսենք Գոհար Գասպարյանի մասին: «Դուք նշեցիք անուններ, որոնց առջեւ խոնարհվում եմ: Սակայն ողջ ստեղծագործական կյանքիս ընթացքում րոպե անգամ դադար չեմ ունեցել, աշխատել եմ, այստեղից վազել այնտեղ… Բայց խորհրդային տարիներին նման աշխատանքի դիմաց վարձատրվել եմ շատ ցածր»,- ասաց մեր զրուցակիցը: Ռեպլիկին՝ ստեղծագործական շփման մեջ գտնվելով այն տարիներին նման ազդեցիկ դեմքերի հետ…, արվեստագետը չթողնելով ավարտել միտքը՝ ասաց. «Ես մարդու այդ տեսակը չեմ եւ երբեք չեմ շահագործել ազդեցիկ մարդկանց հետ մտերմությունս: Իհարկե, մոտ 35 տարի հանդիսացել եմ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգեհոնահարը: Անշուշտ, երբ կաթողիկոսին հայտնեցի Ամերիկա տեղափոխվելու լուրը, նա չողջունեց դա: Բայց Վեհափառի հանդեպ ունեցած անասելի մեծ հարգանքն ու սերս նույնիսկ ինձ ետ չպահեցին: Մեկնեցի Լոս Անջելես»:

Զրույցի ընթացքում Լեւոն Աբրահամյանը հայտնեց, որ 1992թ. հիմնել է Լոս Անջելեսի առաջին հայկական կամերային նվագախումբը, որն ունեցել է ընդամենը երկու տարվա կյանք: Հիշեց նվագախմբի վերջին համերգներից երկուսը. «Մի երեկո հանդիսատեսին ներկայացրինք Բախի ջութակի ու նվագախմբի երկու կոնցերտները: Իբրեւ մենակատարներ հրավիրել էի լուսահոգի Ժան Տեր-Մերկերյանին եւ հիանալի երաժիշտ Հովսեփ Քեթենջյանին: Իսկ 1994թ. կայացած մեր վերջին համերգին ներկա էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, այն ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռոբերտ Շուգարովը… Համերգը տեղի ունեցավ Կիլիկիո թեմի Սուրբ Կարապետ եկեղեցում: Պետք է նշեմ, որ այդ համերգին ներկա հանդիսականներից շատերը մինչ օրս հիշում են այն եւ ափսոսանք հայտնում կամերային նվագախմբի կազմալուծման առիթով»: Իսկ թե ինչն էր դրա պատճառը, երաժիշտը մտածեց, մտածեց ու առանց մանրամասնելու ասաց. «Էնտեղ էլ կան ավազակներ»:
Հիշեցրինք նրա ղեկավարությամբ Երեւանի օպերային թատրոնում կայացած Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը», Բելինիի «Նորման», Լեոնկավալոյի «Պայացները», Վերդիի «Տրուբադուրը» ու հարցրինք՝ մտադրված չէ՞, արդյոք, կանգնել նաեւ օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ: «Տասնամյակներ անց եկել եմ հայրենիք Էդուարդ Թոփչյանի հրավերով: Եթե օպերային թատրոնն էլ ինձ կմտաբերի՝ ինչո՞ւ չէ, սիրով…»,- հայտնեց արվեստագետը: Հավելեց, որ ներկայումս Լոս Անջելեսում մանկավարժի հարուստ փորձն է փոխանցում նոր սերնդին եւ որպես դաշնակահար, եւ երգեհոնահար, եւ որպես դիրիժոր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30