Լրահոս
Օրվա լրահոսը

Երանելի երկիր Սպիտակի մասին

Նոյեմբեր 07,2015 13:00

Եթե սպիտակցի որեւէ մտավորականի հարցնեն, թե ինչ մասնագիտության տեր է ներկայացվող «Երանելի երկիր…Սպիտակ» գրքի հեղինակը՝ Ֆահրադ Ափուջանյանը, մեկը կասի՝ մանկավարժ, մյուսը՝ լրագրող, մեկ ուրիշը՝ բանասեր… Սակայն, քանզի նույն շրջանի առաջադեմ մտավորականության լայն զանգվածները մոտիկից են ճանաչում նրան, չեն սխալվի, որ նշված բոլոր մասնագիտություններին նա տիրապետում է միասնաբար: Հեղինակը վերջին տարիներին խորությամբ ուսումնասիրել է Սպիտակ քաղաքի եւ գյուղերի կյանքը, ծանոթացել արխիվային, ծխական եւ չափաբերական մատյաններին, հանրապետական փաստագրության տեղեկագրերին: Գրքում օգտագործվել են նաեւ տեղի հեղինակների հրատարակություններից, որոնք, տվյալ դեպքում, տիպականացվել են ողջ շրջանի ոգով: Մինչ այդ, Ֆ. Ափուջանյանը մամուլում հրապարակել է վերլուծական հոդվածներ, ակնարկներ, որոնք նույնպես շնչում են գրականագիտության ոգով:

Եվ այսպես, խորանալով նրա ստեղծագործական կյանքին, գրականության նկատմամբ նրա ձգտումներին, մուտք ենք գործում նրա գրական-հոգեբանական աշխարհը, ապա ի հայտ է դառնում մեր հեղինակի՝ շնորհալի գրող լինելը: Հեղինակն իր առջեւ խնդիր է դրել ներկայիս՝ 600 էջանոց գիքը նվիրաբերել ոչ միայն սպիտակցիներին, այլեւ նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց գիտելիքները, ունակությունները անմնացորդ նվիրաբերել են Սպիտակի զարգացմանն ու բարգավաճմանը, բնակչության գեղարվեստական ոգու պայծառացմանը: Կան անձինք, որոնք, ներկայումս, կյանքի բերումով, Սպիտակում չեն, բայց իրենց համարում են սպիտակցի:

Հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել սպիտակցիների կենսապայմանների բնագավառում, անդրադարձել է բնակչության ծեսերին ու տոներին, ընդհուպ մինչեւ ընտանիքներին ու հարսանիքներին, արհեստներին ու արհեստավորներին, խոհանոցին, ճաշատեսակներին ու ըմպելիքներին: Ելնելով արդի էկոլոգիական պահանջներից, հեղինակը խորապես ընդգրկում է յուրաքանչյուր տարածքի բնական պայմանները, մակերեւույթի բնութագիրը, երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիման, ջրի երկրաբանական պայմանները, բուսական եւ կենդանաբանական աշխարհը:

Այսպիսի լույսի ներքո հաջորդվում են շրջանի տնտեսության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության, շինարարության եւ տրանսպորտի, կապի, առեւտրի ու կենցաղային սպասարկման վիճակն ու խնդիրները: Լայնորեն արծարծվում են բնության պաշտպանության, օդային ավազանի մաքրության եւ, հետեւաբար, բնակչության առողջության նկատմամբ պետական հոգատարության հարցերը: Խրախուսանքի է արժանի, որ դեռեւս գիրքը գրելուց առաջ Ֆահրադ Ափուջանյանը պրպտել ու հայտնաբերել է գրողների եւ արվեստագետների, այլ անվանի մարդկանց գրառումների, հանդիպումների եւ զրույցների ընթացքում Սպիտակին վերաբերող արտահայտություններ եւ խորհուրդներ: Գրքում ընդգրկված են հին Համամլուի եւ նոր Սպիտակի անվանի գործիչները, համահայկական եւ միջազգային ճանաչում ունեցող սպիտակցիները, կուսակցական, պետական, տնտեսական գործիչներ, գեներալներ, Սպիտակի եւ այլ շրջանների ու քաղաքների կուսակցական, խորհրդային, կոմերիտական, տնտեսական ակտիվի ներկայացուցիչներ, գիտնականներ, գրողներ, ժուռնալիստներ, մշակույթի գործիչներ, սպորտսմեններ, կրթության գործիչներ, իրավաբաններ, զինվորականներ:

Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԽՍՀՄ ժուռնալիստների
միության դափնեկիր

«Առավոտ» օրաթերթ
06.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30