Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի բացում Բաթումիում. Armenianchurch.ge

Դեկտեմբեր 08,2015 23:37

Armenianchurch.ge. 2015 թվականի դեկտեմբերի 5-ին, Բաթումիում պաշտոնապես բացվեց Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոն:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և օրվա կապակցությամբ հատուկ Բաթումի ժամանած Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, հոգևոր խորհրդական Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ հայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Կենտրոնի բացումը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, պաշտոնական այլ անձինք:

Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Արարողությունը բացեց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչներին կենտրոնի բացման կապակցությամբ շնորհավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Ջինիշյան հիմնադրամի տնօրենը: Բանախոսները կարևորեցին մեսրոպատառ հայերենի պահպանման, ազգային մշակույթի զարգացման, հայի ինքնության փոխանցման, հայ-վրացական բարեկամության խորացման առաքելությանը նպատակաուղղված կենտրոնի գործունեությունը: Երախտագիտության խոսքեր հնչեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իշխանությունների հասցեին՝ Վիրահայոց թեմի հոգևոր և կրթամշակութային գործունեությանը աջակցելու համար:

Գույնզգույն փուչիկներով ու գեղեցիկ ծաղիկներով զարդարված կենտրոնի ժապավենը կտրելուց և պատի ցուցատախտակը բացելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Նորաստեղծ կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ընդամենը մի քանի ամիս առաջ ձևավորված Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի աշխատանքները, որտեղ գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանն իր 33 հայ մանուկներով, Մեսրոպ Մաշտոց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը՝ երկու դասարաններով և 50-ից ավելի աշակերտներով, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոցը, հոգեբանական դասընթացները և այլն: Ցուցադրվեցին կենտրոնի շենքի ստեղծման գործընթացը պատկերող սլայդներ և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ կենտրոնի աշխատակազմին և Բաթումի հայ համայնքին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթությունների տեսագրությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031