Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եղել է պետական հեղաշրջման փորձ»

Դեկտեմբեր 13,2015 18:10

Դեկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հավաքը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Եռագույնը համբուրելուց հետո ելույթ ունեցավ: Նա խնդրեց նախ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիշատակը. «Այսօր հողին է հանձնվում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նվիրյալ զինվոր Վարդան Վարդանյանը Եղեգնաձորից եւ Մասիսից Կարեն Գրիգորյանը, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելիս, մեր բոլորի անվտանգությունը ապահովելիս»:

Պարոն Հովհաննիսյանը ցանկացավ, որ նրանք վերջին զոհերը լինեն: Նրա ձեւակերպմամբ, մեղավորը թշնամին է, բայց եթե կուսակցապետության փոխարեն իրավական պետություն լինենք, կասկած չկա, որ Հայաստանում նվազագույնի կհասնեն թաղումներն ու զոհերը, արժանի հակահարված կտա թշնամուն: «Քանի դեռ մեզ մոտ կուսակցապետություն է, քանի դեռ ընտրության օրը նույն զինվորներին ուղարկում են կեղծիքների, այս ամենը շարունակվելու է… Այս տղաների մահվան մեջ մեղավոր է կուսակցապետությունը եւ նրա ղեկավարները… Չկա ազգային անվտանգություն, ազգային շահ եւ իրավունք, եթե մեր տունը կարգի հրավիրված չէ… Ով հիմա նրանք, ովքեր քմծիծաղում են, այդ քմծիծաղը շուտով փոխվելու է»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլ անդրադարձավ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամեր առաջ ամփոփեց կեղծ հանրաքվեի պատկերը, կեղծ ու սուտ պատկերը եւ սրանով արդեն դատավճիռ կայացրեց ինքն իր համար, ինքավճիռ, վճիռ՝ ուղղված կուսակցապետ Սարգսյանին, շտաբի պետ Աբրահամյանին, մարզպետ Խաչատրյանին, ովքեր դեկտեմբերի 6-ին կատարեցին դավաճանություն հայ ժողովրդի դեմ: Հայաստանի զրոյական վարկանիշը ամփոփվեց այս իշխանությունների, կուսակցապետության շնորհիվ… Աշխարհը կտեսնի, որ եղել է պետական հեղաշրջման փորձ, որը մենք ձախողելու ենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցական իշխանությունը մեղսակից է պետական հեղաշրջման, եւ ԿԸՀ-ն ինքը պետք է կանչվի որպես ամբաստանյալ:

Ելույթի ժամանակ նորաստեղծ քաղաքական ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» մասին էլ խոսեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովրդի համար ողջունելի են բոլոր հին ու նոր ուժերը, որոնք ոչ թե տանն են նստած, այլ պատրաստ են ժողովրդի հետ պայքարել հանուն նոր Հայաստանի:

Նրա ձեւակերպմամբ, երբեք ուշ չէ միանալ ժողովրդին՝ սուտը կանխելու համար, սակայն այլ հարց է, եթե ուզում են ուղղակի պատրաստվել 2017-ի ընտրություններին: «Եթե ուզում եք պատրաստվել 2017 թ ընտրություններին, ապա դրանք պետք է տեղի ունենան արտահերթ, ոչ թե 2017-ին… Ովքեր ուզում են, ապա պետք չէ սպասել իրենց հերթին՝ երկիր փրկելու համար, թող համագործակցաբար դա անեն ավագ սերնդի հետ, իսկ եթե ուզում եք մրցակցության մեջ մտնել, բացեք ձեր քարտերը, ներկայացրեք ֆինանսավորման աղբյուրները»,- կոչ արեց նա:

Նաեւ տեղեկացրեց, որ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանն արդեն ԵԺԿ քաղաքական վեհաժողովին ներկայացրել է Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրները, դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, ու բոլոր այն եվրոպացի, ամերիկացի եւ ռուս գործիչներին, որոնք հակահայ քաղաքականություն են վարում:

Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, կուսակցապետ Սերժ Սարգսյանը եւ այս իշխանությունների «շնորհիվ» Ռուսաստանը Հայաստանի հետ որպես գուբերնիա է վարվում ու 4 մլրդ-ի զենք վաճառում Ադրբեջանին, որից զոհվում են հայորդիները:

Նա տեղեկացրեց, որ այս շաբաթ կայցելեն մարզեր, նրա ձեւակերպմամբ Նժդեհի ոչ դե Լիսկայի մարզում կլինեն, որտեղ կփակեն Լիսկայի դուռը, իսկ Էջմիածնում կփորձեն հասնել նրան, որ Գարեգին Բ-ն վերջապես Հայրապետ դառնա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մինչեւ ամսի 18-ը հանրաքվեն կեղծող հանցագործ իշխանություններին՝ սկսած Սերժ Սարգսյանից, ավարտած նախարարներով ու մարզպետներով, կոչ է անում հրաժարական տալ, այլապես դեկտեմբերի 18-ին նրանք կլսեն ժողովրդի խոսքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Այս խորհրդաւոր անձը որ ատեն մը շատ սիրուած էր հասարակութենէն հիմա երբեմն կը յայտնուի իր երկար բացակայութիւններէն վերջ —բնականաբար իր պապային մօտ կ՜երթայ–եւ կը սկսի էքսանթրիք ելոյթներով ուշադրութիւն գրաւել ՝հաւանաբար պատուէրով եւ կրկին աներեւութանալ երկար ժամկէտով։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031