Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. Եթե սա արջի ծառայություն է, ապա տեղի է ունենում մասսայական արջի ծառայությունների մատուցման փսիխոզ

Դեկտեմբեր 13,2015 19:16

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ իր ելույթը ներկայացրեց երեք միջնորդություն ներկայացրեց, որոնցից առաջինով խնդրում էր թույլ տալ բոլոր լրատվամիջոցներին գտնվել դահլիճում եւ նիստը լուսաբանել՝ անկախ նրանից հավատարմագրվա՞ծ են, թե՞ ոչ, երկրորդ միջնորդությամբ պատգամավորը խնդրում էր տրամադրել նիստի տեսաձայնագրությունը, եւ երրորդ միջնորդությամբ՝ խնդրում էր ապահովել համապատասխան հնարավորությունները իրենց պատրաստած պրեզենտացիաները ցուցադրելու համար:

Հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բոլոր այն լրագրողները, որոնք հավատարմագրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նրանց համար որեւէ խոչընդոտ սահմանված չէ: Նա հայտնեց նաեւ, որ նիստը առցանց հեռարձակվում է հանձնաժողովի կայքում եւ բոլոր նիստերի տեսագրությունները կայքում հասանելի են: Սակայն, անդրադառնալով երրորդ միջնորդությանը, նա ասաց, որ համապատասխան հնարավորություն առկա չէ, նա առաջարկեց կողմին հրապարակել ապացույցները, հանձնաժողովը կուսումնասիրի դրանք:

Լեւոն Զուրաբյանը արձանագրեց, որ հանձնաժողովը որոշում ընդունեց, որն էապես սահմանափակել է քննության թափանցիկությունը, եւ դրանով հանձնաժողովը ցույց տվեց, որ հակված չէ հարցի օբյեկտիվ քննարկմանը:

«Մեր ունեցած տեղեկություններով` օրինախախտումների եւ ընտրակեղծարարութան արձանագրված եւ ապացուցված ծավալը բավարար է այս հանրաքվեն եւ Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը լիովին կեղծված եւ ոտնահարված համարելու համար: Իհարկե՛, ես ի սկզբանե ցանկանում եմ ասել եւ սա առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը, որ մենք չենք հավատում, որ ինչքան էլ համոզիչ եւ ճշմարիտ փաստեր ներկայացնենք, որ դուք կբավարարեք մեր դիմումը, որովհետեւ մեզ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի կողմից վաղուց հրահանգը տրված է, եւ ձեր այսօրվա առաքելությունը ընդամենը կայանում է նրանում, որ հիմա այդ հրահանգը կկատարվի եւ դուք վերջնական կնիքը կդնեք արդյունքների վրա: Բայց մենք համարում ենք մեր պարտքն, այնուամենայնիվ, այս տեղեկությունները ներկայացնել, որ հետո երբեւէ որեւէ մեկը չկարողանա ասել, որ մենք փաստեր չենք ներկայացրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման որոշում չէր կարող ընդունել: Այսինքն՝ ամբողջ պատասխանատվությունը լինելու է ձեր ուսերի վրա: Եվ այսպես՝ ինչո՞ւ ենք մենք համարում, որ հանրաքվեն ամբողջովին կեղծված է: Ձեր ներկայացրած թվերը որեւէ կապ չունեն իրականության հետ եւ չեն կարող ունենալ: Իրական թվերը լրիվ այլ են, մեր տեղեկություններով՝ այդ հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, ընդ որում գերակշիռ կազմող մեծամասնությունը՝ մոտ 575 հազար մարդ, քվեարկել է «Ոչ», իսկ «Այո» լավագույն դեպքում քվեարկել է 250 հազար մարդ: Այնպես որ իրական արդյունքը սա է, եւ եթե դուք չբավարարեք անվավեր ճանաչելու մասին մեր դիմումը,  նշանակում է գլխիվայր կշրջեք հանրաքվեի իրական արդյունքները եւ կմատուցենք ժողովրդին մի արդյունք, որը չի արտահայտում ժողովրդի կամքը»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ քարոզչության ժամանակաշրջանում խախտվել են մրցակից կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է քարոզչական հավաքների ազատությունը: Ըստ նրա, հանրաքվեն անցել է բազմաթիվ օրինախախտումներով, ներառյալ՝ քվեաթերթիկների լցոնումներ, բռնություն, մատյաններում ստորագրությունների եւ անձնագրային տվյալների կեղծում, բազմակի քվեարկության դեպքեր, կեղծ լրացուցիչ ցուցակների ստեղծում, խարդախություն քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ, ճնշումներ ընտրական գործընթացին մասնակիցների վրա, ինչի արդյունքում խոչընդոտվել է քվեարկության օրինականության վերահսկումը: Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ այդ խոչընդոտներն այնքան շատ էին, որ «Ոչ»-ի շտաբը չէր հասցնում պատշաճ կերպով արձագանքել բոլորին, իսկ հանրաքվեի օրը շտաբը զբաղված էր, ոստիկանությանը, դատախազությանը, ԿԸՀ-ին, ՄԻՊ-ին  այդ մասին հայտնելու գործով:

Լեւոն Զուրաբյանը ասաց, որ ակնհայտ է, որ գործ ունենք լավ կազմակերպված, համակարգային, հրահանգավորված ընտրակեղծարարության հետ, որի նպատակն է ստանալ իշխանությանն անհրաժեշտ արդյունք. «Տեսեք՝ ինչ են ասում իշխանությունները, երբ մենք ներկայացնում ենք իրենց եւ ամբողջ հանրությանը այս աղաղակող փաստերը տեսահոլովակների, ձայնագրությունների տեսքով: Հարց է ծագում՝ արդյոք կարելի՞ է խոսել այսպես կոչված արջի ծառայության մասին: Ի՞նչ է նշանակում արջի ծառայություն, այսինքն՝ ուզում են ասել, որ այս բոլոր մարդիկ, որոնք կատարել են այս հանցագործությունները, չեն ունեցել վերեւից հրաման, չեն գործել կազմակերպված սցենարով, այլ ամեն մեկը ցանկացել է թեկուզ եւ խարդախությամբ, հանցագործությամբ ինչ-որ մի լավություն անել իշխանությանը: Գիտեք, եթե սա արջի ծառայություն է, ապա մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում տեղի է ունենում մասսայական արջի ծառայությունների մատուցման փսիխոզ: Կներեք, ես մեր ժողովրդի, այդ թվում նաեւ տեղամասային հանձնաժողովի, ընտրատարածքային հանձնաժողովի անդամների մասին ավելի լավ կարծիքի եմ, ես չեմ կարծում, որ նրանք մեկ էլ հիվանդացել են մասսայական այսպիսի մի փսիխոզով, եւ տոգորված են արջի ծառայություն մատուցելու մոլուցքով: Եվ ես կարծում եմ, որ նորմալ տրամաբանող յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ եթե մասսայաբար կատարվում են նման իրադարձություններ, ոչ մեկը հիվանդ չէ, գիժ չէ, որ վտանգի իր ազատությունը, եւ գնա քրեական օրենսգրքի բավականին ծանր հոդվածների խախտման: Սա կարող էր տեղի ունենալ, եթե միայն ու միայն կա կենտրոնացված հրահանգ իշխանությունների կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031