Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պետք է 1 ամիս զինված ստորաբաժանում պահել Սեւանի ափերի մոտ»

Դեկտեմբեր 24,2015 23:40

Երեկ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հայտնած՝ սիգի որսագողության մասին կարծիքին, թե դրա դեմ ազգովի պիտի պայքարենք, եւ նախարարությունն ինչ էլ անում է, որսագողություն, այնուամենայնիվ, կա, մասնագետներն պայքարի տարբերակ են առաջարկում:

ԳԱԱ –ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին դժվար է որսագողների դեմ պայքարը. «Գեղարքունիքի մարզի բնակչությունը նյութապես ապահովված չէ, նրանք պայքարում են չմեռնելու համար: Երբ նրանց այսօր արգելում են սիգ որսալ, նրանք ասում են՝ է, սովից պիտի մեռնեմ, ավելի լավ է գնամ բերդում ապրեմ: Խնդիրը միայն բնապահպանական չէ, սոցիալ-տնտեսական է: Պետք է մտածել այդ մարզում այլընտրանքային տարբերակ գտնել բնակչության համար: Այս տարի նախարարությունը մեզ ընդառաջեց, եւ սիգի որսի արգելք մտցրեց նոյեմբերից սկսած, բայց անգամ արգելքն իր վերջնական ուժը չունեցավ: Բայց անգամ այս պայմաններում, եթե 10% չբռնեն՝ արգելքից ելնելով, սա առաջընթաց կլինի»:

Տիկին Ղուկասյանն էլ այն կարծիքն է, որ սիգի որսագողության դեմ պայքարը պետք է լինի ազգովի՝ ակտիվ հասարակական կազմակերպություններով, ոստիկանությունով, բնապահպանական տեսչությունով. «Թե չէ, մի քանի տեսուչ դուրս է գալիս զինված որսագողերի դեմ, սա ռեալ չէ: Այնպես չէ, որ այլ մարզերում սոցիալական վիճակն ավելի լավ է, ուղղակի պետք է 1 ամիս զինված ստորաբաժանում պահել լճի ափերի մոտ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի դուրս գալ լիճ: Եթե որսագողերը տեսնեն, որ կառավարական մակարդակով միջոցառում է, գոնե 1 ամիս կարողանանք ապահովել սիգի վերարտադրության գործընթացը՝ սիգի պաշարներն արագ կվերականգնվեն ու մարդիկ կշահեն»:

Նախարարն անդրադառնալով բնապահպանների այն մտահոգությանը, որ Սեւանա լճում Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծական ծրագիրը խիստ վտանգավոր է, այն լճի էկոհամակարգն է վնասելու, եւ նման կերպ Սեւանին վերաբերվելը՝ որպես ջրամբարի՝ հանցագործություն է, ասել էր, որ որեւիցե մեկը հստակ գիտականորեն չի կարող ներկայացնել, որ այս պետական ծրագիրը բացասական ազդեցություն կունենա Սեւանի վրա: Էվելինա Ղուկասյանն էլ նշեց, որ պետական ձկնաբուծարան ունենալը, հնարավորություն կտա ձկան մայրական կազմ ունենալ. «Հետեւաբար ձկնկիթը դնելով ինկուբացիայի մեջ՝ կունենանք մաքուր մանրաձուկ, սա ողջունելի է»:

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որեւէ գիտական հիմնավորման չի տեսել, որ այդ ձկնաբուծարանը չի վնասելու Սեւանա լճին. «Մեր բոլոր հանդիպումները, այդ թվում նաեւ ծրագրի ղեկավարներից մեկի հետ, ես էլ ոչ մի լուրջ մասնագիտական հիմնավորում չեմ տեսել, որ այդ ծրագիրը լուրջ վտանգ չի կարող ներկայացնել Սեւանին: Կառավարությունը պարտավոր է բոլոր ռիսկերը գնահատի, հանրությանը հստակ, մասնագիտական հիմնավորում բերի, ոչ թե պոպուլիստական խոսքերով ասի՝ այսպես-այնպես կանենք սիգը կփրկենք, այսքան փող կմտնի Սեւանի հիմնադրամ եւ այլն: Կրկնեմ՝ մասնագիտական, գիտական հիմնավորում չեմ լսել, որ վտանգ չի ներկայացնում ծրագիրը, կամ վտանգները կառավարելի են, վտանգները գնահատված չեն: Միայն ասել են, թե տեխնիկապես իրականանալի ծրագիր է, իսկ թե Սեւանի ջրի հետ ինչ կլինի՝ իրենց չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է սիգի որսագողությանը, Գալստյանն ասաց, որ պաշտոնական հիմնավորումները սովորական գործելաոճ են դարձել. «Նրանք, երբ ամեն ինչ հիմնավորում են սոցիալական ծանր վիճակով, կներեք, այս եւ բոլոր կառավարություններն ու կառավարիչներն են բերել սոցիալական այս ծանր վիճակին: Ինչ տեսակի խնդիրներ, որ կան հիմնավորում են դրանով: Նույնը հանքերի դեպքում, ասում են՝ սոցիալական վատ վիճակում են մարդիկ, հանքերը շահագործում ենք՝ աշխատատեղ ենք բացում, ծառերն են կտրում, ձկնագողություն են անում, նույն հիմնավորումն է, հերիք եղավ: Այդ աշխատաոճը, սկսած առաջին մարդուց՝ Բաղրամյան 26-ում նստած, մինչեւ միջին մակարդակի պաշտոնյա, բոլորի 3-րդ խոսքը գալիս է դրան՝ բա ի՞նչ անենք, ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է, մի կերպ պիտի յոլա գնանք, այդպես յոլա գնալով մենք հասել ենք այսօրվա վիճակին: Այս նախախարը չի կարող իրավիճակ փոխի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031