Լրահոս
Օրվա լրահոսը

Հիսուս Փրկչի Սուրբ Ծննդյան տոնական արարողություն կայացավ նաև Արցախի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Հունվար 06,2016 18:06

Հիսուս Փրկչի Սուրբ Ծննդյան տոնական արարողություն կայացավ նաև Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Դեկտեմբերի 5-ն՝ երեկոյան, շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետի կողմից մատուցվեց Ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագ, որով ազդարարվեց Սուրբ Ծննդյան ավետիսը։ Հոգևոր արարողության ներկաները եկեղեցում վառված մոմերն իրենց հետ տուն տարան՝  տոնելու Քրիստոսի Սբ. Ծնունդը: Դեկտեմբերի 6-ին Սբ. Համբարձման եկեղեցու կամարների տակ Հոգևոր հայրը, եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ մատուցեց Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագ: Հայր Աթանասը ներկայացրեց Հիսուսի Ծննդյան խորհուրդը՝ հավելելով, որ մարդկության պատմության մեջ Հիսուսի ծննդով կայացավ հեղաշրջում: Պատարագի մատուցումից հետո Հայր Աթանասն աղոթքով դիմեց առ Աստված՝ խաղաղություն մաղթելով ողջ աշխարհին, զորություն, բարգավաճում հայ ժողովրդին, արիություն, զգոնություն, կամքի ուժ հայ զինվորին: Պատարագից հետո Սուրբ Ծննդյան պահք պահածները Սուրբ հաղորդություն ստացան վարդապետի կողմից: Հայր Աթանասը տեղեկացրեց, որ ,«Հիսուս» անունը եբրայերենից թարգմանվում է որպես «փրկիչ»:

Հրեշտակապետի բերանից տրվեց ավետիսը Սուրբ Մարիամին, որ նա որդի պետք է ծնի և անունը Հիսուս պետք է դնի: Հիսուս, այսինքն՝ փրկիչ: Իսկ Տերը մարդկությանը պետք է փրկեր մեղքից, անեծքից, սատանայի իշխանությունից, մահվան սպառնալիքից, դժոխքից և կռապաշտությունից: Հայր Աթանասը տեղեկացրեց նաև, որ եկեղեցական տոներից առավել կարևոր են Սուրբ Ծնունդը և Հարությունը, և միայն դրանց ժամանակ է կատարվում Ճրագալույց, որը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Սբ. ծննդյան Սբ. Պատարագից հետո Եկեղեցու ծխական խորհրդի կողմից 2016 թվականին Սբ. Համբարձման եկեղեցու քավոր կարգվեց Սայաթ Լոքյանը(շրջանի նախկին զինկոմը): Այնուհետև հոգևոր հայրը կատարեց Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով, աղոթքներով օրհնեց ջուրը, որն ունեցավ հրաշագործ էություն և բաժանվեց ներկաներին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ստանալով օրհնված ջուրը՝ մարդիկ համբուրեցին եկեղեցու քավորի ձեռքում պահած Սուրբ Խաչը և ջուրը տուն տարան: Սուրբ արարողություններին ներկա էին բերձորցիներ, հյուրեր: Հոգևորականների կողմից հայտարարվեց նաև, որ հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Առավոտյան` Սբ. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է։ Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է  նաև Տնօրհնեքը։

   Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031