Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբագետ. «Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքներին կարճ կյանք է մնացել» (Տեսանյութ)

Հունվար 12,2016 12:56

«Պարսից ծոցի երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, փորձում են կանխել Իրանի առաջխաղացումը: Արաբական միացյալ Էմիրություններն ու Քաթարն էլ Իրանից հետ կանչեցին իրենց դեսպաններին. այդ պետությունները հակազդեցության մեջ են եւ պայքարում են միմյանց դեմ»,-«Արմենպրես» գործակալության մամուլի սրահում, խոսելով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների սրացումից՝ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

Նրա խոսքով՝ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Էլ-Ռիադ նպաստեց, որ Սաուդյան Արաբիան սադրի Իրանին. «Անմիջական բախումներն անհնար են, այդ մասին սաուդական կողմը հայտարարեց, սակայն այս ամենից սիրիական ճգնաժամի հաղթահարման գործընթացը մշուշոտ է դառնում: Ճգնաժամում ներգրավված են եւ Իրանը եւ Սաուդյան Արաբիան որպես հակառակորդ կողմեր, որոնք տարբեր շահեր են հետապնդում: Դժվար է լինելու ներկա լարված իրավիճակում Մերձավոր Արեւելքում հասնել համաձայնության: Առանձին երկրներ կորցրել են ինքնիշխանությունը, փխրուն կայունության մեջ են: Հետեւաբար, այս փուլում վիճարկելի է խոսել հակամարտությունների կարգավորման մասին: Ճգնաժամային իրավիճակում են նաեւ Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը»:

Բանախոսը հիշեցրեց, որ սիրիական հակամարտության մեջ ներգրավված են ոչ միայն գերտերություններ, այլեւ տարածաշրջանային ուժեր. «Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Քաթար եռանկյունին բացասական ուժ է, որը միլիարդներ ծախսեց՝ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու եւ իրենց ցանկացած ուժերին իշխանության բերելու համար: Սիրիայի կառավարության հետ բանակցող ընդդիմադիրները եւս տարանջատված են, չկա միասնական դաշինք: Ընդդիմությունը բաժանված է իրեն հովանավորող պետությունների թիմերի միջեւ: Որոշ սիրիական ընդդիմադիր ուժեր գործընթացում ներգրավված չեն եւ դժգոհ են ընդդիմադիր քաղաքական դաշտի ձեւավորումից»:

Արաբագետը նկատեց, որ սուննի-շիա հակամարտությունն ավելի է խորանում. «Դավանաբանական երանգավորումներն ավելի ցավոտ են դարձնում հակամարտությունները: Չի բացառվում, որ այդ կրոնական համայնքները ենթարկվեն հետապնդումների եւ առանց այդ էլ բարդացնեն իրավիճակը Մերձավոր Արեւելքում»:

Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ մերձավորարեւելյան զարգացումները Հայաստանին անմիջականորեն չեն առնչվում. «Բայց այն փաստը, որ մեր համայնքները զգալի կորուստներ են կրում, խոսում է այն մասին, որ մենք եւս տուժել ենք այս հակամարտությունից: Ամեն ինչ այսքանով վերջացած չէ: Քրիստոնյա համայնքներին կարճ կյանք է մնացել, արտագաղթի տեմպերը մեծ են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031