Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտում դոպինգային սկանդալի հանգուցալուծմանը քիչ ժամանակ է մնում

Հունվար 13,2016 13:00

Մրցաշրջան 2015-ը Հայաստանի ծանրորդների համար բավականին հաջող ստացվեց: Ճիշտ է, մեր ծանրորդները Հյուսթոնում անցկացված աշխարհի առաջնությունում երկամարտում մեդալների չարժանացան, սակայն առաջնության ավարտից շատ չանցած՝ դեկտեմբերին, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան պաշտոնական տեղեկություն տարածեց, որ երկու տասնյակից ավելի մարզիկներ, նրանց թվում՝ 77 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած կորեացի Կիմ Կվանգ Սոնգը եւ գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը, կասկածվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ եւ ժամանակավորապես հեռացվել են IWF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից: Եթե դա հաստատվի, ապա մեր տղամարդկանց հավաքականի երկու ծանրորդներ՝ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը կհռչակվեն երկամարտում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, իսկ մեր ընտրանին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության ոչ թե հինգ, այլ վեց վարկանիշ կունենա:

«Առավոտը» Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանից հետաքրքրվեց, թե նորություններ կա՞ն դոպինգային այս պատմություններից:
«Մեր տեղեկություններով՝ գործընթացը դեռ չի ավարտվել: Ամանորի առիթով միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը բոլոր ազգային ֆեդերացիաներին, այդ թվում՝ նաեւ մեզ, պաշտոնական շնորհավորական գրություն է ուղարկել եւ բարեմաղթանքներ է հղել: Նաեւ նշել է, որ միջազգային ֆեդերացիայի նախագահության նիստում որոշվել է, որ 2016 թվականին դոպինգի դեմ պայքարն ավելի խիստ է լինելու, որպեսզի օլիմպիական խաղերում «Արդար մրցակցության» գաղափարը պահպանվի: Պարոն Այանը նաեւ հաստատել է, որ, իրոք, 24 մարզիկներ աշխարհի առաջնությանը «մաքուր» չեն մասնակցել եւ որ նրանց հետ կապված որոշումներ անպայման կկայացվեն: Ըստ կանոնակարգի, առաջին սրվակի բացումից հետո դրական արդյունք ստացած մարզիկին 20 աշխատանքային օր է տրվում, որպեսզի կարողանա բողոքարկել, բացել տալ երկրորդ սրվակը: Ի՞նչ շարունակություն է սպասվում: Կարծում եմ՝ երկար սպասելու հարկ չի լինի: Ասեմ միայն, որ չեմ հիշում որեւէ դեպք (հնարավոր է, ժամանակին լաբորատորիաների վատ հագեցվածության պատճառով մեկ բացառություն եղած լինի), երբ երկրորդ սրվակը բացելուց հետո առաջինի զննման արդյունքով կայացված որակազրկման որոշումը չեղյալ հայտարարվի», – ասաց Վահան Խեչանյանը:

Իսկապես, հակադոպինգային լաբորատորիաներն այսօր հագեցված են գերժամանակակից սարքավորումներով եւ բացառվում է, որ դրանք սխալվեն: Այնպես որ, Հյուսթոնում դոպինգի մեջ բռնված բոլոր 24 ծանրորդներն էլ, կարելի է ասել, կարող են մոռանալ Ռիոյի օլիմպիական խաղերը: IWF-ի վերջնական որոշումից հետո, եթե օրինազանց ծանրորդները պատժվեն, աշխարհի առաջնության արձանագրություններում, օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած երկրների դասավորությունում եւ մասնակիցների ցուցակում բավականին փոփոխություններ կլինեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031