Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստում ներկայացվել է վերջին օրերի համաճարակաբանական իրավիճակը

Հունվար 14,2016 16:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի հանձնարարությամբ վերջին օրերին համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների, պայմանավորված է եվրոպական տարածաշրջանում համանման հիվանդությունների զգալի աճի հետ, մասնավորապես, A տեսակի գրիպի, որի 56 տոկոսը, ըստ համապատասխան տվյալների, պայմանավորված է H1N1 հարուցիչով: Դեկտեմբերի 30-ին վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարի գլխավորությամբ ձևավորվել է արագ արձագանքման խումբ և կատարված աշխատանքների մասին ամեն օր զեկուցվել է վարչապետին: Երկու հիմնական ուղղություններ են զարգացել, մեկը՝ կանխարգելիչ, որը կրել է և´ օպերատիվ բնույթ, և´ պլանային: Պլանայինից կարող եմ նշել, որ մենք դեռևս սեպտեմբեր ամսից կազմակերպել ենք H1N1 հարուցիչի դեմ պայքարի համապատասխան դասընթացներ բժիշկների համար, շուրջ 15000 մարդու պատվաստվել է կամավոր սկզբունքով, ներառյալ խոցելի խմբերը՝ մասնավորապես, մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում գտնվող անձինք, ընդունարանների և առաջնային օղակի բուժանձնակազմը: Ուժեղացվել են, համապատասխանաբար, սահմանային անցումային կետերում գտնվող մեր ծառայությունները: Ամսի 8-ից հետաձգվել են դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները: Սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը: Բուժական աշխատանքներից կազմակերպվել է շուրջօրյա պոլիկլինիկական ծառայությունների աշխատանք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի հետ համատեղ, ներառյալ շաբաթ և կիրակի օրերը:

Ընդհանուր առմամբ 20000-ից ավելի այցելություն է եղել պոլիկլինիկական ցանց, որից 7000-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Հիվանդանոցային ցանցն աշխատել է շուրջօրյա ծանրաբեռնվածությամբ: Այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420 հիվանդ գտնվում է թոքաբորբերով, 114 հղի կին գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղի կանայք են, վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ: Երեխաների թիվը կազմում է 796՝ ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը: Ցավոք, արձանագրվել են նաև մահվան դեպքեր. մինչև տարվա սկիզբ՝ 3 դեպք, այս տարվա ընթացքում՝ 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը: Բոլոր մահվան դեպքերը եղել են վերակենդանացման բաժիններում՝ ուղեկցող հիվանդություններով կամ ուշ դիմելիության պայմաններում: Այս պահին 11 հիվանդի միացված է արհեստական շնչառության ապարատ, և նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ամբողջ գործընթացը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակում՝ անկախ սոցիալական կարգավիճակից և արտոնություններից: Համապատասխան դեղորայքով հագեցած է եղել հիվանդանոցային ցանցը, ներառյալ համապատասխան հարուցիչի դեմ պայքարի «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը տրվել է անվճար սկզբունքներով: Երեկվանից այդ դեղը անվճար տրվում է նաև ամբուլատոր ցանցում: Մինչ այդ այլ տեսակի հակավիրուսային դեղերը ևս տրամադրված են եղել պոլիկլինիկական ցանցում: Երեկ տեսնելով, գնահատելով, որ ներհիվանդանոցային վարակների խնդիր կարող ենք ունենալ, նաև ամբուլատոր ցանցին ենք տրամադրել՝ հաշվի առնելով, որ բնակչության հիմնական զանգվածը գնում է դեպի հիվանդանոցներ և ոչ թե պոլիկլինիկաներ: Առավոտյան տվյալներով, երեկվա երեկոյան տվյալների հետ համեմատած, ունենք դեպքերի քանակի նվազում: Սակայն հաշվի առնելով, որ հոսպիտալացված ընդհանուր հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, և քանի որ մեր կանխարգելիչ միջոցառումների ցանկում դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքների մեկ շաբաթով հետաձգումը տվել է իր արդյունավետությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով երկարաձգել ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Շարունակվում են նաև կանխարգելիչ և բուժական աշխատանքները, որի մասին կտեղեկացնեմ հավելյալ»:

Պատասխանելով Հովիկ Աբրահամյանի հարցերին՝ նախարարն ընդգծել է, որ սուր շնչառական հիվանդություններով վարակված բոլոր քաղաքացիների հիվանդանոցային բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչպես նաև հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: Վարչապետը հանձնարարել է կարգավորել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգելու հարցը:

Այնուհետև զեկույցով հանդես է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով վարչապետի հանձնարարականի հիման վրա տնտեսության մի շարք ոլորտներում անցած տարվա վերջին իրականացրած վերահսկողության, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների ուսումնասիրության արդյունքները:

«Ձեր հանձնարարականի հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անցած տարվա վերջին խիստ վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում: Նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերությունները, այսպես ասած, գերիշխող դիրք զբաղեցնողները Ամանորի նախաշեմին, առիթից օգտվելով, գների անհիմն թանկացումներ իրականացնեն: Այդ նպատակով հանձնաժողովն զգուշացրել է բոլոր խոշոր ընկերություններին, որ գների անհիմն թանկացումները համարվելու են գերիշխող դիրքի չարաշահումներ և կիրառվելու են խիստ պատասխանատվության միջոցներ այդ տնտեսվարողների նկատմամբ: Այնուհետև հանձնաժողովի աշխատակիցներն Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով գնային մոնիթորինգ են իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր սուպերմարկետներում, որից հետո մոնիթորինգի արդյունքները համեմատվել են տնտեսվարողներից ստացված տվյալների հետ: Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքի գծով: Դրանք այն ապրանքներն են, որոնք ունեն սոցիալական նշանակություն և ներմուծվում կամ արտադրվում են խոշոր ընկերությունների՝ գերիշխող դիրք զբաղեցնողների կողմից: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին, ալյուրին, ցորենին, այդ ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ինչպես նաև ավտոմեքենաների վերալիցքավորման համար օգտագործվող բնական գազը: Բոլոր այն ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել, գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով, իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար, ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ չափով ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակներին, մասնավորապես, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, որոնք նույնպես մեծ չափով ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքը որոշակիորեն արժեզրկվել է մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ: Պարոն վարչապետ, որպեսզի իմ ներկայացրած տեղեկատվությունը հետագայում տարակարծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, այսօր առավոտյան ես հանձնարարել եմ, որպեսզի մեր ուսումնասիրության արդյունքները տեղադրվեն հանձնաժողովի ինտերնետային կայքում, որպեսզի հստակ երևա, թե մեր ուսումնասիրությունները կոնկրետ որ ապրանքներին և որ խանութներին են վերաբերում», -նշել է Արտակ Շաբոյանը: Անդրադառնալով 30 տոկոս ալյուրի գների իջեցմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում: Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է և այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»: Գործադիրի ղեկավարն առաջարկել է մեկ տասնյակ խոշոր ընկերություններում ևս մեկ անգամ ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու, թե գները ինչու հավասարաչափ չեն իջեցվել:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031