Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. «Տոնածառ դնելով ոչինչ չի սպառնում իշխանությանը». «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2016 11:28

Ինչու Գեւորգ Սաֆարյանը Նելսոն Մանդելա չէ կամ ինչու է իշխանափոխության համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի սկսած պայքարը վերածվել Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար կամ վրան տեղադրելու արգելքի դեմ պայքարի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանի՝ օրերս ֆեյսբուքում արած այս գրառումը իր բացատրություններով, բուռն քննարկումների առարկա էր դարձել ՖԲ հայկական տիրույթում։

– Ձեր ֆեյսբուքյան վերջին գրառումը «Նոր Հայաստանի» սկսած պայքարի մասին բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Դուք ինչո՞ւ եք այդպես կարծում։

– Ես մտածում էի՝ ինչն է պատճառը, որ տոնածառ տեղադրելու պատմությունը դառնում է նոր քաղբանտարկյալի առիթ, երբ տոնածառ դնելով ոչինչ չի սպառնում իշխանությանը։ Եվ հանգեցի այն պատասխանին, որ ամեն անգամ, երբ իշխանությունները թույլ չեն տալիս ինչ-որ գործողություն անել եւ արդյունքում հրահրում են հրմշտոց եւ ապօրինի ձերբակալություններ, պայքարը իշխանության դեմ վերածվում է դրա ընթացքում իշխանության իրագործած անարդարությունների դեմ պայքարի։ Մի շարք ընդդիմություններ են այս ծուղակի մեջ ընկել։

«Իշխանություն, հեռացիր»-ը այդպիսով վերածվում է «թողեք պաստառ դնենք»-ի, հետո այդ պաստառ դնելու համար ծախսում են մի քանի օր, դնում են պաստառը, ներկայացնում են որպես փոքրիկ հաղթանակ, հետո հաջորդ օրը տոնածառ չեն կարողանում դնել եւ այդպես շարունակ, ապա հայտնվում են քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալները ազատվում են…, այսինքն, ընդդիմությունը ակամա մտնում է իշխանության տրամաբանության մեջ, երբ անընդհատ ստեղծում են արհեստական խնդիրներ, որոնք հետո արհեստականորեն լուծվում են, բայց իրական խնդիրը՝ երկրում ժողովրդավարություն հաստատել՝ իշխանափոխության հասնելու ճանապարհով, մնում է մոռացված։

Հայաստանում ավանդույթ կա, որ ընդդիմադիր ուժերը չպիտի քննադատեն իրար կամ պիտի համերաշխություն ցուցաբերեն։ Ես ինքս էլ այդ տրամաբանության մեջ էի, շատ դժվարությամբ կարողացա քննադատական բան գրել քաղբանտարկյալի մասին, Գեւորգ Սաֆարյանը միանշանակ ապօրինի կերպով ձերբակալված քաղբանտարկյալ է։ Բայց, այնուամենայնիվ, ես եկա այն եզրակացության, որ շատ դեպքերում միակ ձեւը հենց առողջ քննադատությունն է։

– Մի խոսքով, կարծում եք, որ իրենց պայքարը գոնե այս փուլում դատապարտված է տապալմա՞ն։

– Արդեն տապալվել է։ Ի սկզբանե է տապալված եղել։ Ու պետք է տարբերակել՝ Հայաստանը բռնապետություն չէ։ Բռնապետությունը Հյուսիսային Կորեան է, ԽՍՀՄ-ն էր, Սադամի Իրաքն էր։ Հայաստանը ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող կոռումպացված երկիր է։

Հայաստանը, բարեբախտաբար, չի վերածվել տոտալիտար երկրի ու դա՝ շնորհիվ բոլոր պայքարողների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն ինքնամարգինալացվել ու ասել, որ բռնապետության պայմաններում ոչինչ պետք չէ անել, բացի փողոցային պայքարից կամ ինքնապաշտպանությունից կամ զինված ինքնապաշտպանությունից, որը իրենց ասածի ամենավտանգավոր մասն է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031