Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Եթե «պալատական» գրող չես, ապա միշտ էլ իրենց համար կասկածելի ես»

Հունվար 26,2016 11:32

Նոյեմբերյանցի գրող, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանին հարցրինք 2015-ին իր գրական ձեռքբերումների եւ այս տարվա ստեղծագործական նպատակների մասին:

«Ստեղծագործական առումով անցյալ տարին պետք է հաջողված համարել: Երկու գիրք լույս ընծայեցի, որոնցից մեկն «Արջաորսի այբուբենը», որն իրենից ներկայացնում է վերջին 25 – 30 տարվա տարեգրություն ու հրապարակագրությունը, արժանացավ Հայաստանի գրողների միության նախագահության տարվա գլխավոր մրցանակին: Անցյալ տարի հայրենիքին և հայոց բանակին նվիրված բանաստեղծական շարքի համար արժանացա նաև Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության մրցանակին, գրական վաստակի համար էլ մշակույթի նախարարությունն արժանացրեց «Գրիգոր Նարեկացի» շքանշանի: Կարծում եմ՝ մեկ տարվա համար, ինչպես ասում են, վատ հունձք չէ, մանավանդ «գրողաշատ» մեր ժամանակներում, առավել ևս՝ մայրաքաղաքից ու գրա-մրցանակային թոհուբոհից բարոյապես ու ֆիզիկապես շատ հեռու գրողի համար: Ստեղծագործողն ի սկզբանե մրցանակ ստանալու ակնկալիքով չի գրիչ առնում, սակայն մրցանակն, անշուշտ, վերաբերմունք է, գնահատական եւ խթան է հանդիսանում նոր գործերի համար: Այս տարվա համար դեռեւս որոշակի պլաններ չունեմ : Այնուամենայնիվ, գրված բավականին գործեր կան, պետք է հրատարակել, գրական ընկերներս խորհուրդ են տվել նաև իմ ֆեյսբուքյան էջից «ծաղկաքաղ» տպագրել, տեսնենք: «Անտարես» հրատարակչությանն եմ ուզում ժողովածու ներկայացնել: Տեսնենք էլ ինչ կմտածեմ, տարին նոր է սկսվում:

Ստեղծագործող մտավորականությունը հասարակության եւ իշխանությունների կողմից հարգանքի եւ ուշադրության արժանանո՞ւմ է: Բեգլարյանը հարցին պատասխանեց .« Իհարկե ոչ, հասարակայնությունը այլևս դարձել է անընթերցող, եթե նույնիսկ ընթերցում է, ապա նախընտրում է համակարգչային դյուրին, ու մակերեսային ձևը, եւ բացի այդ, ընթերցողները կարծրատիպեր են դարձել …. համաշխարհային կամ ազգային գրականությունից մի քանի անուն գիտեն, որոնց բոլոր գործերին չէ, որ ծանոթ են: Այսօր մեզանում եթե դիմենք, թե ո՞վ է ամենալավ գրողը, այսպես ասած ՝«ժողովրդական» հարցով, ապա գրեթե բոլորը միաբերան կտան Հրանտ Մաթևոսյանի անունը: Համոզված չեմ, թե բոլորն են կարդացել , առավել ևս՝ բան են հասկացել հատկապես վերջին տարիների գրածներից: Շատ դժվար է ժամանակակից գրողը կարողանում հաստատվել, երբ ընթերցողի մտածողությունն ու ընկալումը կաղապարակուռքային է:

Ինչ վերաբերում է իշխանության վերաբերմունքին, ապա պետք է ասեմ, որ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այսօր, եթե դու «պալատական» գրող չես, ապա միշտ էլ իրենց համար անվստահելի ես, կասկածելի ու ապոլիտիկ: Հարցրեք մեր տարածաշրջանի իշխանավորներին՝ քանի՞սն են կարդացել իմ գրքերը, քանի՞սը գիտեն անցյալ ու նախկին տարիների գրական մրցանակներիս, նվաճումներիս ու հաջողություններիս մասին, քանի՞սն են գոնե սրտանց ուրախացել ու մարդկայնորեն շնորհավորել …… Էէէհ, մի խոսեցնի, Աստված կսիրես»:

Ս. Բեգլարյանը Հայաստանում տիրող մշակութային ճգնաժամի եւ դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ նշեց. « Մշակութային ճգնաժամը համատարած է: Կինոարվեստն արդեն իսկ խեղդվել է սերիալների ծանծաղուտներում ու ճահիճներում; Երաժշտության գագաթնակետերը օպերան է , բալետը, լայն ծավալի սիմֆոնիկ ստեղծագործությունը: Ե՞րբ է գրվել հայկական վերջին օպերան կամ բալետը: Արդեն քանի տարի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությամբ ենք ոգևորված: Թատրոնից ընդհանրապես նավթալինահոտ է գալիս, տեսածս վերջին իսկապես թատերական գործը «Կորիոլանն» է, բեմերը լցված են էժանագին Թոխատյանա էլ չգիտեմ ինչյանա «կատակերգություններով » …. դրանք կատակերգություն չեն, դա թատրոն չէ, այլ՝ իշխանության դեմ անհաջող ֆելիետոն կամ տափակ անեկդոտ: Նկարչության բնագավառում ևս ծաղկունք չկա: Ասացեք տեսնեմ՝ Մինասից հետո, «Ավարայրից» հետո այլևս որեւէ տպավորիչ գործ տեսե՞լ եք: Այլ կերպ չէր էլ կարող լինել, մշակույթը չի կարող լինել ու գոյատևել ինքնաբավությամբ, առավել ևս՝ մեր երկրում … ուր չգիտես թե ինչու գիրք գնելու, թատրոնի, դասական համերգի տոմսի, լավ ցուցահանդեսի փող չունեն, բայց հրապարակներն ու մարզադահլիճները կպայթեն ու կճռռան արմենչիկների, թաթաների ու հայկոների համերգներից :

Ասում եք, թե որո՞նք են հաղթահարման ուղիները : Հաղթահարման ուղին մարդկանց գլխի և հոգու միջով պետք է անցնի, որոնք այժմ այլ խնդիրներով են լեցուն: Այդ ճամփաներն այժմ թանկարժեք ավտոներով են ծանրաբեռնված, ուստի մշակույթին նեղլիկ կածաններն են մնացել ….»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031