Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո մարդիկ պետք է բարոյականություն էլ ունենան. մինչեւ քննադատելդ, հարվածելդ՝ մի հատ հասկացիր»

Հունվար 29,2016 14:30

Արծվիկ Մինասյանն արձագանքում է
ՀՅԴ-ին քննադատող «թիթեռի կյանք ունեցող» քաղաքական գործիչներին

Ձեզ այս օրերին շատ են քննադատում, որ սկզբունքներին դավաճանել եք, որ 7 կետեր էիք առաջ քաշում, դրանց կարեւոր կետերը չեն կատարվել, բայց այս իշխանության հետ նորից ոտք եք մեկնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը:

«Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք այդքան շատ են ընդունում ՀՅԴ-ի գաղափարախոսությունը եւ մոտեցումները, առնվազն պետք է մեր շարքերում լինեին, որ իրենց իրավունք վերապահեին գնահատել՝ որքանով է ՀՅԴ-ն իր գաղափարախոսությանը հետեւում: Ես այդպիսի գնահատականները համարում եմ սիրողական մակարդակի եւ լուրջ չեմ վերաբերվում այդ մարդկանց: Մենք ոչ միայն չենք հակասել մեր սկզբունքներին, մենք հենց մեր սկզբունքներին ենք հետեւել: Սահուն ձեւով մի շարք ԶԼՄ-ներ, ակտիվ քաղաքական ակտիվիստներ փորձեցին ներկայացնել, թե ՀՅԴ-ի 7 կետերը ուլտիմատումներ են: Այդպիսի բան չկա եւ չի եղել: Երբեք մենք ուլտիմատումով չենք խոսել: Մենք ասել ենք՝ այս կետերը ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են, որոնց լուծմամբ երկիրը կդիմագրավի արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ դուրս կգա զարգացման մի նոր փուլ: Հայտնել ենք պատրաստակամություն համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, ում համար ընդունելի են այս մոտեցումները: Ոչ թե՝ կատարվեին դրանք: Եթե կատարվել են, էլ ինչի՞ մասին պետք է խոսեինք: Այդ համագործակցության արդյունքում է, որ մենք ունենք սահմանադրական փոփոխություններ: Հակառակ դեպքում՝ եթե մենք նստեինք մի անկյունում եւ ասեինք՝ քանի չեք կատարել, մենք չենք կարող համագործակցել, կստացվեր, որ դու հետեւողական չես քո մոտեցումների, քո սկզբունքների շուրջ»:

Մեր դիտարկմանը, որ համագործակցելով իշխանությունների հետ՝ դուք նաեւ կիսելու եք պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ պիտի կիսենք: Երբ քարոզում էինք սահմանադրական փոփոխությունները, մենք արդեն ստանձնել ենք պատասխանատվություն: Հիմա այդ պատասխանատվությունը լիարժեք դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ իշխանական լծակի տիրապետես, որ կարողանաս դա կյանքի կոչել: Հակառակ դեպքում դու կարող ես նստել ԱԺ դահլիճում, անընդհատ քննադատել, անընդհատ մերժել, ելնել հասարակությանը եւ ասել՝ ես ամեն ինչ արեցի, չստացվեց, ի՞նչ անեմ: Հիմա եթե լծակ լինի, շատ ավելի հեշտ դրանք կյանքի կկոչես, կամ եթե չես կոչելու, հասարակության համար շատ ավելի պատկերավոր կլինի, որ քո ասածներն ու արածներն իրար չեն համապատասխանում»:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների մասին: Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ, քանի որ պորտֆելի հարց ընդհանրապես չի քննարկվել. «Այս պահին չկա նման քննարկում, մենք ընդամենը խոսել ենք սահմանադրական փոփոխությունները կյանք դարձնելու նպատակով համագործակցության հնարավոր ձեւերի մասին: Որեւէ կոնկրետություն, թե դա ինչ ձեւով է արտահայտվելու՝ պորտֆելներով, մարզպետական լիազորություններով, այս պահին չկա: Բայց նաեւ բնական է, որ եթե դու ուզում ես ինչ-որ գործողություններ ձեռնարկել, պետք է լծակներ ունենաս: Այս պահին քանի դեռ դա չկա, ճիշտ չի այդ մասին խոսել: Ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որոնց համար ՀՅԴ-ն որպես կուսակցություն վտանգավոր է, որովհետեւ իրենք թիթեռի կյանք ունեն քաղաքական ասպարեզում, գալիս, թռչում, գնում են եւ ամեն անգամ ուզում են ինչ-որ մեկին կծեն, մեկին հարվածեն, որպեսզի ինչ-որ բան ստանան: ՀՅԴ-ն այդպիսին չի: Բոլորը հասկանում են, որ եթե ՀՅԴ-ն ստանձնեց այդ պատասխանատվությունը, ինքը գնում է, ՀՅԴ-ի մեխանիզմն աշխատում է: Բոլոր նրանք, ովքեր ՀՀ-ում իրենց ապագան չեն տեսնում, իրենք ՀՅԴ-ին քննադատում են: Բայց ես ուզում եմ նաեւ իրենց դիմել: Ի վերջո մարդիկ պետք է բարոյականություն էլ ունենան: Մինչեւ քննադատելդ, մինչեւ հարվածելդ՝ մի հատ հասկացիր գործողությունները, նոր քո տեսակետը ներկայացրու: Բայց սուտ, կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեսակետը հայտարարել վերին ճշմարտություն, նստել մամուլի ակումբում, հետաքրքիր տեսք ընդունել ու լինել դաշնակցականից ավելի դաշնակցական՝ այն դեպքում, երբ էությամբ մերժում ես ՀՅԴ-ի գաղափարախոսությունը, դա առնվազն, մեղմ ասած, ճիշտ չէ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031