Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորն ուսուցիչներին առաջարկում է «Ֆեյսբուք»-ով ակտիվ շփվել աշակերտների հետ (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 11:58

«Դասերը հետաձգելու մասին որոշումը շատ ճիշտ էր. կարողացանք շրջանցել հիվանդությունը: Հակառակ դեպքում կունենայինք դասեր, բայց մեծ թվով բացականեր: Այսինքն՝ կօգնեինք համաճարակին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Կրթության եւ գիտության նախարարության՝ դասերը հետաձգելու որոշման մասին, ասաց ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Նրա խոսքով՝ բաց թողած դասերը հնարավոր է լրացնել՝ կազմակերպված աշխատանքի շնորհիվ.  «Լավագույն ուսուցիչները պետք է կարողանան չափորոշիչային պահանջն ապահովել ճիշտ մեթոդիկա օգտագործելով: Նպատակը ժամը լրացնելը չէ, այլ այն, որ իրականացվի առարկայի չափորոշիչային պահանջը: Ուսուցիչները պետք է մի քիչ ավելի ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն, եւ վստահ եմ, որ աշակերտները թեմատիկ  բացթողումներ չեն ունենա»:

Ռուզաննա Մուրադյանն առաջարկում է  իրականացնել ուսուցիչների շարունակական վերապատրաստման ծրագիր.  «Այսօր շատ երկրներում ուսուցչին միայն առարկայի չափորոշիչն է տրվում՝ առանց ժամերի, դասագրքի, եւ ուսուցիչը կազմում է իր ծրագիրը, ժամաքանակը, որպեսզի վերջում տա այն արդյունքը, որը ամրագրված է ըստ չափորոշիչի: Եթե կարողանանք ուսուցչին ավելի շատ զինել եւ բաց թողնված ժամերի հետեւից չգնալ, կունենանք շոշափելի արդյունք»:

Բանախոսի համոզմամբ՝ անհրաժեշտ է նաեւ ուսուցիչների եւ աշակերտների համար առցանց դասընթացներ եւ սեմինարներ կազմակերպել. «Ֆեյսբուքում բավականին մեծ թվով ուսուցիչներ ակտիվ են եւ շփվում են աշակերտների հետ: Կարելի է  օգտագործել այդ հարթակը՝ գիտելիքները լրացնելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29