Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետն ու կրթության փորձագետը՝ «օրենքից դուրս» դպրոցի մասին

Փետրվար 03,2016 17:39

Երեւանի քաղաքապետարանի կայքում զետեղված է 2015 թ հաշվետվությունը, ըստ որի Երեւան քաղաքի 2015 թ բյուջեն եկամուտների գծով կազմել է 71,870,838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազար դրամ:

Հետաքրքիր է, որ Միջնակարգ կրթություն վերնագրի տակ բացի «Հանրակրթական ուսուցում», «Հատուկ կրթություն», «Ներառական կրթություն» տողերից, գրված է նաեւ «Երեկոյան կրթություն» դիմացն էլ` կոնկրետ ֆինանսավորում:

Քանի որ Հայաստանում երեկոյան կրթություն չի իրականացվում, Aravot.am-ը Երևանի քաղաքապետի՝ ֆինանսական գծով տեղակալ Վահե Նիկոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ երեկոյան կրթության մասին է խոսքը: Նա պնդեց, որ մեկ երեկոյան դպրոց, այնուամենայնիվ կա. «Դա պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագիր է, որը նույն կերպ արտացոլվում է Երեւան քաղաքի բյուջեում: Մենք՝ որպես պատվիրակված լիազորություն, պարտավոր ենք այդ թիվը դնենք մեր բյուջեում»: Պարզվեց՝ խոսքը Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող Կույրերի միջնակարգ երեկոյան դպրոցի մասին է:

Իսկ ինչո՞ւ այդ դպրոցի ֆինանսավորումը ներառված չէ Հատուկ կամ Ներառական կրթության տողում: «Հատուկ կրթությունը երեկոյան կրթություն չէ, սովորական կրթություն է՝ հատուկ երեխաների համար»,-պարզաբանեց փոխքաղաքապետը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչու է տողը կոչվում «Երեկոյան կրթություն», երբ իր հավաստմամբ, դասերն այնտեղ անցկացվում են ժամը 14-ից հետո՝ ցերեկը:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում, «օրենքից դուրս» որակեց այդ դպրոցը, ասելով, որ այն իր համար էլ է կասկածների տեղիք տվել: «Հանրակրթության մասին օրենքով» հանրակրթական ծրագրեր իրականացնող երեկոյան դպրոց Հայաստանում գոյություն չունի: Օրենքում հստակ գրված է, թե հանրակրթական ծրագրեր ո՞ր դպրոցներն են իրականացնում, եւ երեկոյան բառը բացակայում է»,-ասում է տիկին Բախշյանը: Նաեւ հավելում, որ անձամբ այցելել է նշյալ դպրոց:

«Փաստորեն այդ դպրոցը «օրենքից դուրս» դպրոց է եւ այդ դպրոցում իբր թե պետք է երեկոյան կրթություն ստանան տեսողական խնդիրներ ունեցող երեխաները, բայց քանի՞սն է այնտեղ այդպիսին, դժվարանում եմ ասել: 2015-ին դպրոցը 101 աշակերտ է ունեցել, ու հստակ էր, որ մեծամասնությունը ոչ մի առանձնահատուկ պայմանի կարիք չուներ եւ ընդամենը գնում են այնտեղ, որ ատեստատ ստանան»,-հայտնեց Անահիտ Բախշյանը: Նաեւ նշեց, թե ճանաչում է այդ դպրոցն ավարտած տեսողական խնդիր ունեցող մի տղայի, որը գոհ էր իր ստացած կրթությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29