Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Բենզինի 93%-ն այդ ի՞նչ արհեստական այրվող նյութեր են» (Տեսանյութ)

Փետրվար 15,2016 17:25

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանի՝ բենզինի գների վերաբերյալ պարզաբանմանը, ասաց, որ իր համար անհասկանալի են դրանք ու մի շարք հարցեր են առաջացնում:

Հիշեցնենք, որ երբ նավթի միջազգային գները բավականին նվազեցին, մեր երկրում բենզինի գինը մնաց անփոփոխ, կամ էլ չնչին նվազում նկատվեց: Այս առնչությամբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում  վստահեցրել էր, որ նավթի միջազգային գները բենզինի գների վրա էական ազդեցություն չունեն, քանի որ մեր երկիր ներմուծված բենզինում նավթի տեսակարար կշիռը 7-8%-է:

«Անհասկանալի է Շաբոյանի պարզաբանումը, որ նավթը բենզինի մեջ 7-8% է, բա մնացածն ի՞նչ է: Եթե դրանք արհեստական քիմիական նյութեր են, որոնք ուղղակի այրվող նյութեր են, ապա հարց է առաջանում ՝ որակն ո՞վ է ստուգում, ինչո՞ւ Հայաստանում բենզինի մեջ բնական նավթի պարունակությունը չի պահպանվում, ինչո՞ւ է արհեստական նյութերով ներկրված վառելիքը, որքանո՞վ է դա էկոլոգիական խնդիրներին առնչվում, եւ ինչպե՞ս են լուծվում էկոլոգիական խնդիրները», -ասաց Մակարյանը: Նրա ներկայացմամբ՝ երբ Հայաստանը 2014 թվականին GSP+ համակարգ ստացավ, 6400 ապրանքատեսակների համար էլ այն թարմացվեց, Եվրամիության եւ ՄԱԿ-ի մի շարք պահանջներ դրվեցին մեր երկրի առջեւ, այդ թվում նաեւ 27 կարեւոր կոնվենցիաները Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի. «Այդտեղ կան նաեւ էկոլոգիային առնչվող պահանջներ: Եթե էկոլոգիային ներկրված արհեստական վառելիքը, վստահ եմ, վնասում է, որովհետեւ չի կարող ընդերքից հանված բնական հումքին փոխարինող քիմիական բաղադրությամբ վառելիքը չվնասել շրջակա միջավայրը, հետեւաբար ինչո՞ւ 93%-ը արհեստական է այդ բենզինի: ՏՄՊՊՀ հանձնաժողովը թերի պատասխան է տալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, ՏՄՊՊՀ-ի այդ թերությունը գուցե բենզին ներկրող ընկերության սեփականատեր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի գործոնով է պայմանավորված, եւ Շաբոյանը նշել էր, որ բենզինի արժեքում մեծ են շատ հարկերի եւ տեղափոխման ծախսերը, արդյոք սա հավաստի պատասխան է, Մակարյանն ասաց. « Բնականաբար՝ ոչ: Տեսեք, երբ մեր վարորդները լիցքավորում են մեքենաները Վրաստանում կամ Ռուսաստանում, նրանք անմիջապես զգում են բարձր որակի վառելիքը՝ կալորիականությունը, նույն մեքենայով ավելի հեշտ են վերելքները հաղթահարում, արագություն բացում, շարժիչի աշխատանքը: Միայն հարկերը չեն, կամ խառնում են էժան բաներ, որով որակը գցում են: Էկոնոմիկայի նախարարության լաբորատորիան, որը պիտի հետեւի՝ չի հետեւում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29