Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ֆիլմեր են ընդգրկված Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում

Փետրվար 17,2016 15:12

Փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում 17.00-ին, 18.00-ին և 20.00-ին կցուցադրվեն բրիտանական յոթ ֆիլմ: Փետրվարի 20-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով:

Ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարուհի բրիտանական կինոյի և թատրոնի արդեն դասականի համարում ունեցող օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:

Շերլոկ Հոլմսի սիրահարների համար փետրվարի 21-ին կցուցադրվի «Միստր Հոլմս» ֆիլմը: Երիտասարդ և հմայիչ Հոլմսի կերպարի սիրահարներին անակնկալ է սպասվում: Այս ֆիլմում հայտնի խուզարկուն արդեն թոշակառու է, ինչը, սակայն, չի խանգարում, որպեսզի լուծում տա 50 տարի առաջ չբացահայտված գործին:

Ի՞նչ փորձությունների կարող է ենթարկվել ամուսնության 45-րդ տարին նշել պատրաստվող զույգը: Ծերունական տարիքում զգայական սիրո մասին պատմող «45 տարի» ֆիլմը համարվում է 2015 թվականի լավագույն կինոնկարներից մեկը: Այն արդեն մրցանակների է արժանացել Բեռլինի և Էդինբուրգի կինոփառատոններում, իսկ գլխավոր դերակատարուհին`Շառլոթ Ռեմփլինգը, առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Ֆիլմը Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի փետրվարի 22-ին:
Փետրվարի 23-ին և 24-ին կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր: Մեր օրերի տաղանդավոր երգչուհի Էմի Ուայնհաուսի և հեղափոխական դերասան Մառլոն Բրանդոյի մասին պատմող ֆիլմերն այս արվեստագետներին կներկայացնեն մինչ օրս երկրպագուներին անծանոթ տեսանկյունից: «Էմի» ֆիլմն առաջադրվել է Օսկար մրցանակի:

Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Ծովախեցգետին» ֆիլմը, արժանիորեն, ստացել է արտասովոր ու տարօրինակ ֆիլմերից մեկի կոչումը: Ֆիլմի հերոսը պետք է 45 օրվա ընթացքում գտնի համապատասխան կողակից, հակառակ դեպքում նա կվերածվի կենդանու: Այս ֆիլմը փառատոնի շրջանակում կցուցադրվի փետրվարի 25-ին:
Փառատոնը Երևանում կեզրափակվի «Լոնդոնյան ճանապարհ» մյուզիքլով: «Լոնդոնյան ճանապարհը» վերարտադրում է 2006 թ․ Սաֆոլքում տեղի ունեցած դեպքերը, երբ խաղաղ գավառական Իսփուիչ քաղաքը ցնցվեց հինգ կնոջ մարմինների հայտնաբերմամբ։ Այս ֆիլմում նկարահանվել են բրիտանական նորօրյա լավագույն դերասանները` Թոմ Հարդին և Օլիվիա Քոլմանը:

Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար: Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29