Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր Հայաստանն էլ կկանգնի ջրի դեֆիցիտի առաջ, ինչպես որ Արարատյան դաշտավայրն է այսօր կանգնել (Տեսանյութ)

Մարտ 22,2016 16:38

Եթե այսպես անխնա օգտագործենք, Հայաստանում էլ ջրի դեֆիցիտ կառաջանա, ինչպես այսօր առաջացել է Արարատյան դաշտավայրում: Ջրի համաշխարհային օրվա առիթով, այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հ/կ նախագահ Թրահել Վարդանյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը:

Aravot.am-ի հարցին, թե գուցե կառավարո՞ւմն է խնդիրը, որ մեր ջրային ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում, պարոն Վարդանյանը պատասխանեց, որ այսօր, իսկապես, կառավարումը խնդիր է. «Փաստաթղթային գրեթե բոլոր նորմերը կազմված են ջրային ռեսուրսների կառավարման ավազանի համար, մոդելներ են մշակվում, դրանց վրա ծախսվում են հսկայական գումարներ, բայց այսօր դրանք իրենց չեն արդարացնում: Կառավարման այդ մոտեցումը պետք է վերանայվի»:

Թրահել Վարդանյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Սիլվա Ադամյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր մի շարք գետերում թափվում է կենցաղային եւ շինարարական աղբ: Տիկին Ադամյանը, որպես օրինակ, նշեց  Հրազդան գետը, որի երկայնքով տեղակայված խրախճանքի օբյեկտներն իրենց աղբը լցնում են գետը. «Հանքարդյունաբերողների 80-90 տոկոսը արտանետումները լցնում են գետերը: Այդպիսի դեպքերը չեն նպաստում ջրային ռեսուրսների պաշտպանությանը»:

jur 1 jur 2

Տիկին Ադամյանն անդրադառնալով Արարատյան դաշտավայրի խորքային հորերում առաջացած ջրի դեֆիցիտին, ասաց, որ «ոչ պլանավորված սպառումն է բերել այդպիսի իրավիճակի»:

Նրա տվյալներով, այսօր աշխարհում 1,1 միլիարդ մարդու համար ջուրը հասանելի չէ, 2025 թվականին այդ թիվը կկազմի 5,3 միլիարդ. «Աֆրիկյան երկրներում երեխաների 60 տոկոսը չեն հաճախում դպրոց, որովհետեւ զբաղված են ջուր տեղափոխելով: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի հողերի դեգրադացման, կենսաբանական աշխարհի փոփոխությունների, տեսեք՝ տարի կա, որ ձնածածկ չենք ունենում»:
Պարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն հաշվարկներ, որ եթե կառավարման մոդելը չփոխենք ու շարունակենք ջրային ռեսուրսներն այդպես անխնա օգտագործել, Հայաստանը այսքան ժամանակ հետո կկանգնի ջրի դեֆիցիտի առաջ, ինչպես որ հիմա Արարատյան դաշտավայրում է:
«Այսօր ջրառը, պաշտոնական տվյալներով, կազմում է 2,9 միլիարդ խորանարդ մետր, այդքան մենք ջուր ենք վերցնում ջրավազաններից, որի մոտավորապես կեսը, մի քիչ պակաս, ստորերկրյա ջրերից են, մնացածը գետային հոսքն է: 2,9-ից մենք վերցնում ենք այդքանը, բայց միայն մեր գետային հոսքը կազմում է 6,5 միլիարդ խմ, այստեղ արդեն խնդիր է, կբավարարի՞ մեր ջրերով, թե չէ, իհարկե՝ կբավարարի, բայց դա չի նշանակում, որ տնտեսությունն այս մակարդակի վրա կմնա, բնակչությունը հենց այսքան կմնա, պահանջները գնալով շատ ու շատ բազմապատկվում են, դրան գումարած կլիմային գլոբալ փոփոխության հիմնախնդիրը, որտեղ կանխատեսվում է, որ դարի վերջում 24-25 տոկոսով ջրային ռեսուրսները կնվազեն, ապա այն ժամանակ մենք կարող է ունենանք խնդիր»:

 

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հրազդանի կիրճի լուսանկարները` «Բարեւ Երեւանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031