Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարացիները ևս աջակցում են Գյումրու անօթևան ընտանիքներին. «Շիրակ կենտրոն»

Մարտ 30,2016 17:05

Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացավ բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին: Միջոցառումը խորհրդանշական էր ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ միջոցառման մասնակիցները հիմնականում շվեյցարացիներ էին: Միջոցառմանը ներկա էր նաև Լուգանոյի քաղաքապետը, ով իր երախտագիտությունը հայտնեց Թերեզա Մխիթարյանին` ի նպաստ Գյումրի քաղաքի վերածննդի շվեյցարացիներին համախմբելու համար: Եվրոպայում ճանաչված շվեյցարացի ճարտարապետ, պրոֆեսոր Զնոտզին նաև խոստացավ աջակցել Գյումրու պատմամշակութային հուշարձաններով հարուստ կենտրոնի վերականգնման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներին: Իսկ շվեյցարացի մի խումբ բժիշկներ էլ իրենց ծառայությունն առաջարկեցին տնակներում ապրող երեխաների առողջական խնդիրների լուծմանը:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում բնակություն հաստատած, իտալացի բարերար, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոն, ով իր հետ բերել էր գյումրեցի կանանց ձեռքի աշխատանքները: Ներկայացրած աշխատանքները ուղղակի հիացրեցին շվեյցարացիներին: Հայաստանից ժամանած «Դոլմամա» ռեստորանային համալիրի տնօրեն Ժիրայր Ավանյանը, իր խոհարարական հմտություններով և հայկական ճաշատեսակների համ ու հոտով զարմացրեց օտարերկրացիներին: Բարեգործական ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարը կբավարարի մեկ բնակարանի ձեռք բերման համար:

Միջոցառման ավարտին Թերեզա Մխիթարյանը հատուկ շնորհակալական խոսք հղեց շվեյցարացի բարեկամներին, համայնքային ներկայացուցիչներին և հատկապես Լուգանոյի քաղաքապետին` մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հ.Գ. «Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին գյումրեցի անօթևան ընտանիքների հանդեպ ցուցաբերած Աստվածահաճո և մարդասիրական վերաբերմունքի համար:

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031