Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանահինի համալսարան-1050» հոբելյանին նվիրված քննարկում Լոռու մարզպետարանում

Մարտ 31,2016 15:05

Պատմագրությունը վկայում է, որ հայոց հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սանահինի համալսարանը հիմնվել է համանուն վանական համալիրում 966 թվականին Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով: Այն միջնադարյան Հայաստանի ամենահին ու նշանավոր ուսումնական և գրչության բարձրակարգ ուսումնական հաստատությունն է, ուր դասավանդել են ժամանակի հայտնի հոգևորականներ, գիտնական վարդապետներ: Հատկանշական է, որ հոգևորի հետ համահավասար այստեղ դասավանդվել են ժամանակակից աշխարհիկ գիտելիքներ:

Դեռևս մի քանի տարի առաջ Երևանի Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը հանդես բերեց հնամենի համալսարանի 1050- ամյակը 2016 թվականին մեծ շուքով նշելու նախաձեռնություն: Այդ առիթով բուն համալսարանում և նրա Ալավերդու մասնաճյուղում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, մամուլում, հրապարակային հանդիպումներում նախաձեռնության հեղինակները հանդես եկան հոդվածներով, հաղորդումներով:

Խնդրի առավել առարկայական քննարկման նպատակով մարտի 30-ին նախաձեռնող խմբի անդամները Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ ԳԿՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Մինաս Սայադյանը, Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, ուրիշներ: Շահագրգիռ քննարկման ընթացքում եղան բազմաթիվ առաջարկություններ նշանավոր կրթօջախի հոբելյանը արժանվույն նշելու, դրանում հնարավորինս առավել շատ ուսումնական, գիտական հաստատություններ ներառելու, համալսարանի դերն ու կարևորությունը հանրությանը իրազեկելու համար: Քննարկման մասնակիցները, կարևորելով հայ միջնադարյան կրթօջախի նշանակալի դերը համամարդկային կրթական համակարգում, համակարծիք էին, որ իրադարձությանը պետք է հաղորդել միջազգային հնչեղություն, հոբելյանական միջոցառումներին հրավիրել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրապետական միջոցառումներից զատ կազմակերպել նաև միջազգային գիտաժողովներ:

Նախաձեռնող խումբը հանձն առավ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմել հոբելյանական միջոցառումների համակողմանի ծրագիր: Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանձն առավ ծրագիրը ներկայացնել ՀՀ վարչապետին՝ հոբելյանական միջոցառումների իրականացման կառավարական հանձնաժողով կազմավորելոււ նպատակով: Նա նաև մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարական տվեց առաջիկա նոր ուսումնական տարվա մեկնարկին մարզի հանրակրթական դպրոցներում հատկացնել Սանահինի համալսարանի հոբելյանի արժևորմանը նվիրված լրացուցիչ դասաժամեր և կազմակերպել գիտաուսումնական միջոցառումներ:

Քննարկման արդյունքում հանդիպման մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ որոշվեց «Սանահինի համալսարան-1050» հոբելյանական եզրափակիչ միջոցառում անցկացնել հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

 

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031