Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ և հասցեավորված գնահատականն ու գործողությունները

Ապրիլ 04,2016 15:54

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն նամակով դիմում է․

·        Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերին

 

·        ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Նախագահ Իլկա Կաներվային

 

·        Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Ասամբլեայի Նախագահ Պեդրո Ագրամունտին

 

·        ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին

 

·        ԱՄՆ Կոնգրեսին և Սենատին

 

·         Եվրոպական Միության նախագահ Դոնալդ Տուսկին և Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին։

 

·        Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

 

·        Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանս» կուսակցությանը։

Ձերդ գերազանցություն,

Սույն թվականի ապրիլի 1-2-ը Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի մասշտաբներն ու մահաբեր վնասն աննախադեպ են սկսած 1994 թվականի զինադադարից: Կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ՝ ադրբեջանական զինված ուժերը իրենց հարձակումների գլխավոր թիրախ են ընտրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով սպանվել են քաղաքացիական անձինք, այդ թվում կին, երեխա, սեփական տան մեջ դաժանաբար խոշտանգվել և սպանվել են տարեց քաղաքացիներ: Այսպիսով` Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը:

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ զինված հարձակման միջոցով փորձում է քողարկել և հետին պլան մղել Ադրբեջանում ժողովորդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների աննախադեպ ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսական բարդույթները: Վերջինիս կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները և Ադրբեջանում հակահայկական պետական քարոզչությունը սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, վտանգում խաղաղ գործընթացը և առարկայաբար ավելացնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հարձակումների լայնածավալ բնույթն ու օգտագործված զինատեսակները՝ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքներում շարունակ ավելացող զոհերն ու ավերածությունները, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ձեր ուշադրությանն է հրավիրում Ադրբեջանին սանձելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը: Նկարագրված իրավիճակում խաղաղության պահպանմանը և զինված գործողություններից զերծ մնալուն ուղղված ընդհանրական ու չթիրախավորված հայտարարությունները նախադրյալներ են ստեղծում Ադրբեջանի նախագահի կողմից առավել ագրեսիվ հռետորաբանության տարածման և ռազմական գործողությունների սանձազերծման համար:

Ձերդ գերազանցություն,

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ և հասցեավորված գնահատականն ու համապատասխան գործողությունները` կոչ անելով.

ա) դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները,

բ) ընդունել և հետևողականորեն կյանքի կոչել թիրախային սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ղեկավարության Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արյունահեղությունը կանխելու և վերջնականապես բացառելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930