Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարգև Սրբազանը Ստեփանակերտի հոսպիտալից լուրեր է հայտնում

Ապրիլ 04,2016 21:44

Քիչ առաջ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հաղորդեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում յոթ վիրավոր զինվորների վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության: Միևնույն ժամանակ նշեց, որ հակառակորդը մեկին յոթով, մեկին ութով ավելի կորուստ է կրում: Սրբազանը տեղեկացրեց, որ ինքը հոգևորականների հետ այցելել է վիրավոր զինվորներին: Պարգև Սրբազանը նշեց, որ բոլոր վիրավորներն էլ մարտական ոգով են և սպասում են  մեկ ժամ շուտ ապաքինվեն, որ գնան ընկերներին միանան:

Մեր հարցին` ինչպիսի՞ն է ընդհանուր իրավիճակը Արցախում, ժողովրդի տրամադրվածությունը, Սրբազանը պատասխանեց. «Պատերազմ է, կանոնավոր պատերազմ: Ես հիացած եմ այդ զինվորներով, այս 18-19 տարեկան տղաները կատարյալ հերոսներ են: Շուտով երևի որոշ բաներ կլուսաբանվեն, թե ինչ հերոսություններ են արել այդ ջահելները, չքնաղ, արտակարգ սերունդ է, հիանալի տղաներ»:

Մեր հարցին` Երևանում  խոսակցություններ կան, թե այսօր-վաղը լավ լուրեր կլսենք, ի՞նչ զարգացումներ կլինեն, դեռ որքա՞ն կտևեն ռազմական այս գործողությունները, Պարգև Սրբազանը պատասխանեց. «Եթե երկու օրից զինադադար չեղավ, ուրեմն սա կարող է երկար տևել»:

Հետաքրքրվեցինք` ինչի՞ց է զինադադարն այս պահին  կախված, Սրբազանը պատասխանեց. «Կախված է Բաքվի վրա ճնշումներից: Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ մենք կարողանանք հզոր հարվածներ տալ: Փորձը ցույց է տալիս, որ եթե նա սկսում է պարտվել, սկսում է զինադադար խնդրել»:

Հարցին` շատերը կարծիք են հայտնում, թե սա լավ առիթ է հայկական դիրքերը սահմանում բարելավելու առումով, արդյոք Սրբազանն է՞լ է այդ կարծիքին, Պարգև Սրբազանը պատասխանեց. «Ասելը հեշտ է, անելն ուրիշ բան է: Իհարկե, ցանկությունները մեր մեծ են: Տեսնենք, առաջ Աստված, ես կարծում եմ, որ մենք իրենց առայժմ իրենց գծի վրա պիտի պահենք, որ իրենք մեկ սանտիմետր էլ առավելություն չունենան: Իսկ եթե շարունակեն, իհարկե, մենք էլ պիտի փորձենք առաջ գնալ, ո՞վ գիտի»:

Պարգև Սրբազանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախում ոգին մարտական է, նաև տեղեկացրեց, թե ԱՄՆ-ից, Ռուսաստանից զանգում ասում են, թե գալիս ենք, ինքն էլ ասում է` կարիքը չկա:

Մեր զրույցը Սրբազանն այսպես եզրափակեց. «Կարգին ազգ է սա, իսկ այս սերունդը, ջահելները փայլուն սերունդ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930